Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և դասակարգումը
Կենդանի օրգանիզմների բազմազանությունը երկրագնդի վրա շատ մեծ է: Ժամանակակից գիտությանը հայտնի է օրգանիզմների \(2,5 - 3,5\) մլն տեսակ: Նրանք միմյանցից տարբերվում են բոլոր չափանիշներով` մարմնի ձևով, չափով ու կազմությամբ, բնակության վայրով ու անհրաժեշտ պայմաններով, կենսագործունեության առանձնահատկություններով ու դրսևորումներով և այլն:
Չափազանց ընդգրկուն են նաև օրգանիզմների բնակության սահմանները: Այսպես, \(8300\) մ բարձրության լեռներում կարելի է հանդիպել մինչև \(10\) տեսակի տարբեր բակտերիաների, Աֆրիկայի անապատներում բնակվում են մոտ \(500\) կենդանատեսակներ, խաղաղօվկիանոսյան \(11000\) մ խորությամբ իջվածքները ևս գրավված են օրգանիզմների տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդուհանդերձ օրգանիզմների մեծ մասը բնակվում է ցամաքում և միայն \(20\) %-ն է զբաղեցնում երկրագնդի ջրային տարածքը:
Քանակային հարաբերակցությամբ տարբերվում են բույսերն ու կենդանիները: Կենդանիների հայտնի տեսակների թվաքանակը չորս անգամ գերազանցում է բույսերի հայտնի \(500000\) տեսակներին:
\(18\)-րդ դարից սկսած, երբ հիմնականում ավարտվեց մայրցամաքների բացահայտումն ու օրգանիզմների տեսակային ճանաչումը, արդեն իսկ կուտակվել էր հսկայական տեղեկատվություն օրգանիզմների բազմազանության մասին: Անհրաժեշտ էր կողմնորոշվել հսկայական բազմազանության մեջ, առանձնացնել յուրաքանչյուր տեսակի բնորոշ գծերը, ընդհանրացնել, խմբավորել, դասակարգել և ստեղծել կողմնորոշման ընդհանուր համակարգ:
Կողմնորոշման այդպիսի համակարգ է գործում, օրինակ, գրադարաններում: Եթե գրքերը դասակարգելու համար հիմք է ընդունվում նրանց հրատարակության տարեթիվը և վերնագիրը կամ հեղինակը, ապա օրգանիզմների դասակարգման համար նախապես հիմք ընդունվեցին նրանց կառուցվածքային առանձնահատկությունները: Արդյունքում մարդը արհեստականորեն օրգանիզմներին ընդգրկեց տարբեր խմբերում և սկսեց զարգացնել կարգաբանությունը:
Կարգաբանությունը կենսաբանական գիտության ճյուղ է, որը զբաղվում է օրգանիզմների բազմազանության և դասակարգման հարցերով:
Նախապես դասակարգումը կրում էր մոտավոր և արհեստական բնույթ: Մարդը օրգանիզմներին խմբավորում էր` հիմք ընդունելով մոտավոր կամ կիրառական չափանիշներ: Օրինակ` օգտակար և վնասակար բույսեր կամ թունավոր և ոչ թունավոր բույսեր:
Ժամանակակից պայմաններում դասակարգումը կրում է հիմնավոր և բնական բնույթ: Դասակարգման համար հիմք են ծառայում օրգանիզմի ծագումը, կառուցվածքը, կենսակերպը, բազմացումը, հնէաբանական տվյալները և այլ կարևոր չափանիշները:
Կենդանի օրգանիզմների դասկարգմամբ առաջիններից մեկը զբաղվել է շվեդ գիտնական Կարլ Լիննեյը \((\)\(1707-1778)\): Նա առաջարկեց իր ժամանակի համար առաջադեմ դասակարգում և որպես ամենափոքր կարգաբանական խումբ համարեց տեսակը:
Կարգաբանական համակարգը կարելի է համեմատել բազմահարկ ու բազմաբնակարան շենքի կամ հաստաբուն ծառի հետ, որտեղ հարկերը, բնակարանները և բնակարաններում սենյակները հանդիսանում են կարգաբանական միավորները: Արդյունքում կատարվում է ճյուղավորում ընդհանուր հատկանիշներից դեպի առավել մասնավոր և բնորոշ հատկանիշները, կամ մեծ կարգաբանական խմբերից առավել փոքրերը:
Կենդանի օրգանիզմների կարգաբանական միավորներն են`
տեսակ → ցեղ → ընտանիք → կարգ → դաս → տիպ կամ բաժին → ենթաթագավորություն → թագավորություն → վերնաթագավորություն → կայսրություն
Նկարը մեզ հուշում է, որ բջջային օրգանիզմների կայսրությունն ունի երկու վերնաթագավորություն` կորիզավորների և նախակորիզավորների:
Իրենց հերթին նախակորիզավորների վերնաթագավորությանը պատկանում է կոտորակվողների թագավորությունը, որի մեջ ընդգրկված են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները:
Կորիզավորների վերնաթագավորությանը պատկանում են բույսերի, սնկերի և կենդանիների թագավորությունները:
Այսպիսով, բույսերի թագավորությունը կազմված է ստորակարգ և բարձրակարգ բույսերի ենթաթագավորություններից: Հայտնի է բույսերի մոտ \(500\) հազար տեսակ:
Սնկերի թագավորությունը կազմված է ստորակարգ և բարձրակարգ սնկերի ենթաթագավորություններից: Հայտնի է սնկերի մոտ \(100\) հազար տեսակ:
Կենդանիների թագավորությունը կազմված է միաբջիջ և բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորություններից: Հայտնի է կենդանիների մոտ \(2\) մլն. տեսակ:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան.-Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 9-11
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 7-9
https://i.pinimg.com/originals/05/71/8a/05718ae1e908c2a157d46e89a935b5ce.png