Հիշենք, որ Համացանցին միացված յուրաքանչյուր համակարգիչ ունի իր թվային Ինտերնետ հասցեն՝ (IP հասցե)։ Սակայն թվերով կազմված IP հասցեն դժվար է հիշել: Այդ իսկ պատճառով Համացանցում նաև URL (Uniform Resource Locator -ռեսուրսի ունիվերսալ որոշիչ) հասցեներ են օգտագործվում։ Այստեղ հասցեի կազմավորման հիմքում ընկած է Համացանցին միացված յուրաքանչյուր համակարգչի համար եզակի դոմենային անվանումը, որը կազմվում է պայմանանշաններով։ Իսկ համակարգչի դոմենային անվանումից դրա IP թվային հասցեի ձևավորումը կատարվում է ավտոմատ՝ անունների դոմենային համակարգի միջոցով։
Ընդհանուր դեպքում URL հասցեները միևնույն կառուցվածքն ունեն. օրինակ՝ http://www.imdproc.am
URL հասցեում հttp:// գրառումը նշանակում է, որ ցանցում ինֆորմացիան կոդավորելու ու փոխանցելու, ինչպես նաև առաջացող սխալները վերամշակելու համար օգտագործվում է ցանցային http հաղորդակարգը (ընդհանրապես WWW–ի տարածքում կիրառվում է http արձանագրությունը)։ Ամեն հասցե գրելիս հաղորդակարգի անվանումն ավարտվում է վերջակետով (:) և իրար անմիջապես հաջորդող երկու թեք գծերով (//)
Համակարգչի դոմենային անվանումը կառուցվում է մի քանի կարգի դոմեններից, որոնք միմյանցից բաժանվում են կետով։ Այսպիսի հասցեն կարդացվում է աջից ձախ։ Ցանկացած հասցեում աջից գրվում է առաջին (առավել լայն, ընդհանրական) մակարդակի դոմենը։ Այն լինում է երկու տիպի՝ աշխարհագրական (երկտառ) և վարչարարական (եռատառ)։
Առաջին մակարդակի դոմենից ձախ գրվում է երկրորդ մակարդակի դոմենը, դրանից ձախ՝ երրորդ կարգի դոմենը և այլն։ Երկրորդ մակարդակի դոմենը կարելի է գրանցել առաջին մակարդակի որևէ դոմենում։
Օրինակ
imdproc.am հասցեում ԻմԴպրոց համահայկական կրթական կայքը երկրորդ մակարդակի imdproc դոմենը գրանցել է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առաջին կարգի am դոմենում։
Հասցեների կառուցման այս սկզբունքը շատ հարմար է, քանի որ հեշտացնում է դոմենային հասցեի մտապահումը։
Նման հասցեն սովորաբար իմաստավորվում է և հաճախ հնարավորություն է տալիս կռահել կայքի հասցեատիրոջը։ Օրինակ՝ beeline.am՝ «բիլայն» բջջային օպերատոր, facebook.com՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանց
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012