Մարդու կմախքը
Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ \(220\) ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը:
 
Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:
Image_1119.jpg
Գլխի կմախքը (գանգ)
Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։
Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։
Գլխի կմախքը կազմված է ուղեղային (գանգատուփ) և դիմային բաժիններից։
Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։
Դրանք են զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերը, կենտ ճակատոսկրը և ծոծրակոսկրը։
Գանգատուփը զետեղարան է գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության օրգանների համար։
 
BiologiyaMishuk-85.jpg
Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրերից, որոնցից են՝ այտոսկրերը, քթոսկրերը, արցունքոսկրերը, վերին և ստորին ծնոտները։
Ամենախոշորները վերին և ստորին ծնոտներն են։ Նրանց վրա կան ատամնաբներ, որտեղ տեղավորված են ատամների արմատները։ 
 
Ուշադրություն
Ստորին ծնոտը գանգի միակ շարժուն ոսկրն է, որը հոդավորվում է քունքոսկրերին։
Իրանի կմախք
 
2fa8c120eac0fa42ef19e3cfa015ba16.gif
 
Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։
 
Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության \(40\) %-ն է կազմում։ Այն կազմված է \(33-34\) ողերից։ Վերջին \(9-10\) ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են \(5\) հատված՝ պարանոցային (\(7\) ող), կրծքային (\(12\) ող), գոտկային (\(5\) ող), սրբանային (\(5\) սերտաճած ող), պոչուկային (\(4-5\) սերտաճած ող)։
 
Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային առաջին և երկրորդ ողերի, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։ Մարմնի և աղեղի միջև գտնվում է ողնանցքը։ Ողերը տեղավորված են մեկը մյուսի վրա, ուստի ողնանցքերը միանալով կազմում են ողնաշարային խողովակ, ուր գտնվում է ողնուղեղը։ Ողների մարմիններն իրար միացած են կիսաշարժուն՝ առաձգական աճառահյուսվածքի միջնաշերտով, որն ապահովում է ողնաշարի ճկունությունը։
 
stroeniepozvonkov.jpg
 
Ողնաշարն ունի \(4\) կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։
 
clip_image001.jpg
 
Կրծքային ողերը, \(12\) զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։
 
Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին \(10\) զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին \(2\) զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։
 
grudnaja-kletka01.jpg
 
Ուշադրություն
Կրծքավանդակը պաշտպանում է նրանում տեղակայված սիրտը, թոքերը, խոշոր անոթներն վնասվածքներից:
Վերին վերջույթների կմախքը
 
Վերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։
Ուսագոտու ոսկրերն են զույգ անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթները շարժուն միանում են իրանին։
 
Թիակը եռակյունաձև տափակ ոսկր է, ունի հոդափոս, որին հոդավորվում է բազուկոսկրի գլխիկը։ Թիակները գտնվում են կրծքավանդակի հետին մակերեսին և մկաններով միացած են կողերին ու ողնաշարին։ Անրակը միջին չափի \(S\)-աձև տափակ, ծռված ոսկր է, մի ծայրով միացած է թիակին, իսկ մյուսով՝ կրծոսկրին։
 
i.jpg
 
Վերին ազատ վերջույթի կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Բազկոսկրը կենտ ոսկր է, ստորին ծայրով հոդավորված է նախաբազկին։ Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։ Դաստակի կարճ խողովակավոր ոսկրերը կազմում են ափը և հենարան են մատոսկրերին։
 
Ստորին վերջույթների կմախքը
 
FEMALE_bones_white_00016 copy.jpg
Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։
Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Յուրաքանչյուր կոնքոսկր առաջացել է երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։
 
Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում առջևից գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։
 
i (1).jpg
 
Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը:
 
Մարդու կմախքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար դիտիր այս տեսանյութը:
 
Աղբյուրները
Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին «Մարդու անատոմիա։ 2 հատորով», Երևան, Լույս 1992
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ  2014.
Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000