Ինչպես գիտեք, ԻմԴպրոց կրթական կայքը 2015 թվականից սկսեց իր գործունեությունը ՀՀ-ում։ Կարող ենք փաստել, որ հասարակության լայն շերտեր անընդունելի էին համարում կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների դիտարկումը միևնույն հարթությունում։ Հաճախ ԻմԴպրոց թիմի և ուսումնական հաստատությունների հետ հնարավոր համագործակցության շուրջ բանակցությունները ավարտվում էին նույնիսկ առանց ԻմԴպրոց կայքը ներկայացնելու։ Իսկ եթե քննարկումները հասնում էին ԻմԴպրոցին, ապա ուսուցիչների մեծ մասը ՏՀՏ-ի կիրառումը համարում էր հավելյալ աշխատանք, ծանրաբեռնվածություն թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Բայց, ի ուրախություն բոլորիս, ոլորտում կային ուսուցիչներ՝ բնույթով մանկավարժներ, ովքեր, դեմ գնալով ստեղծված կարծրատիպերին, անուշադրության մատնելով առաջին հայացքից անհաղթահարելի թվացող խոչընդոտները, հոսանքին հակառակ քայլելով, դարձան առաջամարտիկներ, կարողացան տեղեկատվական տեխնոլոգիաները մտցնել կրթություն և ձևավորել մի նոր արժեհամակարգ։
Մեր մանկավարժները կարողացան տեսնել համաշխարհային կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները, փնտրեցին, գտան համապատասխան հարթակներ և սեփական փորձով ապացուցեցին հակառակը՝ ՏՀՏ-ն արդեն կրթության անբաժանելի մաս է։ Նրանք ապացուցեցին, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել՝ ուսումնառությունը դարձնելով ավելի ինտերակտիվ, որակյալ և արդիական կրթության հրամայական։
ԻմԴպրոց թիմը քննարկման էր հրավիրել 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ընթացքում հարթակը ամենաակտիվը կիրառած ուսուցիչներին։Հանդիպման մասնակիցները փաստեցին, որ ԻմԴպրոցը ժամանակակից կրթական համակարգում անչափ գործունակ միջոց է։ Այն «ստիպում» է սովորողներին ակտիվորեն մխրճվել ուսումնական գործընթացում, խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների առավել ընդգրկուն ընկալման, բարձրացնել առաջադիմությունը և հետաքրքրվածությունը, ստեղծել յուրաքանչյուրի համար անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան պայմաններ, ինչպես նաև կիրառել ժամանակակից ուսուցման, գնահատման ու ինքնագնահատման մեթոդները:
Այս մասին են վկայում կայքն ուսումնական գործընթացում իրապես կիրառող ուսուցիչները։ ԻմԴպրոցով աշխատող մասնագետները վստահ են, որ ուսուցման այս ձևն ամենագրավիչն է աշակերտների համար։
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում։Մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, բարեփոխումները, կատարվեց փորձի փոխանակում, ինչպես նաև մանկավարժները ծանոթացան միմյանց հետ, ինչը ևս նոր համագործակցությունների սկիզբ է։
Ներկա ուսուցիչներն ԻմԴպրոցի կողմից ստացան շնորհակալագրեր՝ ՀՀ կրթական ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման անփոխարինելի ավանդի համար։
ԻմԴպրոցի թիմը շնորհակալություն է հայտնում բոլոր ներկաներին հրավերն ընդունելու համար, և քանի որ կայքը կիրառող ուսուցիչները շատ են, հավաստիացնում է, որ նման հանդիպումներ առաջիկայում ևս կլինեն, չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցչի կարծիք մեզ համար շատ կարևոր է։