Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:
 
Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որին հանգում է գործողությունը, նպատակ, տեղ, ժամանակ:
 
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:
 
Ուշադրություն
Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:
 
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:
 
Ուշադրություն
Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:
Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:
 
Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:
Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ, որոնք ցույց են տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, տեղ, ժամանակ, ձև, ինչպես նաև գոյականական անդամի որոշիչ լրացումներ:
 
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
 
Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:
 
Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:
Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում: