Էներգիայի տեսակները և փոխակերպումները
Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն:
  
1. Ջերմային էներգիա
  
Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:
 
s_04.gif
  
2. Էլեկտրական էներգիա
  
Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների:  
Օրինակ
Էլեկտրաշարժիչներում էլեկտրական էներգիան վերածվում է մեխանիկական էներգիայի, ջեռուցիչ սարքերում` ջերմային էներգիայի, լուսավորող սարքերում` լուսային էներգիայի:
Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում՝ հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում, արևի մարտկոցներում:
 
20140602-200318-72198366.jpg floating-solar-japan.jpg
 
3. Միջուկային էներգիա 
 
Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակայաններում այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:
  
33750.jpg 
  
 
4. Քիմիական էներգիա
 
Քիմիական էներգիան անջատվում է տարբեր նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով, ցանկացած վառելիքի այրման ժամանակ: Քիմիական էներգիայով են աշխատում, օրինակ, էլեկտրական մարտկոցները:
 
battery.jpg
  
5. Ճառագայթային էներգիա
 
Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:
   
d6yl6kondf1o.gif 
 
Էներգիան կարող է մի տեսակից փոխակերպվել մեկ այլ տեսակի: Հիդրոէլեկտրակայանում ջրի մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի, որն իր հերթին կարող է փոխակերպվել ջերմային, լուսային էներգիաների:
  
Էներգիան կարող է մի մարմնից հաղորդվել մյուսին: Երբ շարժվող գունդը բախվում է անշարժ գնդին և շարժում է այն, նրան հաղորդում է իր մեխանիկական էներգիայի մի մասը։ Տաք և սառը մարմինների հպման ժամանակ տաք մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է սառը մարմնին և այլն։
Բազմաթիվ փորձերի արդյունքներով հաստատվել է, որ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այլ` մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի:
Այս պնդումն անվանում են էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք:
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.   
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա.Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ  հրատարակչություն