Բնակչության սեռատարիքային կազմ: Աշխատանքային ռեսուրսներ
Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ
Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում \(100\) նորածին աղջկա հաշվով ծնվում է \(105-106\) տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ժողովրդագրական քաղաքականությունը ևս ազդում է բնակչության սեռային կազմի վրա: Օր.՝ Չինաստանի և Հնդկաստանի վարած ժողովրդագրական քաղաքականության հետևանքով բնակչության մեջ գերակշռում է տղամարդկանց թիվը:
Ներկայումս ամբողջ աշխարհում տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին:
Բնակչության տարիքային կազմը (կառուցվածքը) բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:
Ուշադրություն
Զարգացող երկրներին բնորոշ է լայն հիմքով և նեղ գագաթով, իսկ զարգացած երկրներին՝ նեղ հիմքով, համեմատաբար լայն միջնամասով ու գագաթով բուրգ:
Ներկայացված են Աֆղանստանի (զարգացող) և Մեծ Բրիտանիայի (զարգացած) սեռատարիքային բուրգերը (\(2014\) թ.):
Բնակչության ծերացումը բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ \(60\)-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է: Աշխարհի «ամենաերկարակյաց» ժողովուրդը ճապոնացիներն են (\(28\)%), ապա` իտալացիները (\(26\)%), գերմանացիները (\(25\)%), իսկ «ամենաերիտասարդը»՝ Միացյալ Արաբական Ամիրայությունների (\(2\)%) և Քուվեյթի (\(3\)%) ժողովուրդներն են: ՀՀ-ում \(60\)-ից բարձր տարիք ունի բնակչության \(14\)%-ը:
Նկարում պատկերված են տարբեր երկրներին բնորոշ սեռատարիքային բուրգերի օրինակներ՝ հաշվի առնելով նրանց տնտեսական զարգացման մակարդակը:
Աշխատանքային ռեսուրսներ
Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի (հիմնականում \(15 - 65\) տարեկան) մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահասակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտելիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնագավառում։
Աշխատանքային ռեսուրսները չափվում ու գնահատվում են ոչ միայն քանակով, այլև որակով։ Աշխատանքային ռեսուրսների որակը որոշվում է մարդկանց կրթական մակարդակով և մասնագիտական կարողություններով։
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ», 1999
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,2013, Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008 https://en.wikipedia.org/wiki/Population_pyramid
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,2013, Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008 https://en.wikipedia.org/wiki/Population_pyramid