Հալոգենների քիմիական ակտիվությունը:
Ատոմային համարի և ատոմի շառավղի մեծացման հետ հալոգենների օքսիդացնող հատկությունը փոքրանում է:
Յուրաքանչյուր հալոգեն իր պարբերությունում ամենաուժեղ օքսիդացնողն է, որը հստակ դրսևորվում է մետաղների և հալոգենների փոխազդեցության ժամանակ:
Այսպես, ֆտորը սովորական պայմաններում փոխազդում է մետաղների մեծ մասի, իսկ տաքացման պայմաններում` նույնիսկ ազնիվ մետաղների` արծաթի, ոսկու, պլատինի հետ:
Ալյումինը և ցինկը ֆտորի մթնոլորտում բոցավառվում են.
Մյուս հալոգենների և մետաղների փոխազդեցությունն ընթանում է տաքացման պայմաններում:
Օրինակ՝
Պղինձը քլորի և բրոմի հետ փոխազդելիս առաջանում է պղնձի\((II)\) հալոգենիդ, իսկ յոդի հետ առաջանում է միայն պղնձի\((I)\) յոդիդ` \(CuI:\)
Պղնձի և քլորի փոխազդեցությունը
Նախապես տաքացրած մանրացված ծարիրի բյուրեղները քլոր պարունակող անոթի մեջ մտցնելիս այրվում են հրավառության նման:
Ծարիրի այրվելը քլորում
Քանի որ կարգաթվի մեծացման հետ հալոգենների օքսիդացնող ուժը թուլանում է, ուստի յուրաքանչյուր հալոգեն իր հաջորդներին դուրս է մղում մետաղի կամ ջրածնի հետ առաջացրած միացությունների ջրային լուծույթներից (այս ռեակցիաներից էլ օգտվելով` ստանում են բրոմ և յոդ տարրերը).
Օրինակ՝
Ֆտորի համար այս ռեակցիան բնութագրական չէ, քանի որ այն ընթանում է լուծույթում, իսկ ֆտորի միջավայրում ջուրն այրվում է.
Ֆտորի միջավայրում ջրի այրվելը
Այսպիսով, ֆտորը միայն օքսիդացնող է` բոլոր տարրերից առավել ուժեղը: Մյուս հալոգենները, իրենց միացող տարրի էլեկտրաբացասականությունից կախված, դրսևորում են նաև վերականգնող հատկություններ` միացություններում ցուցաբերելով դրական օքսիդացման աստիճան: Դրա ցայտուն օրինակներն են հալոգենների թթվածնային միացությունները:
Ինչպես արդեն նշվել է, հալոգենները թթվածնի հետ անմիջականորեն չեն փոխազդում, և հալոգենների ու թթվածնի միացությունները ստացվում են անուղղակի ճանապարհով: Ֆտորից բացի բոլոր հալոգեններն առաջացնում են օքսիդներ, որոնցում հալոգենները դրսևորում են \(+1\)-ից \(+7\) օքսիդացման աստիճաններ:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015