
















Մարսողությունն աղիներում: Սննդանյութերի ներծծումը

Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է \((4,5-6)\)մ:
Բարակ աղու սկզբնամասը կոչվում է \(12\)-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը:
Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը:

Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը:
Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է \(3\) փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում:
Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը:
Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:

Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը:
Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի \(1,5-2\) մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել \(12-20\) ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից:
Ուշադրություն
Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:
Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը:

Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ \(1\) մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր:
Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:

Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում:
Ուշադրություն
Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:
Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս):
Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը:

Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան, Գ.Ի.Միրզոյան «Կենսաբանություն:Մարդ» 8-րդ դասարանի դասագիրք, Եր., Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան, Ծ. Մինասյան, Հ.Հոհաննիսյան «Կենսաբանություն:Մարդ»: Երևան,Մակմիլան Արմենիա 2000
Ն.Ի Սոնին, Մ.Ռ Սապին, «Կենսաբանություն:Մարդ»: Երևան, Անտարես 2008