
















Ձկների արտաքին կառուցվածքը
Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Քորդավորների տիպում և ողնաշարավորների ենթատիպում ձկները ամենաբազմազան կենդանի օրգանիզմներն են և ունեն \(20\) հազարից ավել տեսակներ: Ձկներին կարելի է համարել ջրային միջավայրի տիրակալներ: Գրեթե \(400\) մլն տարի առաջ հնադարյան, զրահապատ, քորդան չկորցրած հսկա ձկները գերիշխող դիրք գրավեցին համաշխարհային օվկիանոսում: Նրանց ժամանակակից ժառանգներն են թառափանմանները:
Ձկները բնակվում են ջրում մինչ օրս՝ փափկամարմինների, հոդվածոտանիների և ջրաբնակ կաթնասունների հետ: Ձկները ծագել են քորդավորների տիպի մյուս՝ անգանգների ենթատիպի հնագույն ներկայացուցիչներից:

Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից և այլն: Ձկները բնակվում են բոլոր ջրային կենսամիջավայրերում՝ ջրամբարներում, գետերում, լճերում, ծովերում, օվկիանոսներում: Պատմական զարգացման երկարատև ընթացքում ձկները հարմարվել են ջրային բոլոր պայմաններին՝ խորություն, աղայնություն, ջերմաստիճան, ճնշում, լուսաթափանցելիություն և այլն:
Ձկների կենսապայմանները, կերատեսակները, մրցակիցներն ու թշնամիները ամենուրեք տարբեր են, դրանով էլ պայմանավորված է ձկների մարմնի ձևի ու գունավորման, կենսակերպի ու վարքի բազմազանությունը:

Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝
1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:
2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:
3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
Ջրի անընդհատ հոսքը դյուրացնում է դրանում շարժումը և ավելի քիչ էներգիա պահանջում:
Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝
\(1\)-ին զույգ վերջույթներ՝ կրծքային լողակներ - պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:
\(2\)-րդ զույգ վերջույթներ՝ փորային լողակներ - օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:
Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ.
Մեջքային լողակ - օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:
Պոչային լողակ - հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:
Ենթապոչային լողակ - մարմնին հաղորդում է կայուն դիրք:

\(I\). Մաշկ
Ձկների բազմերանգ և խայտաբղետ մաշկը, որը պատում է մարմինը արտաքինից. ծածկված է ոսկրաթեփուկներով, որոնք մի ծայրով խրված են մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով շարված են միմյանց վրա: Այդպիսի կղմինդրային շարվածքը պաշտպանում է մարմինը և միաժամանակ չի խանգարում շարժմանը: Թեփուկները արտաքինից պատված են լորձային գեղձերի արտադրանքով: Լորձը փոքրացնում է ջրի հետ շփումը, մեծացնում սահունությունը, պաշտպանում մաշկը: Ոսկրաթեփուկները աճում են ձկան հետ զուգահեռ և ունեն աճի տարեկան օղակներ, որոնք որոշում են ձկան տարիքը:

Ի տարբերություն հոդվածոտանիների, որոնք ունեն արտաքին կմախք՝ խիտինային զրահ, ողնաշարավորներն ունեն ներքին ոսկրային կմախք:
Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի \(2\) կարևորագույն բաղադրիչ՝
\(II\). Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, խռիկային կափարիչներից և այլ մանր ոսկրերից: Ձկան գլուխը անշարժ միացած է ողնաշարին:
\(III\). Ողնաշար. ողնաշարը կազմված է ողնաշարային խողովակից, որում տեղակայված է ողնուղեղը: Ունի երկու բաժին՝ իրանի և պոչի:
Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից:
Ողը կազմված է գլանաձև ոսկրային մարմնից և դեպի վեր ուղղված հոծ վերին աղեղից, որը սրվում է և ավարտվում վերին՝ փուշ ելունով:
Իրանային բաժնում ողնաշարի ողերին միանում են նաև կողերը կամ փշերը, որոնք պաշտպանում են ներքին օրգանները:
Ողնաշարավորների ողնաշարը պաշտպանում է նյարդային համակարգը, հանդիսանում է ներքին հենարան և ապահովում է օրգանիզմի տեղաշարժը:
\(IV\). Գոտիներ.
Կազմված է ուսագոտուց ու կոնքագոտուց, որոնք հենարան են զույգ լողակների համար:

Ձկան մարմնի երկարությամբ ողնաշարի երկու կողմերում ձգվում են մկանային հաստ ժապավեններ, որոնք մարդը համտեսում է որպես սննդամթերք: Առանձնապես լավ զարգացած են իրանի և պոչի մկանները, որոնք կազմված են լայնակի հատվածներից: Մկանների կծկումից ձուկը կատարում է միօրինակ, օձագալար շարժումներ:

Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 118-119
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 170-172
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 170-172
https://pp.userapi.com/c844723/v844723797/17bb10/wVk_iFn9DhA.jpg
http://media.tuicontent.nl/p/header/vakantie-marsa-alam.jpg
https://ru-static.z-dn.net/files/de7/65ae3573e38fe7af0708b9a36e2157f9.jpg
https://ds04.infourok.ru/uploads/ex/016b/0018927a-fcb925a7/img11.jpg
https://reader.lecta.ru/demo/8092-65/data/images/autogen_247801.jpg
https://i.pinimg.com/236x/05/8b/75/058b75b944915f1c616f6a4e7bb228cb--fish.jpg