Համացանցում պահպանվող հսկայածավալ էլեկտրոնային փաստաթղթերը յուրաքանչյուրին հասու դարձնելու համար հատուկ ծրագրեր, այսպես կոչված՝ բրաուզերներ կան։
Ներկայումս առավել հաճախ կիրառում են Mozilla Firefox, Opera, Safari, Deepnet, Avant, Maxthon, Google Chrome և Windows օպերացիոն համակարգի բաղադրիչ հանդիսացող Internet Explorer բրաուզերները։
Բրաուզերները հնարավորություն են տալիս կայքեր բացելու հայտեր ձևակերպել, իսկ հայցված կայքը ստանալուց հետո ապահովում են դրանից օգտվելը։
Internet Explorer -ի միջավայր մտնելու համար անհրաժեշտ է մկնիկի օգնությամբ հաջորդաբար իրականացնել հետևյալ քայլերը.
Start => All Programs => Internet Explorer
Բրաուզերների պատուհանները հիմնականում պարունակում են հետևյալ ընդհանուր տարրերը.
\(1\).(Back)՝ նախկին բեռնավորված էջի ակտիվացում,
\(2\). (Forward)՝ բացված էջերով հետ գնալուց հետո նորից վերադարձ (եթե Back գործիքը չի գործածվել, ապա Forward-ն ակտիվ չէ),
\(3\). կայքի URL հասցեն լրացնելու դաշտ,
\(4\). (Refresh)՝ էջի վերաբեռնավորում (թարմացում),
\(5\). (Stop)՝ էջի բեռնավորման գործընթացի ընդհատում,
\(6\). (Home)՝ բրաուզերի թողարկումից անմիջապես հետո բացված մեկնարկային էջի ակտիվացում,
\(7\). բրաուզերում ներկառուցված որոնման համակարգի կիրառում,
\(8\). որոնման և բեռնավորման գործընթացի մասին ինֆորմացիայի արտածում։
Mozilla Firefox 7.0.1-ի պատուհանի ընդհանուր տեսքը պատկերված է նկարում։ Ինչպես նկատում եք, Internet Explorer և Mozilla Firefox բրաուզերների պատուհանները հիմնականում նույն բաղադրիչներն ունեն։
Եթե Համացանցում որոնվող կայքի հասցեն հայտնի է, ապա կայքը բացելու համար անհրաժեշտ է հասցեի ներմուծման դաշտում գրել համապատասխան հասցեն և սեղմել Enter ստեղնը:
Եթե Համացանցում ինֆորմացիա որոնելիս անհրաժեշտ կայքի հասցեն հայտնի չէ, ապա կարելի է դիմել հատուկ որոնման համակարգերի (որոնիչների) օգնությանը։ Առավել հաճախ կիրառվող որոնման համակարգերից են Google-ը (www.google.com), Yahoo-ն (www.yahoo.com), Microsoft-ի Bing-ը (www.bing.com)
Ուշադրություն
Համացանցին հեռախոսային ցանցի միջոցով միանալու համար հատուկ սարքավորում է կիրառվում, որը համակարգչի թվային լեզուն փոխակերպում է հեռախոսային ազդանշանների և հակառակը՝ հեռախոսի ազդանշանները՝ թվային լեզվի։ Այդ սարքը կոչվում է մոդեմ։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012