Սրտի կառուցվածքը, աշխատանքի ինքնավարությունը:
Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:
 
Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է \(250-300\) գ:
 
754616607682127.jpeg
 
Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:
 
654931.jpg
 
Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:
 
slide_6.jpg
 
Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները:
 
Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:
 
shutterstock_375878683.jpg
 
Փականների եզրերից բարակ շարակցահյուսվածքային թելեր են ձգվում դեպի փորոքների պատերը, որոնց շնորհիվ փորոքի մկանի կծկման պահին փականները պահվում են հորիզոնական դիրքում և չեն շրջվում դեպի նախասրտերի խոռոչներ:
 
Նախասրտերի կծկման պահին փականների փեղկերը կախվում են փորոքների ներսը, և արյունը ազատ շարժվում է նախասրտերից փորոքներ:
 
Նախասրտերի պատերն ավելի բարակ են, քան փորոքներինը, որը պայմանավորված է աշխատանքի ժամանակ նրանց գործադրած ոչ մեծ ուժով: Այդ նույն պատճառով ավելի հաստ են ձախ փորոքի պատերը, քան աջ փորոքինը: Ձախ փորոքն արյունը մղում է դեպի մեծ շրջան, իսկ աջ փորոքը` դեպի փոքր շրջան:
 
cor11.jpg
 
Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ:
 
Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է \(900\) կգ ծանրությունը բարձրացնել մինչև \(14\) մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում` \(70-80\) տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:
Այն ժամանակահատվածը, որն ընդգրկում է նախասրտի մի կծկումից մինչև մյուսը, կոչվում է սրտային բոլորաշրջան:
Տարբերում են սրտային բոլորաշրջանի \(3\) փուլ, որոնց տևողությունները մարդու հարաբերական հանգստի վիճակում հետևյալն են.
 
\(1.\) Նախասրտերի կծկման փուլ, որը տևում է \(0,1\) վրկ: Այդ պահին փորոքները գտնվում են թուլացած վիճակում:
 
\(2.\) Փորոքների կծկման փուլ, որը տևում է \(0,3\) վրկ, որի ընթացքում նախասրտերը գտնվում են թուլացած վիճակում:
 
\(3.\) Ընդհանուր դադարը, տևում է \(0,4\) վրկ, որի ժամանակ սիրտը գտնվում է ընդհանուր թուլացման` հանգստի շրջանում:
 
Ուշադրություն
Այսպիսով, մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտային բոլորաշրջանը տևում է \(0,8\) վրկ, որից \(0,4\) վրկ հաջորդաբար կծկվում են նախասրտերն ու փորոքները, իսկ մյուս \(0,4\) վրկ-ը սրտամկանի թուլացման փուլն է:
Դրանով է բացատրվում, որ սիրտն առանց հոգնածության աշխատում է ամբողջ կյանքի ընթացքում: Հարաբերական հանգստի պայմաններում սիրտը մեկ րոպեում կծկվում է \(70-75\) անգամ: Սրտի բարձր աշխատունակության պատճառներից է արյունով նրա լավ մատակարարումը:
 
Միայն հանգստի վիճակում \(1\) րոպեում նա ստանում է \(250-300\) սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ` մինչև \(2000\) սմ³:
 
heart_beating_small.gif
 
Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թափառող նյարդով եկած գրգիռները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմպաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխկապակցված է, փոխհամաձայնեցված:
 
Սրտի աշխատանքը կարգավորվում է նաև հումորալ ճանապարհով: Այսպես, օրինակ` ադրենալինը, կալցիումի աղերն արագացնում են սրտի աշխատանքը, մինչդեռ ացետիլխոլինը, կալիումի աղերը դանդաղեցնում են այն: Սիրտը որոշակի պայմաններում նաև կարող է երկար ժամանակ աշխատել օրգանիզմից դուրս:
 
Ուշադրություն
Սրտի աջ նախասրտի պատում գտնվում է բջիջների հատուկ խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում, տարածվում նախասրտերի, ապա փորոքների պատերով: Դրա շնորհիվ սիրտը կարող է ռիթմիկ աշխատել անկախ նյարդային և հումորալ ազդեցությունից: Սրտի այդ հատկությունը կոչվում է ինքնավարություն (ավտոմատիզմ):
Heart_anatomy_in_armenian.jpg
Աղբյուրները
1. Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ 2014
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000
3. Ն.Ի Սոնին,մ.Ռ.Ռապին  «Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Անտարես 2008