Ողնուղեղ
Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև \(45\) սմ է, զանգվածը մինչև \(30\) գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային \(2\)-րդ ողի մակարդակը:
Ողնուղեղը բաղկացած է \(31–33\) հատվածներից՝ պարանոցային՝ \(8\), կրծքային՝ \(12\), գոտկային՝ \(5\), սրբանային՝ \(5\), պոչուկային՝ \(1–3\): Ողնուղեղից դուրս են գալիս \(31\) ձույգ խառը նյարդեր:
Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը:
Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է \(2\) համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ: Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ:
Ուշադրություն
Ողնուղեղը բաղկացած է սպիտակ և գորշ նյութերից:
Ողնուղեղի գործառույթները
Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները:
Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել \(2\) խմբի՝ մարմնական և ընդերային:
Մարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները:
Մարդու այս ռեֆլեքսները լավ արտահայտվում են ուղղահայաց կեցվածքի դեպքում: Ջլային ընկալիչները գտնվում են ջլերում: Եթե մուրճիկով հարվածենք ազդրի քառագլուխ մկանի ջլին, ապա մկանը կկծկվի, և կառաջանա ծնկային ռեֆլեքս: Ջլային ռեֆլեքսները կարող են արտահայտվել նաև ծալող մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք բազկի երկգլխանի մկանի ջլին, ապա մկանի կծկման հետևանքով ձեռքը կծալվի (արմնկային ռեֆլեքս):
Ողնուղեղի մարմնական ռեֆլեքսներից են ծալումը և տարածումը, քորելու, քայլելու, վազքի ռեֆլեքսները:
Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի կողմնային եղջյուրներում տեղավորված վեգետատիվ նյարդային համակարգի նեյրոններով:
Հաղորդող գործառույթն իրականացնում են վերելք և վայրէջք ուղիները: Ողնուղեղը մասնակցում է շարժողական և մարմնական ռեֆլեքսներին:
Ընդերային ռեֆլեքսներն իրականանում են ողնուղեղի գորշ նյութի կողմնային եղջյուրներում տեղավորված վեգետատիվ նյարդային համակարգի նեյրոններով:
Հաղորդող գործառույթն իրականացնում են վերելք և վայրէջք ուղիները: Ողնուղեղը մասնակցում է շարժողական և մարմնական ռեֆլեքսներին:
Ողնուղեղի հատումը կամ վնասումն առաջացնում է ողնուղեղային շոկ, որն արտահայտվում է դրդողականության խիստ ընկճումով և ողնուղեղի վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսային կենտրոնների լուծանքով: Ողնուղեղային շոկի պատճառը գլխուղեղի այն բաժինների անջատումն է, որոնք ողնուղեղի վրա թողնում են ակտիվացնող ազդեցություն:
Ողնուղեղի մասին առավել շատ տեղեկություն ունենալու համար դիտիր տեսանյութը՝
Աղբյուրները
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ
Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին Կենսաբանություն Մարդ
Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ
Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա