Առաջին օգնությունը կապանների ձգման, հոդախախտումների և կոտրվածքների դեպքում
Հաճախ ոչ ճիշտ շարժումների կամ վնասվածքների դեպքում, երբ հոդում ոսկրերի տեղաշարժը թույլատրելի սահմանից մեծ է, կարող են վնասվել ոսկրերը միացնող կապանները (ջլերը)։ 
 
Վնասված հոդի շրջանում ոտքը այտուցվում է, առաջանում է ուժեղ ցավ, որը հաճախ ուղեկցվում է արյունատար անոթների վնասումով և արյունազեղումով։ Հոդի նման վնասվածքը կոչվում է պրկում։
 
 krovopodtek-na-golenostope.jpg
 
Տուժածին օգնություն ցույց տալու համար վնասված տեղին են դնում սառը թրջոց կամ սառույցով պարկ։ Սառնությունը մեղմացնում է ցավը, կանխում այտուցի առաջացումը։ Այնուհետև հոդը երիզապատում են և տուժածին տեղափոխում բժշկական հիմնարկ։
 
injury-t4x.jpg
 
Հոդախախտում
Հոդախախտումը ոսկրերի հոդային ծայրերի լրիվ կամ մասնակի տեղաշարժն է։
Հոդախախտման պատճառ կարող են լինել նաև հոդի բնականոն շարժումներից դուրս  կատարվող շարժումները, ինչպես նաև հոդին հասցված ուժեղ հարվածը։
 
 vosstanovlenie-posle-vyviha-plechevogo-sustava-25_2_1.jpg
 
 Հոդախախտման դեպքում առաջանում է հոդապարկի թաղանթի պատռվածք, կապանների, ջլերի, մկանների, նյարդերի և արյունատար անոթների վնասում։ Վնասված հոդի ցավը մեղմացնելու նպատակով դնել սառույցով կամ ջրով պարկ, ապահովել հոդի հանգիստ վիճակը և տուժածին տանել բժշկի։
Կոտրվածք
Կոտրվածքը ոսկրի անատոմիական ամբողջության խախտումն է։
Չնայած ոսկրերը շատ ամուր են, սակայն վայր ընկնելիս, ուժեղ հարվածներից, ոլորվելուց կոտրվում են։
Կոտրվածքները լինում են բաց և փակ, լրիվ և մասնակի։
zakr-perelom-2.jpg
 
Բաց կոտրվածքի դեպքում կոտրված ոսկրի սուր եզրերը վնասում են մկանները, արյունատար անոթները, նյարդերը, մաշկը, առաջանում է արյունահոսություն։ Կոտրված հատվածում առաջանում է ուժեղ ցավ, շարժունության խանգարում։ Արյունահոսությունը դադարեցնելու և վերքն աղտոտվելուց պահպանելու համար դնել ճնշող, վարակազերծ վիրակապ։ Այնուհետև վերջույթն անշարժացնել ձեռքի տակ եղած միջոցներով։
 
i (1).jpgpervaja-pomoshh-pri-perelomah-konechnostej-283x300.jpg
 
Ստվարաթղթից, տախտակից, ճյուղերից պատրաստել բեկակալ, այն վերջույթի հետ ամուր փաթաթել սրբիչով կամ թաշկինակով։ Բեկակալը պետք է գտնվի ոչ միայն վնասված, այլև հարևան տեղամասերում, որպեսզի կոտրված ոսկրի ծայրերը չտեղաշարժվեն։ Կրծքավանդակի ոսկրերի կոտրվածքի դեպքում բեկակալ չեն դնում։
 
75dbca834704ed254e38c90e5d4a78688cc2aebb.jpg
 
Կողոսկրերի կոտրվածքի դեպքում խորհուրդ է տրվում հնարավորին չափով ուժեղ արտաշնչել և ոչ խոր ներշնչել։ Կրծքավանդակի այդպիսի դիրքում այն պետք է ամուր երիզակապել։
 
Հատկապես վտանգավոր են ողնաշարի և գանգի ոսկրերի կոտրվածքները։ Նման դեպքերում պետք չէ տուժածին ինքնուրույն օգնություն ցույց տալ։ Անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել։
 
 imob_gol.png
 
Եթե հնարավոր չէ այդ անել, ապա տուժածին շատ զգուշությամբ պառկեցնել հարթ և ամուր մակերեսի վրա (տախտակ, ստվարաթուղթ), գլխի և բազկի տակ դնել կտորից փաթեթ և տեղափոխել բժշկական հիմնարկ։ Գանգի վնասվածքների դեպքում ներգանգային արյունազեղումից խուսափելու նպատակով գլուխը քիչ բարձրացնել և անհապաղ բժիշկ կանչել։
 
131.jpg
Աղբյուրները
«Կենսաբանություն. Մարդ»: Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,:Երևան, Տիգրան Մեծ  2014.
«Կենսաբանություն. Մարդ»:Ս.մինասյան,Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան:Երևան, Մակմիլան Արմենիա 2000.