Մկանների կառուցվածքը և նշանակությունը
Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
Մարդն ունի ավելի քան \(600\) մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:
Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի \(1/3\)-ը, իսկ երեխաներինը՝ \(1/4\)-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի \(50\) %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։
Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։
Կմախքային մկանի կառուցվածքը
Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության:
Օրինակ
Աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև \(400\) կգ ծանրության։
Մկանների ֆունկցիան
տարածության մեջ, ջերմության առաջացումը։
Մկանների հիմնական խմբերը
Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։
Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։
Դիմախաղի մկաններ Ծամիչ մկաններ
Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին:
Օրինակ
Կրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։
Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։
Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից:
Որովայնի մկաններ Կրծքի մկաններ
Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը` (դերձակամկանը՝ մինչև \(50\) սմ):
Բազկի երկգլխանի մկաններ Բազկի եռագլուխ մկաններ
Մատները ծալող մկաններ Դերձակամկաններ
Ազդրի երկգլուխ մկան
Քառագլուխ մկան
Մարդու յուրաքանչյուր շարժում իրականանում է հակադիր ներգործող երկու խումբ մկանների՝ ծալող և պարզող, համաձայնեցված գործունեությամբ: Անընդհատ, առանց հանգստի ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանի աշխատունակությունն աստիճանաբար փոքրանում է:
Աշխատունակության ժամանակավոր նվազումը, որն առաջանում է երկարատև աշխատանքի ընթացքում, կոչվում է հոգնածություն:
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992
Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան, Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
Կենսաբանություն: Մարդ: Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000