Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը
Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:
 
Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը
 
4.jpg
 
Մայրցամաքի ծայրակետերն են. հյուսիսում Մերչիսոն հրվանդանը Բութիա թերակղզու վրա, հարավում՝ Մարյատո հրվանդանը, արևմուտքում՝ Ուելսի արքայազնի հրվանդանը և արևելքում՝ Սենտ Չարլզ հրվանդանը: Բացի մայրցամաքը եզրավորող կետերից՝ Գրենլանդիայի տարածքում է գտնվում նաև ամբողջ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը՝ Մորիս Ջեսեպ հրվանդանը, որը հյուսիսային բևեռից հեռու է մոտ \(710\) կմ:
 
Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերը և Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը 
 
North_America_cayraketer.jpg
 
Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքներ, որոնցից մայրցամաքի կլիմայի վրա առավել մեծ ազդեցություն ունեն Ալյասկայի տաք հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, Կալիֆորնիական սառը հոսանքը մայրցամաքի արևմուտքում, Անտիլյան և Գոլֆստրիմ տաք հոսանքները մայրցամաքի արևելքում և Լաբրադորյան սառը հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևելքում: Այդ հոսանքներից ամենահզորը Գոլֆստրիմն է, որի ճյուղավորությունները հասնում են մինչև Եվրոպայի հյուսիսային ափեր, իսկ ինքը` Գոլֆստրիմը, մեծապես ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա:
Հյուսիսային Ամերիկայի ափագիծը
Հյուսիսային Ամերիկայի քարտեզից ակնհայտ երևում է ափերի ուժեղ մասնատվածությունը 
 
North America-physical.jpg
 
Մի շարք գործոնների ազդեցությամբ Հյուսիսային Ամերիկայի ափերը բավական ուժեղ են կտրտված: Այստեղ շատ են ինչպես ծովերն ու ծեցերը, այնպես էլ կղզիներն ու թերակղզիները: Մայրցամաքի արևելքում է գտնվում աշխարհի ամենամեծ ծովը՝ Սարգասյանը, որին նաև անվանում են «անափ» ծով, քանի որ նրա տարածման սահմանը որոշվում է այդտեղ տարածվող ջրիմուռների սահմաններով: Այդ ջրիմուռները ջրի մակերեսին են լողում շնորհիվ դրանց տակ գտնվող գազային բշտիկների, որոնք նման են խաղողի հատիկների և հենց իսպաներեն սարգասո բառից էլ, որը մանր խաղողի տեսակ է, առաջացել է ծովի անվանումը:
 
Սարգասյան ծովի սահմանները հաճախ որոշում են այս ջրիմուռների տարածման սահմաններով
 
Sargasso sea.jpg
 
Մայրցամաքի հարավ-արևելքում է գտնվում Մեքսիկական ծոցը, որի մի եզրում Կուբա կղզին Ֆլորիդա թերակղզուց բաժանող Ֆլորիդայի նեղուցն է, մյուս եզրին՝ Կուբա կղզին Յուկատան թերակղզուց բաժանող Յուկատանի նեղուցը: Մեքսիկական ծոցից հարավ տարածվում է Կարիբյան ծովը, որը Պանամայի ջրանցքով կապվում է Խաղաղ Օվկիանոսին: Խաղաղ օվկիանոսի ավազանում` մայրցամաքի արևմուտքում է գտնվում Կալիֆորնիական ծոցը, որը ողողում է հիմնականում Մեքսիկայի ափերը: Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում է Ալյասկայի ծոցը, որից հյուսիս գտնվում է Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից բաժանող Բերինգի նեղուցը: Վերջինս նաև կապ է հաստատում Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև: Մայրցամաքի հյուսիս-արևելքում են խոշոր Հուդզոնի ծոցը, դրանից հարավ-արևելք, համանուն գետի գետաբերանում ձևավորված Սուրբ Լավրենտիոսի ծոցը և դրա հարևանությամբ գտնվող Ֆանդի ծոցը, որտեղ գրանցվել են աշխարհում ամենաբարձր մակընթացային ալիքները՝ \(18\) մ:
 
Ֆանդի ծոցը տեղատվության (ձախից) և մակընթացության (աջից) ժամանակ
 
Fundy bay.jpg
 
Մայրցամաքի հարավ-արևելքում են տարածվում Մեծ և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: 
 
Ուշադրություն
Մեծ Անտիլյան կղզիները չորսն են՝ Կուբա (ամենամեծը), Ճամայկա, Հայիթի, Պուերտո Ռիկո, իսկ հրաբխային և կորալյան ծագման Փոքր Անտիլյան կղզիները թվով ավելի շատ են, սակայն դրանց շարքում ամենանշանավորը Բահամյան կղզիներն են, ուր ափ իջնելով \(1492\) թ.-ին՝ Կոլումբոսը բացահայտեց Ամերիկան և այն կղզին, որի վրա առաջինը ոտք դրեց, կոչեց Սան Սալվադոր:
Ի դեպ, մինչ այժմ էլ շարունակվում են վեճերը, թե Բահամյան կղզիներից որին է Կոլումբոսը անվանել Սան Սալվադոր: Կուբայից հյուսիս մայրցամաքի արևելքում է տարածվում
Ֆլորիդա թերակղզին, որն աչքի է ընկնում իր խոնավ կլիմայով, իսկ Կուբայից արևմուտք գտնվում է Յուկատան թերակղզին: Մայրցամաքի հյուսիս արևելքում են գտնվում Ատլանտյան օվկիանոսի հատվածում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր թերակղզին՝ Լաբրադորը և դրա հարևանությամբ Նյուֆաունդլենդ կղզին: Խաղաղ օվկիանոսյան հատվածում են գտնվում երկու խոշոր թերակղզիները. Կալիֆորնիական թերակղզին` Ֆլորիդայի հետ նույն լայնության վրա և Ալյասկա թերակղզին` հյուսիս-արևմուտքում: Ալյասկայից հարավ-արևմուտք են գտնվում Շառլոտա թագուհու կղզիները և Վանկուվեր կղզին, որոնք պատկանում են Կանադային: Մայրցամաքի հյուսիսում են գտնվում ամենախոշոր կղզիները. աշխարհի ամենախոշոր կղզին Գրենլանդիան և մի շարք մանր ու մեծ կղզիներ, որոնք միավորվում են Կանադական-Արկտիկական կղզիախմբում: Այս կղզեխմբի ամենախոշոր կղզին է Բաֆինի երկիրը: 
 
Florida.jpeg california-coastline.jpg
 
Միևնույն լայնության վրա գտնվող Ֆլորիդա թերակղզուն (ձախից), շնորհիվ պլատֆորմի վրա գտնվելու և տաք օվկիանոսային հոսանքի ազդեցության, բնորոշ են արմավենիներն ու ավազային ծովափերը, մինչդեռ Կալիֆորնիա թերակղզուն (աջից) բնորոշ են ժայռոտ ափերն ու չորասեր բուսականությունը, քանի որ այն գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի և սառը օվկիանոսային հոսանքի ազդեցության գոտում: