Ուժաչափ
Ուժը մարմնի վրա թողնում է երկակի ազդեցություն. կարող է փոխել դրա արագությունը կամ դեֆորմացնել այն:
Այսինքն, ուժը կարելի է չափել \(2\) եղանակով՝ չափելով նրա ազդեցության հետևանքով մարմնի արագության փոփոխությունը, կամ չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի չափը:
Ուժը չափելու համար օգտագործվող սարքն անվանում են ուժաչափ կամ դինամոմետր (հունարեն «դինամիս»` «ուժ» և «մետրեո»` «չափում եմ» բառերից): Դրանց աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է:
Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է /տե՛ս նկարը/:
Զսպանակի ազատ ծայրին ուժ կիրառելիս այն երկարում է, իսկ զսպանակին ամրացված ցուցիչ սլաքը սահելով զսպանակի սանդղակի վրայով՝ ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը: Զսպանակի դեֆորմացիան առաձգական է, ուստի ուժի ազդեցությունը վերացնելուց հետո սլաքը վերադառնում է իր սկզբնական դիրքին:
Պարզագույն ուժաչափով կարելի է չափել միայն ձգող ուժերը, սակայն կան ուժաչափեր, որոնք չափում են սեղմող ուժեր:
Տեխնիկայում, կենցաղում, սպորտում, բժշկության մեջ օգտագործում են տարբեր կառուցվածքի ուժաչափեր (տե՛ս նկարներ): Սակայն անկախ իրենց կառուցվածքից ՝ բոլորն ունեն առաձգական տարր և չափիչ սանդղակ: