
















Մարսողությունը բերանի խոռոչում
Բերանի խոռոչի կառուցվածքը: Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով: Բերանի խոռոչում սնունդը մանրացվում է, շաղախվում թքով և տեղի է ունենում մասնակի մարսողություն:

Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև \(400\) կգ զանգված:

Չափահաս մարդու բերանի խոռոչում կա \(32\) ատամ, որոնք նորածնի մոտ բացակայում են, իսկ \(6\) ամսականից մինչև երկու տարեկանում ձևավորվում են թվով \(20\) ատամներ, որոնք կոչվում են կաթնատամներ: Վերջիններս փոխվում են մշտական ատամների \(10-12\) տարեկան հասակում, իսկ յուրաքանչյուր ծնոտի վերջին զույգ ատամները, որոնք կոչվում են իմաստության ատամներ, հայտնվում են \(20-22\) տարեկանում: Կտրիչները և ժանիքները սնունդը բռնելու և կտրատելու դեր են կատարում, իսկ աղորիքները, օժտված լինելով մեծ մակերեսով, ծամում, մանրացնում են սնունդը:
Յուրաքանչյուր ծնոտում տեղակայված են \(4\) կտրիչներ, \(2\) ժանիքներ, \(4\) փոքր և \(6\) մեծ աղորիքներ (սեղանատամներ):

Յուրաքանչյուր ատամ ունի արմատ, որը տեղակայված է ծնոտի ոսկրային ատամնաբնում, նաև վզիկ ու պսակ, որոնք ատամի երևացող մասերն են: Ատամը կազմված է կարծր նյութից` դենտինից, իսկ նրա պսակը ծածկված է էմալով, որը պաշտպանում է ատամը քայքայումից և մանրէների ներթափանցումից: Ատամի արմատը պատված է ցեմենտով, որը ամրացնում է այն ծնոտոսկրին:
Առողջ ատամները կարևոր նախապայման են առողջության պահպանման համար: Հիվանդ ատամներում սկսում են զարգանալ ու բազմանալ բազմաթիվ մանրէներ, որոնք քայքայում են ատամի հյուսվածքը: Ատամների քայքայումն առաջանում է էմալի վնասումից, որը հաճախ տեղի է ունենում տաք և սառը սննդի արագ հերթափոխումից: Ատամների թափվելն առաջացնում է մարսողության խանգարումներ, ստամոքսի և աղիների հիվանդություններ:

Որպեսզի ատամներն առողջ պահպանվեն, անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց հետո բերանի խոռոչը ողողել գոլ ջրով, իսկ առավոտյան և երեկոյան խնամքով մաքրել խոզանակով՝ օգտագործելով ատամի մածուկ:
Ատամների ճիշտ լվանալու եղանակները.

Մարսողությունը բերանի խոռոչում: Բերանի խոռոչում սննդանյութերի խոնավացման ու մարսման գործընթացում կարևոր դեր ունի թքագեղձերի կողմից արտադրված թուքը:
Թքագեղձերը երեք զույգ են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային, որոնց ծորաններով օրվա ընթացքում արտազատվում է ավելի քան մեկ լիտր թուք:

Թուքը պարունակում է \(99,4\)% ջուր, թույլ հիմնային է: Նրա կազմի մեջ մտնում են նաև ֆերմենտներ և մանրէասպան նյութ` լիզոցիմ: Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը, որն օսլայի մի մասը քայքայում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի: Սննդանյութերը բերանի խոռոչ ընկնելիս գրգռում են ջերմային և համի ընկալիչները, և մարդը զգում է սննդի համն ու ջերմությունը: Բերանի խոռոչի մարսողության գործընթացում կարևոր դեր ունի լեզուն:
Լեզվի համային ընկալիչները.

Ծամելու ընթացքում լեզուն սննդագնդիկն ուղղում է դեպի ատամներ, շաղախում թքով և տեղաշարժում դեպի ըմպան: Երբ կծկվում են լեզվի և ըմպանի մկանները, տեղի է ունենում կլլման գործընթացը: Այդ ընթացքում շնչառական ուղու մուտքը փակվում է մակկոկորդով:

Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան, Գ.Ի.Միրզոյան «Կենսաբանություն:Մարդ» 8-րդ դասարանի դասագիրք, Եր., Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան, Ծ. Մինասյան, Հ.Հոհաննիսյան «Կենսաբանություն:Մարդ»: Երևան,Մակմիլան Արմենիա 2000
Ն.Ի Սոնին, Մ.Ռ Սապին, «Կենսաբանություն:Մարդ»: Երևան, Անտարես 2008