
















Մաշկի ջերմակարգավորման գործառույթը:
Մարդը, ինչպես և մյուս կաթնասունները, անկախ միջավայրի ջերմության տատանումներից, ունի մարմնի հաստատուն ջերմաստիճան \((\)\(36,6-36,9°C\)\()\):
Ջերմությունն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ընթացքում գրեթե բոլոր օրգաններում, հատկապես լյարդում և կմախքային մկաններում: Օրգանական նյութերի քայքայման ընթացքում առաջացած ջերմության քանակը խիստ ավելանում է ֆիզիկական աշխատանքի ժամանակ: Առաջացած ջերմության հավելյալ քանակն օրգանիզմից ցրվում է արտաքին միջավայր, որի շնորհիվ օրգանիզմում ջերմագոյացման ու ջերմատվության գործընթացները պահպանվում են հավասարակշռված վիճակում:
Քրտնարտադրության և արյան անոթների լուսանցքի փոփոխման հետևանքով ջերմատվությունը կարող է ուժեղանալ կամ թուլանալ: Եթե միջավայրի ջերմաստիճանը բարձր է, ապա ջերմատվությունն ուժեղանում է, և հակառակը. ցածր ջերմաստիճանի պայմաններում թուլանում է: Միջավայրի բարձր ջերմաստիճանում մաշկի արյան անոթները լայնանում են, մեծանում է այնտեղ մղվող արյան քանակը, որից էլ ջերմատվությունն ուժեղանում է:

Երբ միջավայրի ջերմաստիճանը նվազում է, մաշկում անոթների լուսածերպերը նեղանում են, արյան հոսքը դեպի մարմնի մակերես դանդաղում է, ուստի ջերմատվությունը փոքրանում է: Ջերմակարգավորման գործընթացում կարևոր դեր են կատարում նաև քրտնագեղձերը: Միջավայրի ջերմաստիճանի բարձրացման դեպքում քրտնարտադրությունն ուժեղանում է և ջերմատվությունը` մեծանում: Դրա շնորհիվ օրգանիզմը պաշտպանվում է գերտաքացումից:
Ուշադրություն
Մարդու մաշկի մեջ կան ավելի քան \(2\) միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ \(1,2\) լ քրտինք, որի գոլորշացման միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը:
Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին:
Մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը նպաստում է նաև ենթամաշկային ճարպը, որը վատ ջերմահաղորդիչ է:
Կոփում: Մարդու առողջության պահպանման և օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար մեծ դեր ունի կոփումը: Դա ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ օրգանիզմի արագ հարմարվելու միջոցների մշակումն է: Ջուրը, օդը և արևն օրգանիզմի կոփման լավագույն միջոցներն են:

Ջրային լոգանքները (սառը ջրով շփումը, ջրցնցուղ ընդունելը) սկսում են ջրի և օդի \(+20° C\)-ից ոչ ցածր ջերմաստիճանում, \(15-20\) րոպե տևողությամբ, օրական \(2-3\) ժամ: Արևային լոգանքն առավել օգտակար է առավոտյան ժամերին: Այն սկսվում է \(4-5\) րոպեից` հասցնելով \(45-50\) րոպեի: Չափազանց կարևոր է արևային լոգանքը զուգակցել ֆիզկուլտուրայով և սպորտով:
Օրգանիզմը պետք է կոփել աստիճանաբար` հաշվի առնելով նրա անհատական առանձնահատկությունները: Օդային լոգանքները նպաստում են ջերմակարգավորման համակարգի զարգացմանը, լավացնում են քունը և ախորժակը:
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան Կենսաբանությաուն Մարդ Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան,Ծ,Մինասյան,Հ.Հոհաննիսյան Կենսաբանություն Մարդ Մակմիլան Արմենիա2000
Ն.Ի Սոնին,Մ.Ռ Սապին Կենսաբանություն Մարդ Անտարես 2008