Էլեկտրական հոսանքի ազդեցությունները
Մենք չենք կարող տեսնել էլեկտրական լիցքերը և նրանց շարժումը հաղորդիչով։ Սակայն էլեկտրական հոսանքի առկայության, նրա ինտենսիվության մասին կարող ենք դատել ըստ նրա ազդեցությունների, որոնք չորսն են՝ ջերմային, մագնիսական, քիմիական և կենսաբանական։
Հոսանքի ջերմային ազդեցությունը.
Երբ հաղորդիչով հոսանք է անցնում այն տաքանում է, երբ անջատում են՝ սառչում է:
Հոսանքի ջերմային ազդեցության վրա է հիմնված բոլոր ջեռուցիչ սարքերի աշխատանքը, որոնցում էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի։ Շարժանկարի փորձում երևում է, որ մետաղյա լարը, որով էլեկտրական հոսանք է անցնում, տաքանում և երկարում է:
Հոսանքի ջերմային ազդեցության վրա է հիմնված նաև շիկացման լամպերի աշխատանքը, որոնցում էլեկտրական էներգիան փոխակերպվում է ջերմային և լուսային էներգիայի։
Հոսանքի մագնիսական ազդեցությունը.
Հաղորդիչի միջով հոսանք անցնելիս նրա մոտ տեղադրված մագնիսական սլաքը շրջվում է։ Երբ մեխի վրա փաթաթված լարով հոսանք է անցնում, մեխը մագնիսանում և ձգում է երկաթյա փոքրիկ մարմինները։
Հոսանքի քիմիական ազդեցությունը.
Եթե լուծույթի միջով հոսանք է անցնում, ապա փոխվում է նրա քիմիական բաղադրությունը՝ առաջանում է նստվածք: Օրինակ պղնձարջասպի լուծույթով հոսանք անցնելիս անջատվում է պղնձի գորշ կարմրավուն նստվածք։ Դա հոսանքի քիմիական ազդեցության արդյունքն է:
Հոսանքի կենսաբանական ազդեցությունը.
Էլեկտրական հոսանքը որոշակի ազդեցություն կարող է ունենալ մարդկանց և կենդանիների վրա:Այն կարող է ազդել արյան շրջանառության,սրտի աշխատանքի, ինչպես նաև բույսերի աճի վրա։ Հոսանքի ազդեցությունը կիրառվում է բուժական նպատակներով։
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն