Կենսաբանությունը որպես գիտություն, կենդանի համակարգեր
Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: Այդ հատկանիշները մարմնավորվում են և դրսևորվում` արդյունքում սկզբնավորելով կենդանի օրգանիզմները:
Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված, իսկ կենդանի օրգանիզմները` միլիոնավոր և բազմազան: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը` իր բոլոր դրսևորումներով:
Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:
Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից: Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ:
\(19\)-րդ դարում կենսաբանությունը վերջնականորեն ամբողջանում է որպես բնական գիտաճյուղ և իր տեսադաշտում ընգրկում է կյանքի կազմավորման առանձնահատկությունները՝ միաբջիջ օրգանիզմներից մինչև մարդ:
Կենսաբանության զարգացումը հարստացրեց գիտելիքները մարդու, նրա կառուցվածքի և առողջության մասին: Այդ իսկ պատճառով կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության վերելքը և մարդու առողջության պահպանման և հիվանդությունների հաղթահարման միջոցների կատարելագործումը:
Անկենդան տարրերը և կենդանի օրգանիզմները միմյանց հետ փոխկապակցված են և երկրագնդի մակերևույթին կազմում են կենդանի թաղանթ, որը կոչվում է կենսոլորտ: Կենդանի օրգանիզմներին գոյության համար անհրաժեշտ է արեգակնային էներգիա, թթվածին, ջուր, ածխաթթու գազ, հանքային տարրեր և այլն: Այդ պայմաններն առկա են երկրագնդի երեք կառուցվածքային շերտերում. մթնոլորտում, քարոլորտում և ջրոլորտում և հատկապես դրանց շփման սահմանագծում:
Կյանքն ունի կազմավորվածության մակարդակներ:
Կենսական հատկանիշները, մարմնավորվելով անկենդան նյութի մեջ, պայմանավորել են նրա ուղղորդված, կազմակերպված և անընդհատ զարգացումը պարզից դեպի ավելի բարդ համակարգեր:
Կենդանի օրգանիզմների կազմավորման մակարդակներն են`
\(1\). մոլեկուլային → \( 2\). բջջային → \(3\). հյուսվածքային → \(4\). օրգանային → \(5\). օրգանիզմային → \(6\). տեսակային → \(7\). պոպուլյացիոն → \(8\). կենսացենոզային → \(9\). կենսոլորտային
\(1\). Կյանքի կազմավորման մոլեկուլային մակարդակ (նուկլեինաթթուներ, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր): Երկրագնդի վրա որոշակի պահից սկսած մի շարք անկենդան մոլեկուլներ ձեռք բերեցին ինքնաբերաբար վերարտադրվելու հատկություն: Դրանց վերարտադրությունը կատարվում էր արտաքին միջավայրի հետ տարբեր ատոմների փոխանակությամբ: Այսպիսով կյանքը ձևավորվեց որպես բազմացող և նյութափոխանակություն կատարող բաց համակարգ:
\(2\). Կյանքի կազմավորման բջջային մակարդակ (կորիզավորներ, նախակորիզավորներ, թարթիչավորներ, մտրակավորներ): Ինքնավերարտադրությունը կատարյալ և համակարգված դարձավ բջջի կազմավորմամբ: Բջիջը հանդիսանում է քիմիական խոշոր մոլեկուլների հատուկ կազմավորված ամբողջություն, որին բնորոշ են կենսական բոլոր հատկանիշները:
\(3\). Կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակ (նյարդային, մկանային, գոյացնող, փոխադրող): Ինչպես արդեն գիտենք, կենսական հիմնական հատկանիշները հանդիսանում են բջջի, օրգանի կամ օրգանիզմի գործառույթներ: Որոշ գործառույթների (սննդառություն, շնչառություն, արտազատություն) լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կազմության բարդացում և մասնագիտացում: Արդյունքում առանձնացված կյանք վարող բջիջները խմբավորվում են գաղութների մեջ, ապա ձևավորում հյուսվածքներ:
Կենդանիների օրգանիզմներում հանդիպում է չորս հիմնական հյուսվածք` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
\(4\). Կյանքի կազմավորման օրգանային մակարդակ (տերև, արմատ, սիրտ, երիկամ): Կենդանի նյութի հատկանիշների հետագա դրսևորումը ընթացել է կառուցվածքի բարդացման և բջիջների ու հյուսվածքների միջև աշխատանքի բաժանման ճանապարհով: Որոշակի նպատակի ծառայող հյուսվածքների ամբողջությունից ձևավորվել են օրգաններ:
