Վերարտադրողական համակարգի օրգանները: Սեռական բջիջների առաջացումը
Կյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների` իրենց նմաններին վերարտադրելու հատկությունն է: Դա իրականանում է բազմացման միջոցով: Գոյություն ունի բազմացման \(2\) հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական:
Բազմացման առավել կատարյալ եղանակը սեռական բազմացումն է, որին մասնակցում են երկու՝ արական և իգական առանձնյակներ: Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ, իգականում` ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ:
Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ, որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ:
Արական սեռական համակարգ:
Արական սեռական համակարգի օրգաններն են զույգ սերմնարանները (ամորձիները), զույգ սերմնածորանները, սերմնաբշտիկները, շագանակագեղձը (պրոստատ) և առնանդամը:
Սերմնարաններն օվալաձև են, ունեն \(3-5\) սմ երկարություն և \(13-30\) գ զանգված: Դրանք տեղակայված են ամորձապարկում և կազմված են ոլորուն խողովակներից, որոնցում առաջանում են արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները:
Սերմնարաններում սինթեզվում են նաև արական սեռական հորմոններ, որոնք ազդում են սեռական համակարգի օրգանների և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորման վրա:
Սերմնաբշտիկները և շագանակագեղձը (իր անունը ստացել է շագանակի տեսք ունենալու համար) մշակում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդներին, ձևավորում է սպերման:
Ուշադրություն
\(1\) սմ³ սպերմայում կա \(20-60\) միլիոն սպերմատոզոիդ:
Յուրաքանչյուր սպերմատոզոիդ ունի գլխիկ, վզիկ և պոչ, որով նա շարժվում է: Սպերմատոզոիդները սերմնատար խողովակներով դուրս են գալիս ամորձապարկից, մտնում որովայնի խոռոչ, ապա բացվում սեռական անդամի միջով անցնող միզանցքը: Սպերման հեռացվում է վերջինիս միջոցով:
Իգական սեռական համակարգ:
Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը:
Ձվարանները զույգ խառը գեղձեր են, որոնք ունեն \(3-4\) սմ երկարություն և \(6-7\) գ զանգված: Ձվարաններում առաջանում են ձվաբջիջները և իգական սեռական հորմոնները:
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է, որի խոռոչը պատված է լորձաթաղանթով: Խոռոչում զարգանում է պտուղը, ապահովվում է նրա զարգացումն ու պաշտպանումը: Արգանդի ստորին մասը՝ վզիկը, տեղադրված է հեշտոցում:
Հեշտոցի մուտքը շրջապատված է մաշկային ծալքերով՝ սեռական շուրթերով և ծածկված է շարակցահյուսվածքային թաղանթով (կուսաթաղանթ):
Ձվարաններում պարբերաբար հասունանում են սեռական բջիջները: Նորածին աղջկա ձվարաններում արդեն կա \(400.000\) չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են \(300-500\)-ը: Մնացացծներն ապաճում են (հետ են զարգանում):
Սեռահասուն օրգանիզմում յուրաքանչյուր ամիս պարբերաբար ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ պարունակող փոքր բշտիկ՝ ֆոլիկուլ: Ձվաբջջի հասունանալուց հետո ֆոլիկուլը պատռվում է, ձվաբջիջը դուրս է գալիս, կատարվում է ձվազատում, ապա արտամղված ձվաբջիջն ընկնում է ձվատար խողովակ՝ արգանդափող, որտեղ ավարտվում է նրա հասունացումը: Ձվազատումից մոտ \(12-14\) օր անց ձվաբջիջն ընկնում է արգանդի խոռոչ:
Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, առաջացած սաղմը կպչում է արգանդի պատին: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա օրեր անց արգանդի լորձաթաղանթի հետ միասին պոկվում, հեռանում է: Գործընթացը ուղեկցվում է ոչ մեծ քանակի արյունահոսությամբ: Այդ երևույթը կոչվում է դաշտան (մենստրուացիա): Այն տևում է \(3-4\) օր և կրկնվում է \(28\) օր հետո:
Տղայի և աղջկա սեռական հասունացման առանձնահատկությունները: Սեռական հասունացման շրջանում սեռական հորմոնների ազդեցությամբ զարգանում են երկրորդային սեռական հատկանիշները:
Աղջիկների սեռական առանձնահատկություններն են. մարմնի զանգվածը և հասակը զգալիորեն ավելանում են, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, մեծանում է մարմնի քրտնարտադրությունը, թևատակերում (անութափոսերում) մազեր են աճում, կրծքագեղձերն աստիճանաբար մեծանում են, լայնանում են կոնքերը և սկսվում է դաշտանը: Այդ հատկանիշները դրսևորվում են \(9-11\) տարեկան հասակում:
Տղաների սեռական հասունացումն սկսվում է \(10-12\) տարեկանում և բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով. մեծանում են արական սեռական օրգանները, իրենք դառնում են ավելի թիկնեղ, մազակալում են անութափոսերը և ոտքերը, դեմքը, ձայնը կոշտանում է, պարանոցի առջևի մասում արտահայտվում է «ադամախնձորը» (վահանաճառ) և սկսվում է սերմնարտադրություն:
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան, Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան ,Ծ.Մինասյան, Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին, Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008