Ռեսուրսաապահովվածություն
Ռեսուրսաապահովվածություն: Ցուցանիշները
  
Հանքային ռեսուրսների սպառման վտանգը մասնագետներին դրդում է պարբերաբար գնահատել դրանց արդեն օգտագործված և դեռևս պահպանվող չափերը ինչպես որևէ երկրում, այնպես էլ ամբողջությամբ աշխարհում: Երկրների, տարածաշրջանի կամ ընդհանրապես ամբողջ աշխարհի սպառվող ռեսուրսի տվյալ տեսակի ապահովվածությունը գնահատելու նպատակով օգտվում են ռեսուրսաապահովվածության ցուցանիշից: Այն հաշվում են երկու եղանակով:
 
ռեսուրսապահովվածություն.jpg 
1. Երկրում (տարածաշրջանում, աշխարհում) ռեսուրսի տվյալ տեսակի հաշվարկված (հետախուզված, չափված) պաշարները բաժանում են այդ նույն տարածքի բնակչության թվին, ստանալով, թե մեկ շնչին միջին հաշվով տվյալ ռեսուրսից որքան է բաժին ընկնում:
 
Բնականաբար դա չի նշանակում, որ յուրաքանչյուր մարդ այդ տարածքում ունի տվյալ ռեսուրսի որոշված քանակը, սակայն համեմատություններ իրականացնելիս, դա բավական լավ ցուցանիշ է՝ հասկանալու, թե ո՞ր տարածքի բնակչությունն է ավելի ապահովված ռեսուրսի տվյալ տեսակով:
Ուշադրություն
Ռշունչ = Պաշարներ/Բնակչություն (տ/մարդ)
2. Երկրում (տարածաշրջանում, աշխարհում) ռեսուրսի տվյալ տեսակի հաշվարկված (հետախուզված, չափված) պաշարները բաժանում են տվյալ պահին շահագործվող (արդյունահանվող) պաշարների տարեկան քանակին (ծավալին)՝ ստանալով, թե քանի տարի կբավարարի տվյալ ռեսուրսը, եթե շարունակվի սպառվել ներկա ծավալով: Այս ցուցանիշն իր հերթին թույլ է տալիս երկրներին պլանավորել իրենց տնտեսությունը և հաշվարկել իրենց քայլերը ապագայում, երբ տվյալ ռեսուրսը կսպառվի:
Ուշադրություն
Ռտարի = Պաշարներ/ Արդյունահանում (տարիներ) 
Օրինակ
Ուրանի հետախուզված պաշարները կազմում են 2,4 մլն տ, իսկ ատոմակայանների տարեկան պահանջարկը՝ շուրջ 60 հազ. տ: Ռեսուրսաապահովվածությունը արդյունահանման տարեկան չափը չփոխվելու դեպքում կլինի 40 տարի: Ինչը նշանակում է, որ եթե ուրանի նոր էական պաշարներ չհայտնաբերվեն, մարդկությունը ստիպված է լինելու այլընտրանք փնտրել ատոմային էներգետիկային կամ ուրանին, որպես վերջինիս հումք:
Նկարում հանքային ռեսուրսների (գունավոր մետաղների ՝պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն) հանքավայր է: Այսպիսի համալիր հանքավայրերը շատ բնորոշ են Հայաստանի Հանրապետությանը:
 
sotk-gold-mine-armenia_0.jpg
 
Հանքային, հատկապես վառելիքային, ռեսուրսների մի քանի տասնամյակում սպառման հեռանկարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև ցամաքում և հատկապես օվկիանոսի հատակում անընդհատ հայտնաբերվում են նոր հանքավայրեր, սակայն վաղ թե ուշ մարդկությունը անցում է կատարելու անսպառ ռեսուրսների լիարժեք օգտագործմանը:
 
Նկարում՝ նավթի արդյունահանում Հյուսիսային ծովի հատակից (շելֆային գոտուց, որը մինչև \(200\) մ խորություն ունի)
 
BHP_Petroleum_Shenzi_Large.jpg
 
Նկարում պատկերված են էներգիայի ոչ ավանդական աղբյուրները (արեգակնային, մակընթացային, քամու, երկրաջերմային էներգիա և այլն), որոնք կարող են հեռանկարային լինել Երկիր մոլորակի «ավանդական» էներգառեսուրսների սպառման դեպքում:
 
Renewable-Energy.jpg
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Յու. Մուրադյան, Հասարակական աշխարհագրության հանրագիտակ բառարան, Երևան, «ՄՈԱ» հրատ., 2008