Լույսի ուղղագիծ տարածումը և դրա ապացույցները
Բազմաթիվ դիտումներով և փորձերով հաստատվել է, որ թափանցիկ համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։
Օրինակ
Եթե լույսի աղբյուրի և մեր աչքի միջև տեղադրենք անթափանց մարմին, ապա լույսի աղբյուրը մենք չենք տեսնի, քանի որ լույսի ուղղագիծ տարածման հետևանքով ճառագայթը չի կարողանա շրջանցել խոչընդոտը:
Լույսի ուղղագիծ տարածմամբ են բացատրվում ստվերների առաջացումը, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ:
Ստվերի առաջացումը
Լույսի ուղղագիծ տարածմամբ է բացատրվում ստվերի առաջացումը: Նկարներում պատկերված են անթափանց մարմիններ՝ գունդ և սափոր:
 
Փոքր չափեր ունեցող լույսի \(S\) աղբյուրով լուսավորելիս \(B\) էկրանին առաջանում է ստվեր: Եթե լույսը ուղղագիծ չտարածվեր, ապա կշրջանցեր գունդը կամ սափորը և կլուսավորեր դրա հետևում գտնվող էկրանի ողջ տիրույթը:
 
maxresdefault.jpg  hello_html_83c7dd4-w265.jpg
Լույսի ուղղագիծ տարածումն օգտագործում են տեղանքում կամ ստորգետնյա ուղիղ ճանապարհներ նախագծելու, ուղիղ գծով սյուներ տեղակայելու համար:
Սյուները տեղադրում են այնպես, որ բացի մոտակա սյունից` մնացածը չերևան:
 
Արեգակի և Լուսնի խավարումները 
  
Լուսինը լույսի աղբյուր չէ, այն սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է, սակայն տեսանելի է, քանի որ անդրադարձնում է Արեգակից իր վրա ընկնող ճառագայթները։
 
Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և տեղի է ունենում Արեգակի խավարում։
 
Երկրի մակերևույթի՝ լրիվ ստվերի սահմաններում հայտնված մասերից, դիտվում է Արեգակի լրիվ խավարում, իսկ ոչ լրիվ ստվերում գտնվող տեղերից դիտվում է Արեգակի մասնակի խավարումը։ 
Արեգակի խավարում դիտվում է, երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և Երկրի միջև:
bellf201.gif
 
image_860907170959146848321.gif
Լուսնի խավարումը դիտվում է, երբ Երկիրը հայտնվում է Արեգակի և Լուսնի միջև:
Այդ դեպքում Լուսինը գտնվում է Երկրի կողմից առաջացած ստվերի տիրույթում:
 
NASA_Supermoon_Lunar_Eclipse (1).gif
 
Արեգակի և Լուսնի խավարումները գիտնականները կարողանում են մեծ ճշգրտությամբ կանխատեսել կատարվելուց շատ տարիներ առաջ:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն