ՀՀ աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները
Ա. Ֆիզիկաաշխարհագրական և մաթեմատիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները
  
ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է, իսկ Գրինվիչի միջօրեականի նկատմամբ՝ արևելյան կիսագնդի սահմաններում՝ \(3\)-րդ ժամային գոտում: Նվազագույն գծային հեռավորությունը մերձակա ծովերից \(145\) կմ է (Սև ծով): Կասպից ծովից հեռավորությունը \(175\) կմ է, Միջերկրական ծովից՝ \(750\) կմ, իսկ Պարսից ծոցից՝ մոտ \(1000\) կմ: ՀՀ-ից հյուսիս գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթան, իսկ հարավ՝ Իրանական և Արաբական անապատները, որոնք բոլորը մեծ ազդեցություն են թողնում մեր տարածքի կլիմայական պայմանների վրա:
 
այբ-w1102.jpg
 
Բ. Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքաաշխարհագրական և տնտեսաաշխարհագրական դիրքի առանձնահատկություններն են.

1. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։

2. Հարավային Կովկասով (և Հայաստանով) է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։

3. Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), արևելյան (իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում։

4. Անմիջական ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից)։

5. Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։

6. Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին։
 
Qaxaqakrtutyunner.jpg

7. Գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական շահերի բախման գոտում. մի տարածաշրջանում, որը հայտնի է իր քաղաքական անկայունությամբ։

8. Ռազմավարական գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման։
 
9. Լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ սահմանակից է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ամենաարևելյան անդամ Թուրքիային:
 
10. Միջազգային պատժամիջոցներ են սահմանվել ռազմավարական գլխավոր երկրի՝ Ռուսաստանի և հարավային հարևան ու բարեկամ երկրի՝ Իրանի նկատմամբ, ինչը դժվարացնում է այդ երկրների տնտեսական իրավիճակն ու ՀՀ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը:
 
11. Լարված են վրաց-ռուսական հարաբերությունները, որը անդրադառնում է մեզ վրա, քանի որ Վրաստանը մեր երկրների միջև ցամաքային հաղորդակցության միակ միջնորդն է:
 
ՀՀ ներկա տնտեսաաշխարհագրական դիրքը (ՏԱԴ) բնութագրելիս և գնահատելիս պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք։ Այդ դիրքը բնութագրող տնտեսաաշխարհագրական օբյեկտները՝ երկաթուղիները, ավտոխճուղիները, նավահանգիստները, նավթամուղներն ու գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը, հզոր արտադրական կենտրոնները, հիմնվել են մինչև երրորդ հանրապետության անկախացումը։ Դրանք ծառայել են Հայաստանին և նրա տնտեսաաշխարհագրական դիրքը դարձրել նպաստավոր։
 
Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում և կառուցվում են նորերը։ Սակայն քաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծ մասի առավելություններից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է առավելապես որպես ոչ նպաստավոր։ Հետևաբար, ստեղծված իրավիճակում գերակա նշանակություն է ձեռք բերում քադաքաաշխարհագրական գործոնը, որի էությունը հետևյալում է. անցյալ դարի \(80\)-ական թվականների վերջերին բորբոքված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրեց ՀՀ-ի հետ նրա անմիջական հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ծայրաստիճան լարվածության։
 
Թուրքիան և Ադրբեջանը իրենց հռչակել են որպես թուրքալեզու «եղբայրական ժողովուրդներով» բնակեցված ռազմավարական դաշնակից երկրներ և հրաժարվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ ՀՀ նկատմամբ վարում են բացահայտ թշնամական քաղաքականություն, չեն բացում պետական սահմանները և ձգտում են ավելի խստացնել նրա տրանսպորտային շրջափակումը։
 
123.jpg
  
Հայ-թուրքական փակ սահմանի ուղեկալը:

Հայաստանի Հանրապետության ՏԱԴ-ի վատթարացմանը նպաստում է նաև վրաց-աբխազական շարունակվող հակամարտությունը։ Այդ պատճառով չի գործում Վրաստանը Աբխազիային ու Ռուսաստանին կապող երկաթուղին, որից նախկինում օգտվում էր նաև Հայաստանը։

Այլ երկրների նման ՀՀ-ի ՏԱԴ-ը նույնպես ժամանակի ընթացքում կարող է ենթարկվել փոփոխության, նրա ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր։
 
Այսպես, հետագայում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարվելը, նրա շրջափակման վերացումը, դարաբաղյան հարցի խաղաղ լուծումը կարող են փոխել ամբողջ Հարավային Կովկասում տիրող քաղաքական իրադրությունն: Դա թույլ կտա լիովին օգտագործել Հայաստանի և նրա հարևան երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավորությունները, դրանք ծառայեցնել խաղաղության հաստատմանը։
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 27-33
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան,  Երևան  2009
http://bintel.com.ua/uploads/images/konkurs/bondaruk/14-Geospatial06-1.jpg
https://rusarminfo.ru/wp-content/uploads/2017/04/turk-1.jpg