Հոդվածոտանիների կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները
Հոդվածոտանիները կենդանի օրգանիզմների ժամանակակից կայսրությունում, ինչպես արդեն ծանոթացաք, ներկայանում են որպես ամենաբազմազան և միջավայրին լավ հարմարված կարգաբանական խումբ: Իրենց պատմական զարգացման ընթացքում հոդվածոտանիները կարողացել են «գրավել» գրեթե ամբողջ երկրագունդը, քանի որ դրանք տարածվում են բոլոր կենսամիջավայրերում:
Հոդվածոտանիներին կարելի է հայտնաբերել.
Ջրային կենսամիջավայրում. օրինակ՝ խեցգետինը, խաչափառը, ջրալուն, ցիկլոպը:
Ցամաքային կենսամիջավայրում. օրինակ՝ նեպուկը, սարդը, կարիճը, մրջյունը:
Օդացամաքային կենսամիջավայրում. օրինակ՝ բզեզները, թիթեռները, մեղուները, ճպուռները:
Հոդվածոտանիները կենդանիների թագավորության առաջին ներկայացուցիչներն են, որոնք նվաճել են օդացամաքային միջավայրը:
Հոդվածոտանիները առաջին կենդանիներն են, որոնք ունեն օդային թռիչքի ապահովման հատուկ տեղաշարժման օրգաններ՝ թևեր:
Հոդվածոտանիները իրենց անվանումը ստացել են՝ ելնելով նրանց արտաքին կառուցվածքային հիմնական առանձնահատկություններից: Ինչպես օղակավոր որդերի մարմինը, հոդվածոտանիների մարմինը ևս կազմված է առանձին հատվածներից, որոնք, սակայն, կառուցվածքային տեսանկյունով միանման չեն և կատարում են տարբեր ֆունկցիաներ:
Ի տարբերություն օղակավոր որդերի նույնական հատվածների` հոդվածոտանիների մարմնի առանձին հատվածները միմյանց հետ միավորվում են շարժուն կամ կիսաշարժուն ձևերով, առաջացնելով՝ հոդեր:
Ուշադրություն
Հոդերը մարմնի առանձին հատվածների միացումներ են, որոնք ապահովում են վերջույթների և մարմնի մասերի ակտիվ շարժումը:
Հոդվածոտանիների որոշ հատվածներ հոդերով միավորվելով առաջացնում են շարժուն հատվածավոր վերջույթներ:
Հոդվածոտանիների մոտ առաջին անգամ արտահայտվում են տեղաշարժման իսկական վերջույթներ՝ հոդավորված ոտքեր:
Հոդվածավոր վերջույթները բացի նրանից, որ հանդիսանում են տեղաշարժման բավականաչափ կատարելագործված օրգաններ, կարող են նաև ձևափոխվել և կատարել այլ լրացուցիչ գործառույթներ: Օրինակ՝ ձևափոխվել և գլխի վրա առաջացնել զգայական բեղիկներ և ալեհավաքներ, բերանի շրջանում առաջացնել ծնոտներ:
Ուշադրություն
Ծնոտները հոդվածոտանիների մոտ առաջին անգամ հանդիպող վերջույթներ են, որոնք մասնագիտացված են սննդի և կերի որսի մեջ:
Հոդվածոտանիների նշված կառուցվածքային յուրահատկությունները մեզ հուշում են, որ հնագույն հոդվածոտանիները շատ նման են եղել ծովային բազմախոզան որդերին, որոնց դուք արդեն ծանոթ եք: Հնագույն հոդվածոտանիների մոտ մարմնի յուրաքանչյուր օղակից դուրս եկող մկանոտ պարապոդիումները և խոզանները արդեն վերաճել էին իսկական հոդավորված զույգ վերջույթների՝ ոտքերի:
Օղակավոր որդերից հոդվածոտանիների ծագման օգտին են խոսում բազմաթիվ համեմատական անատոմիական տվյալներ:
Եթե երբևէ բռնել եք խեցգետին կամ բզեզ, ապա միանշանակ զգացել եք, որ նրանք արտաքինից կարծր են: Այդ կարծրությունը նրանց տալիս է օրգանիզմի արտաքին կմախքը, որը կազմված է խիտինից:
Կմախքը, թեկուզև արտաքին, հոդվածոտանիների կառուցվածքային առաջադիմության հիմնական դրսևորումներից է:
Խիտինը արտադրվում է մաշկի հատուկ գեղձերի կողմից. այն ածխաջրային ծագում ունեցող օրգանական նյութ է, որը թե՛ կարծրությամբ, և՛ թե բաղադրությամբ նման է փայտանյութին:
Ուշադրություն
Բուսական թաղանթանյութը՝ ցելյուլոզը, և կենդանական խիտինը կառուցվածքով և նշանակությամբ համարժեք են՝ հանդիսանում են ածխաջրային արտաքին կմախք:
Խիտինը գրեթե ամբողջությամբ ծածկում է կենդանուն և հուսալիորեն պաշտպանում է շրջապատող միջավայրի մեխանիկական, քիմիական և այլ վնասակար գործոններից: Խիտինային արտաքին կմախքը պատված է սպիտակուցային շերտով, որը կրկնապատկում է զրահի ամրությունը և հաղորդում նրան խայտաբղետ գունավորում:
Ցամաքային հոդվածոտանիները պատված են նաև մոմաշերտով, որը նրանց պաշտպանում է ջրի ավելորդ գոլորշիացումից:
Խիտինային զրահը, ի տարբերություն ցելյուլոզի, բավականաչափ թեթև է. նրա ներքին ելունդներին ամրանում են օրգանիզմի վերջութային մկանները և ապահովում են կենդանու ակտիվ շարժը:
Այնուհանդերձ խիտինային արտաքին կմախքը կենդանու հետ չի աճում, այն զուրկ է ձգվելու հատկությունից և սահմանափակում է օրգանիզմի աճը և չափսերը: Այդ պատճառով որոշակի ժամանակ հետո խիտինային զրահը պոկվում է և դրա փոխարեն սկսվում է ձևավորվել նոր ծածկույթ:
Հոդվածոտանիները առաջին կենդանիներն են, որոնք կատարում են իսկական մաշկափոխանակություն:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 97
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 144-145
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 144-145
https://images1.popmeh.ru/upload/img_cache/9ce/9ce609b99284832adc7073982376f646_ce_1280x1024x0x0_cropped_800x427.jpg
https://cdn2.arhivurokov.ru/multiurok/html/2018/11/14/s_5bec8b900ce7e/img8.jpg
http://www.kartinki24.ru/uploads/gallery/main/313/kartinki24_insects_ants_0037.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/83/Cyphogastra_javanica_Saunders%2C_1871_%285746476166%29.jpg
https://tse4.mm.bing.net/th?id=OIP.B396wo-U2Qdlra8oNJ7dxQAAAA&pid=15.1