Ածխածնի օքսիդները
Ածխածնի (II) օքսիդում ածխածնի ու թթվածնի ատոմները միմյանց կապված են երեք ընդհանուր էլեկտրոնային զույգով, որոնցից երկուսն առաջացել են փոխանակային (չզույգված էլեկտրոնների զույգմամբ), իսկ մեկը` դոնորակցեպտորային մեխանիզմով:
Ածխածնի \((II)\) օքսիդը (շմոլագազը) օդից փոքր ինչ թեթև գազ է. գույն, հոտ ու համ չունի, ջրում գրեթե չի լուծվում և ջրի հետ չի փոխազդում: Անտարբեր (աղ չառաջացնող) օքսիդ է:
Ուշադրություն
Անգամ փոքր քանակներով այդ գազը շնչելը խիստ թունավոր է և կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:
Ածխածնի \((II)\) օքսիդը ստացվում է ածխի, ինչպես նաև այլ պինդ, հեղուկ ու գազային վառելանյութերի թերայրման հետևանքով:
Ածխածնի \((IV)\) օքսիդը, շիկացած ածխի հաստ շերտի միջով անցնելով, փոխազդում է վերջինիս հետ` առաջացնելով ածխածնի \((II)\) օքսիդ:
Մեծ քանակությամբ ածխածնի \((II)\) օքսիդ են պարունակում ավտոմեքենաների ներքին այրման շարժիչներից արտանետվող գազերը:
Ածխածնի \((II)\) օքսիդը, թունավոր լինելով հանդերձ, մեծ կիրառություն ունի քիմիական արդյունաբերության մեջ ու տնտեսության տարբեր բնագավառներում:
Այդ գազն այրելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, ուստի այն երբեմն կիրառվում է որպես գազային վառելանյութ:
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015