Երեկ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի նախաձեռնությամբ, Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել հանդիպում ԻմԴպրոց կրթական կայքի գործադիր տնօրեն Գոռ Այվազյանի, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի, նշված դպրոցի տնօրեն Կարեն Սիմոնյանի և Աշտարակ համայնքի 34 դպրոցի տնօրենների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության որակի բարձրացմանը, ուսումնական գործընթացում նորարարական մեթոդների և կրթական տեխնոլոգիաների կիրառմանը վերաբերող մի շարք հարցեր։
ԻմԴպրոց կայքի գործադիր տնօրեն Գոռ Այվազյանը ներկաներին ծանոթացրել է ԻմԴպրոց կրթական կայքի գործառույթներին և նրա ընձեռած հնարավորություններին՝ շեշտադրելով կայքի արդիական, ճկուն և նպատակային լինելը։ Ներկայացվել են ԻմԴպրոցի ընթացիկ գործունեությունը, իրականացրած միջոցառումները, գրանցած հաջողությունները և ապագա անելիքները:
Քննարկվել են նաև ԻմԴպրոց կայքի կողմից կազմակերպված մաթեմատիկայի Համադպրոցական և Համադասարանային մրցույթի մանրամասները։
Պարոն Այվազյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին ջերմ ընդունելության և կառուցողական քննարկման, ինչպես նաև մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանին՝ աշխատանքները համակարգելու և պատշաճ իրականացնելու համար։
Ներկաները վստահություն են հայտնել կայքի գործունեությանը, նրա՝ որակյալ կրթություն ապահովելու և նորարարական մեթոդները խթանելու կարևորությանը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն սկսել ակտիվ համագործակցություն Աշտարակ համայնքի բոլոր դպրոցների հետ, նրանց ուսուցիչների համար անցկացնել վերապատրաստումներ և ներգրավել ԻմԴպրոցի կողմից կազմակերպվող մրցույթներին և միջոցառումներին։