
















Արյան և ավշաշրջանառության համակարգ: Նրա դերը օրգանիզմում
Արյան շրջանառության համակարգ: Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է արյունատար անոթների փակ համակարգով: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների միջոցով, որոնք են սիրտը և արյան անոթները:
Սիրտը ռիթմիկ կծկումների շնորհիվ ապահովում է արյան հոսքն արյունատար համակարգում, դրանով իսկ իրականացնում է սննդանյութերի մատակարարումը բոլոր բջիջներին և այնտեղից ոչ պիտանի նյութերի հեռացումը: Արյունատար համակարգի ամենախոշոր զարկերակը աորտան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո` մազանոթների: Վերջիններս, միմյանց հետ միավորվելով, դառնում են երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ:

Ավշաշրջանառության համակարգը, նրա դերը օրգանիզմում: Արյունատար և ավշային համակարգերը սերտորեն կապված են միմյանց հետ: Ավշային համակարգը սկսվում է ավշային մազանոթներից, որոնք կույր պարկանման ծայրով գտնվում են հյուսվածքի միջբջջային տարածքում: Հյուսվածքային հեղուկի հավելյալ քանակը լցվում է ավշային անոթների մեջ և ձևավորվում է ավիշը:

Ավշային անոթները, միմյանց միանալով, առաջացնում են ավելի խոշոր անոթներ, որոնք, ի վերջո, կրծքավանդակում թափվում են արյունատար անոթների երակների (վերին և ստորին սիներակներ) մեջ:


Ավշային համակարգի կարևոր բաղադրամասն են համարվում ավշային գեղձերը, որոնք տեղակայված են ավշային անոթների վրա: Դրանք ոչ մեծ, լոբաձև, վարդագույն երանգով գոյացություններ են, որոնք խոչընդոտում են ավիշ թափանցած վնասակար նյութերի տեղաշարժը, ապա դրանք ոչնչացնում:
Դիտեք ավշային համակարգի մասին տեսանյութ.
Արյունատար և ավշային անոթների կառուցվածքը: Արյան շարժումը անոթներով
Արյունատար և ավշային անոթների կառուցվածքը: Արյունատար և ավշային համակարգում տարբերում են երակներ և մազանոթներ, իսկ արյունատար համակարգում նաև զարկերակներ:
Զարկերակներ են այն անոթները, որոնցով արյունը հեռանում է սրտից:
Ուշադրություն
Ամենամեծ զարկերակը աորտան է, որը դուրս է գալիս ձախ փորոքից:

Երակներ են կոչվում այն անոթները, որոնցով արյունը տեղափոխվում է դեպի սիրտ:
Երակներով հոսում է երակային արյուն, բացառություն են կազմում թոքերից դեպի ձախ նախասիրտ եկող երակները, որոնք պարունակում են զարկերակային արյուն:
Մազանոթները հյուսվածքում կապ են հաստատում զարկերակային և երակային անոթների միջև: Արյան պլազմայում գտնվող նյութերը և թթվածինը մազանոթների պատով անցնում են հյուսվածքային հեղուկ, այնտեղից` բջիջներ: Բջիջների կենսագործունեության արգասիքները հեռացվում են հյուսվածքային հեղուկ և ապա մազանոթների պատով` ավշի և արյան մեջ: Մազանոթներ կան գրեթե բոլոր օրգաններում, բացառություն են կազմում վերնամաշկը, մազերը, եղունգները, աչքի եղջերաթաղանթը, ոսպնյակը, ատամի էմալը:
Բոլոր անոթների պատերը, բացի մազանոթներից, կազմված են \(3\) շերտից: Արտաքին շերտը կազմված է շարակցական հյուսվածքից, միջինը` հարթ մկանային հյուսվածքից և ներքին շերտը` միաշերտ էպիթելից:
Մազանոթների պատն ունի միայն մեկ էպիթելային շերտ: Մազանոթների տրամաչափը շատ փոքր է, մոտ \(50\) անգամ ավելի բարակ, քան մարդու մազը: Նրանց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ \(100000\) կմ: Մազանոթները միավորվելով վեր են ածվում երակների: Երակների մի մասը տեղակայված է մաշկի տակ` ոչ խորանիստ շերտերում, այդ պատճառով էլ նրանք ավելի նկատելի են, քան զարկերակները:
Զարկերակների պատը համեմատաբար հաստ է, որովհետև նրանցում առաջանում է արյան մեծ ճնշում: Զարկերակների արտաքին շարակցահյուսվածքային թաղանթը և մկանային շերտն ավելի են արտահայտված: Նրանց պատերի մկանային շերտի կծկման շնորհիվ բարձրանում է արյան ճնշումը և արյունը ստանում է լրացուցիչ շարժման արագություն:
Երակները և ավշային անոթները նույնպես ունեն արտաքին թաղանթ և միջին հարթ մկանային շերտեր, որոնք համեմատաբար թույլ են զարգացած: Երակների և ավշային անոթների պատերն առաձգական են և հեշտությամբ ճնշվում են կմախքային մկանների կողմից, որոնց արանքում նրանք գտնվում են: Երակների և ավշային անոթների ներքին շերտերը տեղ-տեղ առաջացնում են կիսալուսնաձև փականներ, որոնք խոչընդոտում են արյան և ավշի շարժումը հետադարձ ուղղությամբ:

Աղբյուրները
1. Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»: Երևան, Տիգրան Մեծ 2014
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000