Մակերևույթի առանձնահատկությունները
Հյուսիսային Ամերիկայի մակերևույթը բաղկացած է հարթավայրային կենտրոնական հատվածից, որի հիմքում ընկած է Հյուսիսամերիկյան պլատֆորմը և արևմտյան լեռնային հատվածից, որը գտնվում է Խաղաղօվկիանոսյան Հրե օղակ գեոսինկլինալի գոտում: Միևնույն ժամանակ Հյուսիսային Ամերիկայի և՛ ամենաբարձր կետը՝ Մակ Քինլին (\(6194\) մ) և ամենացածր կետը՝ Մահվան հովիտը ( \(-85\) մ) գտնվում են արևմուտքում ձգվող Կորդիլիերների համակարգի տարածքում: Դրանց բարձրությունների տարբերությունը հասնում է \(6279\) մ:
Ուշադրություն
Հատկանշական է նաև այն, որ մայրցամաքի ռելիեֆի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել սառցադաշտերը, որոնք հղկել և մշակել են մայրցամաքի հյուսիսային հատվածների ինչպես լեռները, այնպես էլ հարթավայրերը՝ առաջացնելով բազմաթիվ խոշոր լճային գոգավորություններ:
Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածի տիեզերական լուսանկարը ցույց է տալիս սառցադաշտերի ազդեցության հետքերը՝ կտրտված ափագիծը և հազարավոր լճերը
Լեռներն ու հարթավայրերը
Հյուսիսային Ամերիկայի տարածքում լեռները ձգվում են հյուսիսից հարավ` մայրցամաքի արևելյան և արևմտյան եզրերով:
Հյուսիսային Ամերիկայի մակերևույթը
Արևելյան եզրով ձգվում են հին և մաշված Ապալաչյան լեռները, իսկ արևմտյան մասով` Կորդիլիերները, որոնց կազմում գտնվող Ալյասկայի լեռնաշղթայի վրա է նաև մայրցամաքի ամենաբարձր գագաթը՝ Մակ-Քինլին (\(2015\) թ. օգոստոսի \(28\)-ից վերանվանվել է Դենալի): Կորդիլիերների բազմաթիվ լեռնաշղթաներից ամենանշանավորը և երկարաձգվածը Ժայռոտ լեռներն են, որոնք ձգվում են Կորդիլիերների արևելյան հատվածով և հիասքանչ տեսարաններով և ձմեռային մարզաձևերի զարգացման հսկայական պոտենցիալով գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների:
Մայրամուտը Ժայռոտ լեռներում
Կորդիլիերների կենտրոնական հատվածում է գտնվում Յելլոուսթոն սուպերհրաբխի խառնարանը (կալդերան), իսկ ինքը հրաբուխը վերացել է նախորդ ժայթքումներին ուղեկցած պայթյունների արդյունքում: Համարվում է, որ Յելլոուսթոնի հաջորդ ժայթքումը կազդարարի մարդկային քաղաքակրթության կործանումը Երկրագնդի վրա: Կենտրոնական մասում է գտնվում նաև Ռաշմոր լեռը, որը ԱՄՆ-ի խորհրդանիշերից է, քանի որ այստեղ ժայռերի վրա քանդակված են ԱՄՆ-ի նախագահների դիմանկարները:
Ռաշմոր լեռան վրա ձախից աջ քանդակված են ԱՄՆ նախագահներ Վաշինգտոնը, Ջեֆերսոնը, Ռուզվելտն ու Լինքոլնը
Կորդիլիերների հարավային մասում է գտնվում Մեքսիկական բարձրավանդակը, որին անվանում են նաև լեռնաշխարհ: Դրա տարածքում է մայրցամաքի ամենաբարձր հրաբուխը՝ Օրիսաբան, իսկ հարևանությամբ` ևս մեկ գործող հրաբուխ՝ Պոպոկատեպետլ անվամբ, որի ստորոտում կառուցվել է աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն: Մեքսիկական լեռնաշխարհը արևելքից եզրավորում է Արևելյան Սիեռա Մադրե լեռնաշղթան, իսկ արևմուտքից՝ Արևմտյան Սիեռա Մադրեն:
Մեխիկոյից բացվող տեսարանը դեպի ծխացող Պոպոկատեպետլ հրաբուխը
Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական գոտու հյուսիսում՝ Հուդզոնի ծոցի ափերին զուգահեռ, Հուդզոնի դաշտավայրի հարևանությամբ տարածվում է Լավրենտյան (Կանադական) հարթավայրը, որի մի հատվածը իրենից ներկայացնում է բարձրավայր, իսկ մյուս ավելի բարձրադիր հատվածը՝ սարահարթ: Դրանից հարավ՝ մայրցամաքի կենտրոնական մասում, Ապալաչներից դեպի արևմուտք ձգվում է Կենտրոնական հարթավայրը, որից հարավ Միսիսիպի գետի բերուկներով ծածկված Միսիսիպիի դաշտավայրն է, իսկ արևմուտք՝ Կորդիլիերներից անմիջապես արևելք՝ Մեծ հարթավայրերը: Ապալաչյան լեռներից հարավ-արևելք, Ատլանտյան օվկիանոսի ափամերձ գոտում է տարածվում Մերձատլանտյան դաշտավայրը, որը Առափնյա դաշտավայրերից մեկն է: Առափնյա դաշտավայրերից մյուսը Ֆլորիդա թերակղզում տարածվող Ֆլորիդայի դաշտավայրն է, իսկ երրորդը՝ Մեքսիկական ծոցի հյուսիսային ափերին տարածվող Մերձմեքսիկական դաշտավայրը: Կորդիլիերների կենտրոնական հատվածում՝ Ժայռոտ լեռներից արևմուտք տարածվում է Մեծ Ավազան սարահարթը: Նույն Կորդիլիերների տարածքում` Մեծ Ավազանից հարավ է գտնվում մայրցամաքի ամենացածր կետը՝ Մահվան Հովիտը ( \(-85\) մ):
Հյուսիսային Ամերիկայի ամենացածր կետը ազդարարող ցուցանակը