Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները
Բոլոր կենդանի օրգանիզմներում սննդի քայքայման և բջջային շնչառության արդյունքում առաջանում են անպիտան մնացորդներ կամ արգասիքներ: Դրանցից շատերը թունավոր են և մահացու: Այդ պատճառով օրգանիզմները դրանք իրենց օրգանիզմից հեռացնում են արտաքին միջավայր:
Նյութափոխանակության հետևանքով գոյացած անպիտան և թունավոր արգասիքների ելքը օրգանիզմից դեպի շրջակա միջավայր կոչվում է արտազատություն:
Ուշադրություն
Արտազատությունը կենդանի օրգանիզմների հիմնական կենսական հատկություններից է:
Շնչառության արգասիք ածխաթթու գազը արտազատվում է անմիջապես շնչառական համակարգի կողմից: Բայց պետք է հեռացնել նաև ավելորդ ջուրը` , մնացորդային աղերը, ազոտ (\(N\)) պարունակող թունավոր նյութերը և այլն:
Ջուրը լավ լուծիչ է, ուստի հեռացվում են նաև նրանում լուծված մնացյալ արգասիքները: Հաճախ դրանք կարող են հեռացվել կուտակված չոր մնացորդների տեսքով:
Արտազատությունը տարբեր կերպ է կատարվում բույսերի, կենդանիների և մնացած օրգանիզմների մոտ:
Միաբջիջ օրգանիզմների և ստորակարգ բազմաբջիջների մոտ արտազատությունը կատարվում է մարմնի ամբողջ մակերեսով:
Այս դեպքում սննդառությունն ու շնչառությունը և արտաթորությունը հակադիր գործընթացներ են: Նյութերի մուտքը շրջակա միջավայրից օրգանիզմ ապահովում են սնուցումն ու շնչառությունը: Նյութերի ելքը օրգանիզմից շրջակա միջավայր ապահովում է արտազատությունը:
Այս երկու գործընթացների փոխկապակցված ամբողջությունը կոչվում է նյութափոխանակություն:
Արդյունքում օրգանիզմի և շրջակա միջավայրի միջև տեղի է ունենում նյութերի և նրանցում պարփակված էներգիայի փոխանակում:
Այն կազմավորումները, որոնք ունակ են նյութափոխանակության կոչվում են բաց համակարգեր:
Բույսերի մոտ արտազատությունը կատարվում է երկու ձևով.
1. Ամբողջ մակերեսով: Ջրում չլուծված, չոր մնացորդները կուտակվում են ծածկող հյուսվածքի` կեղևի, վերնամաշկի տակ և հեռացվում դրանց պոկվելու հետ: Օրինակ` կաուչուկային խեժը: Որոշ արգասիքներ հեռացվում են տերևաթափի ժամանակ` տերևներում կուտակված:
2. Տերևի հերձանցքային բջիջներով: Ինչպես արդեն գիտեք հերձանցքներով կատարվում է ջրի գոլորշիացում: Ավելորդ ջուրն ու նրանում լուծված արգասիքները/ավելցուկային աղերը, լուծելի մնացորդները/ հեռացվում են ջրի գոլորշիացմամբ:
Կենդանիների մոտ արտազատությունը կատարվում է հետևյալ կերպ.
1. Պարզագույն կենդանիները արտազատում են մարմնի ողջ մակերեսով:
2. Բարձրակարգ կենդանիների արտազատությունը կատարվում է մասնագիտացված արտազատության օրգան համակարգերի միջոցով:
Օղակավոր որդերի արտազատությունը կատարվում է ձագարաձև հավաքող օրգանների միջոցով, որոնք միասին կազմում են արտաթորության համակարգ:
Միջատների արտազատությունը ապահովում են երկար խողովականման օրգանները` մալպիգյան անոթները:
Ողնաշարավոր կենդանիների, նաև մարդու արտազատությունը կատարվում է բարդ կազմավորված օրգանների` երիկամների օգնությամբ:
Երիկամները մեզի տեսքով օրգանիզմից հեռացնում են ջրի ավելցուկն ու նրանում լուծված մնացյալ արգասիքները:
Արտազատության շնորհիվ կայուն մակարդակի վրա է պահպանվում կենդանի օրգանիզմի ներքին միջավայրն ու քիմիական բաղադրությունը:
Արտազատության խափանման հետևանքով ցանկացած օրգանիզմ թունավորվում է և արդյունքում կարող է մահանալ:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 121-124
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն, էջ 119-125
https://j.livelib.ru/boocover/1001230787/o/3e3f/G._M._Sveshnikova__Evolyutsiya_vydelitelnoj_sistemy._Tablitsa.jpeg
http://www.studyboard.com/server/uploads/editoruploads/145723975769image.png
http://ic.pics.livejournal.com/falcom432/29482706/199542/199542_900.jpg