Ազգային կազմ: Լեզվական կազմ
Ազգային կազմը: Ազգերի ձուլումը: Լեզվական կազմ: Լեզվաընտանիքներ: Լեզվախմբեր
Ազգային կազմը: Աշխարհում հաշվվում է շուրջ \(3-4\) հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ։
Ուշադրություն
Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։
Տարբեր երկրների բնակիչները տարբերվում են անգամ ազգային հագուստով՝ տարազով:
Հայկական տարազներ
Ազգերը զարգացման ամենաբարձր աստիճանին հասած էթնոսներն են:
Աշխարհառչակ մարդիկ, ովքեր հանդիսանում են որևէ ազգի հպարտությունը
Մոնթե Մելքոնյան (հայ) | Աբրահամ Լինկոլն(ամերիկացի) |
Սոֆի Լորեն (իտալացի) | Մարգարետ Թետչեր (անգլիացի) |
Տարբերում են միազգ, երկազգ և բազմազգ պետություններ՝ հաշվի առնելով այն, թե նրանց բնակչության ընդհանուր թվաքանակում ո՞ր ազգն է գերակշռում:
Եթե տվյալ պետության բնակչության հիմնական մասը պատկանում է միևնույն ազգին, ապա այդ պետությունն ունի միատարր ազգային կազմ և համարվում է միազգ պետություն (օր.՝ Հայաստան, Ճապոնիա):
Եթե տվյալ պետության հիմնական մասը պատկանում է հիմնականում երկու ազգերի ներկայացուցիչների, ապա այն համարվում է երկազգ պետություն (օր.՝ Բելգիան):
Եթե տվյալ պետության բնակչությունն աչքի է ընկնում խայտաբղետ ազգային կազմով, ապրում են նույնիսկ տասնյակ ժողովուրդներ, ապա այդ պետությունը համարվում է բազմազգ (օր.՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, ԱՄՆ և այն):
Ազգերի ձուլումը (ուծացումը կամ ասիմիլյացիան) մի ազգի մեջ մյուս ազգերի ներկայացուցիչների ձուլումն է՝ առաջինի լեզուն, մշակույթը և ազգային սովորույթները յուրացնելու միջոցով կամ որևէ ազգի տարրալուծումն է այլ ազգերի մեջ:
Ուշադրություն
Կարևոր է հիշել բոլոր մարդկանց հավասար լինելու մասին՝ անկախ նրանց ազգային, լեզվական, կրոնական, ռասսայական կամ այլ առանձնահատկություններից:
Լեզվական կազմ
Աշխարհի լեզուներն ունեն հեռավոր և մոտ ընդհանրություններ, որոնք պայմանավորված են այդ լեզուները կրող ժողովուրդների պատմական ծագմամբ (արյունակցությամբ)։ Այս հատկանիշի հիման վրա աշխարհի լեզուները միավորվում են \(15\) խոշոր և \(7\) փոքր լեզվաընտանիքների մեջ։ Ամենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չինտիբեթական լեզվաընտանիքը, որի մեջ մտնող լեզուներով խոսում է աշխարհի բնակչության ավելի քան \(20\) %-ը։
Ուշադրություն
Մեր մայրենին՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հայկական լեզվախմբին:
Ավելի փոքր, բայց բավական տարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։
Ամեն լեզվաընտանիք իր հերթին բաժանվում է ավելի փոքր խմբերի` լեզվախմբերի, որոնք էլ, իրենց հերթին, բաղկացած են առանձին լեզուներից։
Օրինակ
Սլավոնական լեզվախմբին են պատկանում ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, ռոմանական լեզվախմբին՝ իտալացիները, պորտուգալացիները, իսպանացիները, ֆրանսիացիները, իսկ գերմանական լեզվախմբին՝ գերմանացիները, անգլիացիները, դանիացիները, շվեդները:
Խոսողների թվով աշխարհում առաջին տեղում չինարենն է (ավելի քան \(1,3\) մլրդ մարդ):
Հայերեն «բարև» բառի թարգմանությունը տարբեր լեզուներ (իտալերեն, իսպաներեն, գերմաներերն, ռուսերեն և այլն):
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008 https://www.hayagitaran.am/2014/04/id-4415.html
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,\(2013\), Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008 https://www.hayagitaran.am/2014/04/id-4415.html