Հայաստան տեղանունն ունի մի շարք բնորոշումներ: Հայկական լեռնաշխարհի (պատմական Հայաստանի) տարբեր մասերում, տարբեր ժամանակահատվածներում ձևավորված թագավորությունները կոչվել են Հայաստան (օրինակ՝ Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի Հայկական թագավորությունները)։ Հայկական լեռնաշխարհի առանձին հատվածներ շարունակել են Հայաստան կոչվել նույնիսկ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկված է եղել անկախ պետականությունից։
Ներկայումս ևս Հայաստան անվանումն ունի մի քանի բացատրություն: Առաջին դեպքում Հայաստան (ՀՀ) անվանումը վերաբերում է պատմական Հայաստանի այն հատվածին, որտեղ վերականգնվել է հայոց պետականությունը և ճանաչված է միջազգայնորեն։ Երկրորդ դեպքում Հայաստան անվանումն օգտագործվում է որպես Հայաստանի Հանրապետության և փաստորեն (դե ֆակտո) գոյություն ունեցող Արցախի Հանրապետության միասնական անվանում (ոչ պաշտոնական)։ Երրորդ դեպքում Հայաստան ասելիս հասկանում ենք Պատմական Հայաստան։
- մաթեմատիկա-աշխարհագրական
- տրանսպորտա-աշխարհագրական
- տնտեսա-աշխարհագրական
- ֆիզիկա-աշխարհագրական
- քաղաքա-աշխարհագրական
Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիս-արևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։
«Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հերման Աբիխը: Նա հրատարակել է «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (\(1878–1887\)) եռահատոր աշխատությունը, որի \(2\)-րդ և \(3\)-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին, որով և շրջանառության մեջ է դրել «Հայկական լեռնաշխարհ» (\(Armenian\) \(Highland\)) ֆիզիկաաշխարհագրական անվանումը։
Գերմանացի աշխարհագետ Կառլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի», ինչը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Հայկական լեռնաշխարհը միջին բարձրությամբ (մոտ \(1800\)մ) զգալիորեն գերազանցում է հարակից Իրանական և Փոքրասիական բարձրավանդակները:
Իռլանդացի ճանապարհորդ-աշխարհագրագետ Լինչը կատարել է \(2\) ճանապարհորդություն դեպի Հայաստան և ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է «Հայաստան» աշխատության մեջ, որը հրատարակել է Լոնդոնում \(1901\) թվականին: Նա իր աշխատությունում տալիս է տեղեկություններ հայերի կենցաղի, սովորույթների, ճարտարապետական կառույցների մասին:
Համաաշխարհագրական կամ մաթեմատիկաաշխարհագրական դիրքը արտահայտվում է տարածքի եզրակետերի կամ կենտրոնական մասում գտնվող երկրաչափական կենտրոնի աշխարհագրական կոորդինատներով։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում: Նրա կորդինատներն են՝ հյուսիսում \(35⁰ 40՛\) և \(42⁰ 10՛\), արևմուտքում՝ արևելյան երկայնության \(35⁰ 48՛\) և \(49⁰ 56 ՛\) (ըստ Գ.Թ. Շիրինյանի):
Հայկական լեռնաշխարհի մեզոդիրքը
Հայաստան պետության և հայ ժողովրդի զբաղեցրած տարածքի սահմանները հազարամյակների ընթացքում բազմիցս փոփոխվել են։ Տիգրան Մեծի տերությունը ձգվել է Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռնաշղթայից մինչև դաշտային Միջագետք։
Աշխարհագրական դիրքի տեսակներից յուրաքանչյուր պետության համար առանձնահատուկ կարևորություն ունեն տնտեսաաշխարհագրական (ՏԱԴ) և քաղաքաաշխարհագրական դիրքերը (ՔԱԴ)։ Դրանք, ի տարբերություն նախորդների, ձևավորվում են հասարակական երևույթների ազդեցությամբ և ենթակա են այնպիսի արագ փոփոխությունների, որոնք կարող են տեղի ունենալ ինչպես տվյալ պետությունից անկախ պատճառներով (արտաքին պատճառներ), այնպես էլ ուղղակիորեն պայմանավորված են նրա ներքին զարգացումներով (ներքին պատճառներ)։
Արտաքին պատճառներ են տվյալ պետության շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադրությունը, անմիջական հարևանների քաղաքական կողմնորոշումները, նրանց հետ հարաբերությունների բարելավումը կամ վատացումը և միջազգային այլ զարգացումներ։
Ներքին պատճառներ են պետության միջազգային կարգավիճակի, ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադրության, քաղաքական կողմնորոշման, հարևանների հետ ունեցած հարաբերությունների և այլ բնույթի փոփոխությունները, որոնք կարող են ազդել աշխարհում կամ տարածաշրջանում նրա տեղի ու դերի վրա։
Հայոց պետականության հզորացման ու անկման ժամանակները հանգեցրել են երկրի քաղաքաաշխարհագրական ու տնտեսաաշխարհագրական դիրքի արմատական փոփոխությունների։ Երբ Հայաստանը եղել է ծովային պետություն, ունեցել է բարեկամ հզոր հարևաններ և, գտնվելով Արևելքն Արևմուտքին կապող միջազգային առևտրական-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհի վրա, հզորացել է ու բարգավաճել։
Սակայն, շատ հաճախ Հայաստանը հայտնվել է թշնամական շրջապատման մեջ, զրկված է եղել ծովային սահմաններից, Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի հարևանների համար դարձել է մրցակցության և տևական պատերազմների թատերաբեմ։ Նվաճվել ու թալանվել է նրանց կողմից, զրկվել է պետական անկախությունից, իսկ ժողովուրդը ենթարկվել է ճնշումների և բռնագաղթի։
Ներկայիս Հայկական երկու պետությունները զբաղեցնում են հայ ժողովրդի պատմական բնատարածքի շուրջ \(10\)%-ը։
«Հայաստանի Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան 2009