Սեռավարակները և դրանց կանխարգելումը
Ներկայումս սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների քանակն անընդհատ աճում է: Դրանց թիվն անցնում է քսանից:
Ուշադրություն
Առավել վտանգավոր են ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ), հեպատիտ \(B\)-ն, սիֆիլիսը և գոնորեան:
ՁԻԱՀ-ի կամ Ձեռքբերովի Իմունային Անբավարարության Համախտանիշի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ), որն ախտահարում է լիմֆոցիտները: Դրա հետևանքով օրգանիզմը դառնում է խիստ զգայուն նույնիսկ այնպիսի մանրէների հանդեպ, որոնք առողջ մարդկանց մոտ չեն կարող առաջացնել հիվանդություն:
Ուշադրություն
ՁԻԱՀ-ով մարդը կարող է վարակվել.
\(1\). Սեռական ճանապարհով:
\(2\). Արյան միջոցով և նույնիսկ արյան փոխներարկման ժամանակ չախտահանված ներարկիչների, գործիքների միջոցով:
\(3\). Նորածին երեխան կարող է վարակվել հիվանդ մորից:
Հեպատիտ \(B\)-ի վիրուսը նույնպես կարող է փոխանցվել սեռական ճանապարհով և արյան միջոցով: Այն առաջացնում է լյարդի ծանր ախտահարում՝ դեղնախտ և հաճախ մահվան պատճառ է դառնում:
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից է սիֆիլիսը, որի հարուցիչը, ի տարբերություն ՁԻԱՀ-ի, կարող է փոխանցվել նաև կենցաղային առարկաների (ամանեղեն, հագուստ) միջոցով, նույնիսկ մաշկի փոքր քերծվածքներից: Հիվանդության ախտանիշները դրսևորվում են վարակից \(3-4\) շաբաթ անց, հարուցչի անցման տեղում առաջանում է կարմրավուն մակերեսով խոց: Խոցը ցավոտ չէ և \(3-4\) շաբաթից անհետանում է: Սկսվում է հիվանդության երկրորդ փուլը. մաշկի վրա առաջանում է ցան, հիվանդը ջերմում է, նվազում է աշխատունակությունը:
Չբուժվելու դեպքում հիվանդությունը վերածվում է քրոնիկական ձևի, առաջանում են ծանր բարդություններ, մասնավորապես` հոգեկան խանգարումներ, կուրություն, կաթված և այլն:
Սիֆիլիսով հիվանդ
Գոնորեան (սուսանակ) նույնպես վարակիչ վեներական հիվանդություն է: Հարուցիչն առողջ մարդու օրգանիզմ կարող է թափանցել սեռական, հազվադեպ` նաև արտասեռական ճանապարհով: Չբուժվելու դեպքում վեր է ածվում քրոնիկական ձևի, որի ժամանակ ախտահարվում են ներքին օրգանները և սեռական գեղձերը:
Վնասակար գործոնների ազդեցությունը մարդու զարգացման վրա
Ժառանգական և ոչ ժառանգական հիվանդություններ: Եթե սպերմատոզոիդները և ձվաբջիջները բեղմնավորման պահին ունենում են որոշակի ժառանգական փոփոխություններ, ապա նրանց միաձուլումից կարող է զարգանալ ոչ կենսունակ սաղմ: Նման դեպքերում ապագա օրգանիզմում առաջանում են տարբեր տեսակի ֆիզիկական արատներ, թուլամտություն, արյան մակարդելիության խանգարում (հեմոֆիլիա): Պտղի զարգացման վրա վնասակար ազդեցություն են թողնում հղիության ընթացքում տարբեր հիվանդությունները: Դրանք առավել վտանգավոր են հղիության առաջին \(3\) ամիսների ընթացքում: Այդ շրջանում սաղմը և նրանից ձևավորվող պտուղը խիստ զգայուն են վիրուսային վարակների հանդեպ, որովհետև դեռևս բացակայում է ընկերքը: Ընկերքի ձևավորումը զգալիորեն պակասեցնում է որոշ հիվանդությունների, ինչպես, օրինակ` կարմրուկի հարուցիչների նկատմամբ ընկալունակությունը: Հակառակ դեպքում վիրուսային վարակներից երեխայի մոտ կարող են առաջանալ խուլհամրություն, մտավոր թերզարգացածություն, սրտի զանազան արատներ և այլն:
Թմրանյութերի, ծխախոտի և ալկոհոլի ազդեցությունը մարդու զարգացման և առողջության վրա: Պտղի զարգացման և հետծննդյան շրջանի աճի վրա զգալի բացասական ազդեցություն են թողնում հոգեներգործուն նյութերը, որոնցից են նիկոտինը և ալկոհոլը: Նիկոտինը պարունակվում է ծխախոտի մեջ, ազդում է նյութափոխանակության և հումորալ կարգավորման գործունեության վրա: Այն ազդում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան վիճակի վրա, մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման հնարավորությունը:
Ծանր հիվանդություններից է պտղի ալկոհոլային համախտանիշը, երբ կինը հղիության ժամանակ օգտագործում է ալկոհոլային խմիչքներ, որից խիստ ախտահարվում են պտղի նյարդային համակարգը և ֆիզիկական զարգացումը: Ծանր դեպքերում պտղի ալկոհոլային համախտանիշն արտահայտվում է մտավոր թերզարգացվածությամբ:
Ալկոհոլամոլ, թմրանյութեր օգտագործող կամ թունամոլ ծնողներից, որպես կանոն, ծնվում են սակավամիտ և ֆիզիկապես ոչ լիարժեք երեխաներ:
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան,Ծ,Մինասյան,Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008