ՀՀ վարչատարածքային կառուցվածքը
Հասարակության, պետության կառավարումն իրականացվում է երկու հատույթով՝ ճյուղային և տարածքային։
Ճուղային կառավարումը վերաբերում է հասարակական կյանքի ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր-մշակութային) կառավարմանը։ Ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր ճյուղերն ու ենթաճյուղերը, որոնց կառավարման համար ստեղծվում են ճյուղային նախարարություններ, կոմիտեներ, գործակալություններ, վարչություններ, ծառայություններ և այլն։
Օրինակ
Բնապահպանության նախարարություն և դրա կազմում ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, կրթության և գիտության նախարարություն և դրա կազմում հանրակրթության վարչություն:
Տարածքային կառավարում իրականացնելու համար երկիրը բաժանում են մասերի, այսինքն՝ կատարում են վարչատարածքային բաժանում։
Վարչատարածքային բաժանման միավորները տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում՝ մարզ, նահանգ, երկրամաս, վիլայեթ, շրջան և այլն։ Այդ տարածքները կարող են տրոհվել ավելի փոքր միավորների՝ ընդհուպ մինչև գյուղական համայնքների։ Դրանք բոլորը վարչատարածքային բաժանման միավորներ են և միասին կազմում են պետության վարչատարածքային կառուցվածքը։
Վարչատարածքային ամեն մի միավոր ունի իր կառավարման մարմինը, որը կարող է լինել նշանակովի կամ ընտրովի։
Հայոց պատմությունից հայտնի բոլոր հայկական պետությունները (թագավորությունները) ունեցել են իրենց վարչական բաժանումները։ Ցարական Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանը ունեցել է եռաստիճան բաժանում, բաժանված է եղել նահանգների, նահանգները՝ գավառների, գավառները՝ ոստիկանական տեղամասերի։ \(1918\)թ. անկախ պետություն դարձած Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իսկ հետագայում նաև Խորհրդային Հայաստանի իշխանությունները բարեփոխեցին վարչատարածքային բաժանումը։
\(1921\) թ. ընդունած հատուկ դեկրետով փոփոխվեցին վարչատարածքային միավորների սահմանները, ինչպես նաև առաջին և երկրորդ աստիճանի միավորների անվանումները։ Երկիրը բաժանվեց \(9\) գավառի և \(38\) գավառակի։
\(1929-1930\) թթ. հաստատվեց վարչատարածքային նոր կառուցվածքը, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց մինչև \(1995\) թ.։ Ի տարբերություն նախորդ բաժանումների՝ մի քանի համեմատաբար մեծ քաղաքներ իրենց իրավունքներով հավասարվեցին վարչական շրջաններին և ուղղակիորեն ենթարկվեցին հանրապետական մարմիններին։
Խորհրդային Հայաստանն իր գոյության վերջին տարիներին բաժանված էր \(59\) առաջին աստիճանի վարչատարածքային միավորների՝ \(37\) վարչական շրջանների, \(22\) հանրապետական ենթակայության քաղաքների, ինչպես նաև \(5\) շրջանային ենթակայության, \(31\) քաղաքատիպ ավանների և շուրջ \(479\) գյուղական խորհուրդների, որոնք վարչատարածքային բաժանման երկրորդ աստիճանի միավորներ էին։
Հայկական ԽՍՀ-ի վարչական բաժանումը
Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչատարածքային բաժանումը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի \(1995\) թ. ընդունած օրենքով։ Վարչական նախկին շրջանների միավորման արդյունքում ստեղծվեցին \(10\) վարչական մարզեր և Երևանը՝ մարզի կարգավիճակով։
Երկրորդ աստիճանի միավորները կոչվեցին համայնքներ: Ավելի ուշ՝ \(2009\) թ. հունիսի \(1\)-ից Երևանը նույնպես ստացավ համայնքի կարգավիճակ, իսկ \(2006\) թ-ին քաղաքային համայնք դարձավ Այրում բնակավայրը։
Այժմ ՀՀ-ն ունի \(49\) քաղաքային համայնք, իսկ \(866\) գյուղական համայնքները \(2016\)թ.-ից ենթարկվում են խոշորացման՝ տարբեր առանձին համայնքների միավորման արդյունքում։
ՀՀ-ի ներկա վարչական բաժանումը
Օգտագործելով քարտեզը՝ մտապահեք մարզերն ու մարզկենտրոնները:
Մարզպետերին նշանակում է ՀՀ կառավարությունը, իսկ մարզերի սահմաններում իրականացվում է տարածքային կառավարումը։ Քաղաքային և գյուղական համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում, իսկ համայնքների ղեկավարներն ընտրվում են համայնքների բնակչության կողմից։
ՀՀ մարզերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները (ունենան այս հատկանիշները).
- այնպիսի մեծություն, որի կառավարումը հեշտ կլինի,
- տնտեսական զարգացման բավարար բնական նախադրյալներ,
- բավարար տնտեսական և մշակութային ներուժ,
- հարմար աշխարհագրական դիրք ունեցող տնտեսական կազմակերպիչ կենտրոն,
- բավարար ներքին ճանապարհային ցանց:
Ներկայումս մարզերը ներառված են պետական կառավարման ենթահամակարգի, իսկ համայնքները՝ տեղական ինքնակառավարման ենթահամակարգի մեջ։
Հայաստանի Հանրապետության մարզերը, որոնք պատկերված են ՀՀ վարչական բաժանման քարտեզում, նկատելիորեն տարբերվում են թե՛ տարածքի մեծությամբ, թե՛ բնակչության թվով։ Դա երևում է նաև ստորև բերված աղյուսակից։
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 27-33
«Հայաստանի Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան 2009
«Հայաստանի Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան, Երևան 2009