Քիմիական արդյունաբերություն: Ընդհանուր բնութագիրը, տեղաբաշխումը
Քիմիական արդյունաբերությունը համարվում է ժամանակակից արդյունաբերության առաջատար և արագ զարգացող ճյուղերից մեկը: Նրա հումքային բազան շատ լայն է. բացի հանքային հումքից (աղեր, ծծումբ, ֆոսֆորիտներ և այլն) և օրգանական նստվածքային ծագման վառելանյութերից (նավթ, գազ, ածուխ և այլն), օգտագործվում են նաև մետաղաձուլության, անտառարդյունաբերության և այլ ճյուղերի արտադրական թափոնները։ Այդ պատճառով էլ քիմիական արդյունաբերությունը համարվում է «սանիտար» ճյուղ, որն իրացնում է այլ ճյուղերի թափոնները՝ ստեղծելով նոր արտադրանք:
Քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինության և էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ, գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերից է: Վերջիններս միասին կազմում են արդյունաբերության «ավանգարդային եռյակի» ճյուղերը՝ ապահովելով տնտեսության զարգացումը:
Քիմիական արդյունաբերությունը տալիս է բազմատեսակ արտադրանքներ, որոնք օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում և կենցաղում։
Ճյուղի առավել հայտնի արտադրատեսակներն են ծծմբական թթուն, հանքային պարարտանյութերը, սինթետիկ կաուչուկը, սինթետիկ մանրաթելերը, պլաստմասսաները:
Քանի որ քիմիական արդյունաբերության համար հումք կարող են հանդիսանալ տարբեր բնական ռեսուսրներ և թափոններ, ապա գործարանները կառուցվում են հիմնականում հաշվի առնելով բնառեսուրսային, էկոլոգիական, տնտեսաաշխարհագական դիրքի գործոնները (հանքավայրերին մոտ, թափոններին մոտ՝ այլ գործարաններին կից) և ունեն լայն աշխարհագրություն:
Ուշադրություն
Հարկ է նշել, որ քիմիական ադյունաբերությունը շրջակա միջավայրին հասցնում է զգալի վնաս՝ հանգեցնելով նրա էկոլոգիական հավասարակշռության խախտմանը, առաջացնելով օր. «թթվային անձրևներ»:
Օրինակ
Ինչպես գիտենք, քիմիական գործարաններն աղտոտում են բնակավայրերի ջրային, օդային ավազանները: Օդային ավազանի մաքրության պահպանման համար կարևոր է հաշվի առնել բնակավայրերի «Քամիների վարդը»՝ որոշելով գերիշխող քամիների ուղղությունը և գործարանը կառուցելով համապատասխան աշխարհագրական դիրքում: Այսպես. եթե գերիշխող են հյուսիսարևմտյան քամիները (ինչպես ցույց են տալիս գծագրերը), ապա քիմիական գործարանը պետք է կառուցել քաղաքի հարավ-արևելքում, և հակառակը:
Վերջին տարիներին քիմիական գործարաններ են կառուցվում նաև գիտական կենտրոնների մոտ` ավելի արագ ներդնելու համար գիտության նվաճումները: Քիմիական խոշոր համալիրներ ստեղծվել են Թեքսասում (ԱՄՆ), Ռուրի ածխավազանում (Գերմանիա), Մերձվոլգյան շրջանում (Ռուսաստան), Դոնբասում (Ուկրաինա) և այլն:
Քիմիական գործարաններ Լյուդվիգսհաֆենում, Գերմանիա
Բոլոր քիմիական ռեակցիաները կարգավորվում են ավտոմատ՝ համակարգչով:
Քիմիական արդյունաբերությունը, ինչպես և մեքենաշինությունը, վերելք են ապրում զարգացած երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա և այլն): Այստեղ հատկապես զարգանում են քիմիական արդյունաբերության նորագույն` առավել գիտատար ճյուղերը (պոլիմերների, մանրաթելերի, վիտամինների արտադրություն, դեղագործություն)։ Ներկայումս զարգացած երկրներին բաժին է ընկնում աշխարհում թողարկվող քիմիական արտադրանքի ավելի քան \(80\ \)%-ը:
Քիմիական գործարաններն աղտոտում են Լոս Անջելեսի օդային ավազանը, ԱՄՆ
Նավթարդյունահանող մի շարք երկրներում (Սաուդյան Արաբիա, Իրան, Ինդոնեզիա և այլն) զարգանում է նավթաքիմիական արդյունաբերությանը, որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է զարգացած երկրներ: Այժմ նկատվում է քիմիական գործարանները զարգացող երկրներում կառուցելու միտում՝ հաշվի առնելով զարգացած երկրների համար շահավետ մի շարք հանգամանքներ, օր.՝ զարգացող երկրներում ցածր են բնապահապանական վճարները, առկա է ցածր վարձատրվող աշխատուժ, առկա է անհրաժեշտ հումքային բազա:
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»\(2013\)
http://www.essentialchemicalindustry.org/the-chemical-industry/the-chemical-industry.html
https://stock-clip.com/video-footage/chemistry+emission/14