Օրգաններն ունեն հստակ կառուցվածք և տեղաբաշխում` պայմանավորված իրենց կատարած աշխատանքի բնույթով: Սրտի կառուցվածքը ամբողջովին համապատասխանում է պոմպի աշխատանք կատարելուն, ոսկրերը իրենց կառուցվածքով հիասքանչ լծակներ են, նյարդերը կատարյալ հաղորդիչներ և այլն:
\(5\). Կյանքի կազմավորման օրգանիզմային մակարդակ: Մեզանից յուրաքանչյուրը, մեր ընտանի կենդանիներից շունը կամ կատուն, անապատի ուղտը, սավանաների զեբրը, անտառային գայլը և այլն, ներկայանում է որպես առանձին կենսագործող օրգանիզմ: Բնության մեջ ինքնուրույն և ամբողջական կենսագործող օրգանիզմը կոչվում է առանձնյակ:
Օրգանիզմը կենդանի նյութի կազմավորման ամենաբարձր անհատական մակարդակն է: Օրգանիզմը ի վիճակի է լիարժեքորեն կենսագործել շրջակա բնության փոփոխվող պայմաններում և փոխազդել այլ օրգանիզմների հետ:
\(6\). Կյանքի կազմավորման տեսակային մակարդակ (մարդ բանական, ճարպիկ մողես, հողաթափիկ ինֆուզորիա, աղեխորշավոր հիդրա): Բազմազան կենդանիներից յուրաքանչյուրը ներկայացնում է որոշակի տեսակ` եղևնի, մեղու, սալորենի, չղջիկ և այլն: Տեսակը ոչ թե եզակի կենդանի ամբողջություն է, այլ այն հատկանիշների հատկությունների և կյանքի կազմավորման տվյալ մակարդակին բնորոշ առանձնահատկությունների ամբողջությունը:
Հատկանիշների այդ ամբոջությունը փոխանցվում է սերնդեսերունդ և ձևավորում որոշակի օրգանիզմ: Այդ պատճառով խնձորենու սերմից աճում է միայն խնձորենի, ծիրանենուց` ծիրանենի, առյուծը միայն առյուծ է ծնում, բորենին` բորենի:
Կառուցվածքով և կենսակերպով նման առանձնյակները, որոնք ունեն բնակության տարածք և ընդունակ են սերնդագործել, ձևավորում են տեսակ:
Ուշադրություն
Պատկերված ցանկացած առանձնյակ՝ ձի, օձ, մարդ, եղևնի կամ այլ օրգանիզմ, ներկայացնում է կյանքի կազմավորման և´ օրգանիզմային, և´ տեսակային մակարդակները:
\(7.\) Կյանքի կազմավորման պոպուլյացիոն մակարդակ (պարս, վտառ, երամակ, ոհմակ): Ցանկացած կենդանի օրգանիզմ հիմնականում ընդունակ չէ գոյատևել մեկուսացված իր տեսակին պատկանող այլ առանձնյակներից: Օրգանիզմները գոյատևում են հիմնականում խմբերով, որտեղ գործում են բազմապիսի փոխհարաբերություններ, որոնք զբաղեցնում են տարբեր տարածություններ և միմյանցից գտնվում են զանազան հեռավորությունների վրա:
Ձիերի երամակը, մեղուների պարսը, գայլերի ոհմակը, ոչխարների հոտը, մարդկային քաղաքներն ու գյուղերը պոպուլյացիաների օրինակներ են:
\(8\). Կյանքի կազմավորման կենսացենոզային մակարդակ (անտառ, ճահիճ, մարգագետին, անապատ): Տարբեր տեսակներ և դրանց առանձնյակներ չեն կարող գոյատևել առանց մեկը մյուսի, ինչպես փոշոտող միջատն ու բույսերն իրենց ծաղիկներով: Փտող բնափայտն ու քայքայող մանրէները, լեշակեր շնագայլերն ու գիշատիչները:
Կյանքի կազմավորման տվյալ մակարդակում են կառուցվածքի և գործառույթների փոխարեն բարդանում են օրգանիզմների և շրջապատի միջև եղած հարաբերությունները: Արդյունքում տարատեսակ օրգանիզմներ և անկենդան բնության որոշակի պայմաններ միավորվում են համակարգերի մեջ: Դրանցից են անտառը, անապատը, մարգագետինը, ճահիճը: Թվարկվածները հանդիսանում են կենսացենոզներ:
\(9\). Կյանքի կազմավորման կենսոլորտային մակարդակ (կենդանի բնություն): Երկրագնդի վրա բոլոր կենսացենոզների ամբողջությունը ձևավորում է կենսոլորտ: Այդպիսով, կենսոլորտը երկրագնդում առկա բոլոր կենդանի օրգանիզմների և դրանց միմյանց ու շրջակա միջավայրի հետ ունեցած փոխհարաբերությունների ամբողջությունն է:
Ուշադրություն
Կարելի է եզրակացնել, որ կյանքը նյութի կազմավորման բարդագույն ձև է, որը ցանցաձև պատում է ամբողջ երկրագունդը և հանդիսանում է նրա գոյության հիմնական դրսևորումներից մեկը:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 5-8
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 4-7
https://yt3.ggpht.com/a-/AJLlDp11DlsTgOJnueTY8xLLkiOEDP7u0xWSvIvikw=s900-mo-c-c0xffffffff-rj-k-no
http://cursa.ihmc.us/rid=1NHW4R42N-YYG1H1-2208/geosistema.jpg
http://ours-nature.ru/new_site/img/2112180390/i_004.jpg
http://176.126.167.242/mediawiki/images/6/62/%D0%A3%D1%80%D0%BE%D0%B2%D0%BD%D0%B8.png