Նյութերի փոխադրումը կենդանի օրգանիզմներում և նրանց կապը միջավայրի հետ
Նյութափոխանակության գործընթացների բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ են հաղորդակցության ուղիներ միմյանցից հեռու գտնվող օրգանների, հյուսվածքների և բջիջների միջև:
Առանց այդ ուղիների գոյության օրգանիզմը կդադարի լինել մեկ ամբողջություն, կխաթարվի նյութերի բնական փոխանակությունը:
Նյութափոխանակության բաղադրիչների մասնագիտացված տեղափոխումը գործառութային օրգան համակարգերով կոչվում է նյութերի փոխադրում:
Բույսերի և կենդանիների օրգանիզմներում նյութերի փոխադրումը կատարվում է տարբեր կերպ, բայց նույն սկզբունքով:
 
Համաձայն այդ սկզբունքի՝ անհրաժեշտ է.
  • Կլանված և մեկ տեղում կենտրոնացած սննունդն ու թթվածինը ցրել դեպի բոլոր բջիջները:
  • Բջիջներում ցրված ածխաթթու գազն ու արգասիքները կենտրոնացնել արտազատության օրգաններում:
  • Որոշակի նյութերով հարուստ օրգաններից տվյալ նյութերը ուղղել դեպի առավել աղքատ օրգաններ:
Բույսերի մոտ ցողունը նյութերի փոխադրման ակտիվ մասնակիցն է, քանզի նրանով են անցնում փոխադրման հիմնական ուղիները: Ցողունում գոյացնող հյուսվածքից ձևավորվում է փոխադրող հյուսվածքը:
 
r4.jpg
 
Բույսերի փոխադրող հյուսվածքը նյութերի փոխադրման մասնագիտացված միավոր է:
 
Գոյացնող հյուսվածքից աջ - առաջանում են ջրատար անոթները: Սրանք վերընթաց են` արմատներից դեպի տերևներ են փոխադրում ջուր և նրանում լուծված նյութեր: Գտնվում են բնափայտում:
Գոյացնող հյուսվածքից ձախ - առաջանում են մաղանման խողովակներ: Դրանք վարընթաց են` տերևներից դեպի այլ օրգաններ են փոխադրում սննդանյութեր:
Բույսերում փոխադրման համար ուժի աղբյուր է ծառայում արմատային ճնշումն ու հերձանքներով ջրի գոլորշիացման քարշը:
  
Բազմաբջիջ և բարդ կազմավորված կենդանիների մոտ փոխադրման հիմնական միջոցը ջուրն է: Այն իր մեջ լուծում և ներառում է նյութափոխանակության հիմնական բաղադրիչները և ապահովում դրանց մատակարարումը:
 
Փոխադրման այդպիսի մասնագիտացված ջրալուծույթային կազմավորում է արյունը:
  
Բարձրակարգ կենդանիների փոխադրման համակարգը ունի երեք կարևորագույն օղակ.
  
\(1\). Փոխադրող միջավայր - արյուն:
\(2\). Փոխադրող ուղիներ - արյունատար անոթներ:
\(3\). Փոխադրող ուժի աղբյուր - սիրտ:
 
improve.jpg
 
Արյան և դրա շրջանառության մասին պատկերացումները \(17\)-րդ դարում առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ և բնագետ Ուիլյամ Հարվեյը:
 
Արյունը օրգանիզմում ունի նաև մեկ այլ զարմանահրաշ նշանակություն: Այն ապահովում է մեր մարմնի կայուն ջերմաստիճանը` \(36,6°C\): Ինչպես գիտեք ֆիզիկայի դասընթացից` միջավայրում էներգիան կարող է ցրվել ջերմության տեսքով: Սննդի քայքայման հետևանքով առաջացող էներգիան ևս ցրվում է՝ որպես ջերմություն: Արյունը կլանում է այն, տաքանում և շրջանառելով հավասարապես բաշխում անջատված ջերմությունը:
Օրգանիզմների մարմնի ջերմաստիճանը պայմանավորված է նյութափոխանակության ուժգնությամբ:
 
image5.png
 
Տարբերակում ենք.
 
1. Սառնարյուն կենդանիներ - նրանց մարմնի ջերմաստիճանը կայուն չէ, նյութափոխանակությունը դանդաղ է: Նրանց ակտիվությունը պայմանավորված է շրջակա միջավայրի ջերմաստիճանով:
Օրինակ
Որդերը, միջատները, ձկները, գորտերը:
2. Տաքարյուն կենդանիներ - ունեն մարմնի կայուն ջերմաստիճան, որն անփոփոխ է անկախ եղանակային պայմաններից: Նյութափոխանակությունը ինտենսիվ է: Ակտիվ կենսակերպ վարող օրգանիզմներ են:
Օրինակ
Բոլոր թռչունները, շները, կատուները, մարդը:
Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է շարժման ունակությունը:
 
Ուշադրություն
Ակտիվ նյութափոխանակություն ունեցող օրգանիզմներին բնորոշ է աշխույժ շարժունակությունը: Եվ հակառակը` պասիվ նյութափոխանակությամբ օրգանիզմները սակավաշարժ են:
Բույսերը պասիվ են շարժվում, քանի որ արմատով ամրացված են տարածության որոշակի կետի և չեն կարող այն փոփոխել: Այնուհանդերձ նրանք կարող են թեքվել, ուղղվել, ձգվել դեպի լույսը, խոնավությունը, ջերմությունը:
 
Sunflowers_Sky_Grass_Sun_496215.jpg
Օրինակ
Կենդանիները տարածության մեջ հարմարավետ տեղաշարժվող օրգանիզմներ են, որոնք ունեն տեղաշարժման հատուկ հարմարանքներ:
Ձկների, կետերի, դելֆինների լողակները` ջրում լողալու համար:
Թռչունների, միջատների, չղջիկների թևերը` օդում թռչելու համար:
Ձիերի, այծերի, սողունների ոտքերը` ցամաքում տեղափոխվելու համար:
Աղբյուրները
Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ., էջ 125-127
Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան , Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն, էջ 119-120
https://astrablobs.blob.core.windows.net/kitcontent/a760ffc8-31cd-4879-b61b-584d2ad3a1d2/e1afb8be-0a99-4d24-bb22-c043b25340a8/ptk_41_l.jpg
https://iceberg.clinic/wp-content/uploads/2017/03/28-02-2017-04.jpg
http://membra.ru/images/cms/data/gomeostaz/image5.png
http://s1.1zoom.me/big7/977/Sunflowers_Sky_Grass_Sun_496215.jpg