Եվրասիայի կլիմայական գոտիների և մարզերի աշխարհագրական բաշխումը
Եվրասիայի տարածքում հարավից հյուսիս միմյանց են հաջորդում հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձարկտիկական և արկտիկական կլիմայական գոտիները, ընդ որում միաժամանակ Եվրոպայի և Ասիայի տարածքում հանդիպում են միայն մերձարևադարձային, բարեխառն և մերձարկտիկական կլիմայական գոտիները, սակայն արևելքից-արևմուտք մեծ ձգվածության արդյունքում կլիմայական պայմանների տարածական տարբերություններով աչքի են ընկնում միայն մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիները, ինչի շնորհիվ այստեղ առանձնացնում են կլիմայական մարզեր:
Եվրասիայի կլիմայական գոտիների ու մարզերի աշխարհագրական բաշխումը
Կլիմայական գոտիների և մարզերը կլիմայական պայմանների բնութագիրը
Հասարակածային կլիմայական գոտին աչքի է ընկնում օդային հոսանքների վերընթաց շարժմամբ և որպես արդյունք ամբողջ տարին հավասարաչափ բաշխված առատ տեղումներով (\(2000-3000\) մմ), որոնց հաճախ անվանում են զենիթային անձրևներ, քանի որ դրանք սովորաբար գալիս են կեսօրին և դրանից հետո: Ջերմաստիճանները մշտապես պահպանվում են +25+27°C սահմաններում:
Մերձհասարակածային գոտում ամռանը տիրապետում են հասարակածային օդային զանգվածները, որոնց գումարվում է նաև ամառային մուսսոնների ազդեցությունը և այս ժամանակահատվածում առատ տեղումներ են առաջանում, իսկ ձմռանը մուսսոնային քամիների ազդեցությամբ տեղումների քանակը չնչին է, սակայն ջերմաստիճանները տարվա ընթացքում մշտապես բարձր են և տատանվում են \(+22+30°C\) սահմաններում:
Արևադարձային կլիմայական գոտում օդային հոսանքների վարընթաց շարժման պատճառով կլիման չափազանց չորային է (հազվադեպ կարող են լինել մինչև \(300\) մմ տեղումներ), իսկ ջերմաստիճանների տատանումները համեմատած նախորդ գոտիների՝ ավելի մեծ՝ \(+15+35°C\):
Մերձարևադարձային գոտում առանձնացվում է \(3\) կլիմայական մարզ՝ միջերկրածովային, ցամաքային և մուսսոնային: Մուսսոնային կլիմայի մարզն աչքի է ընկնում մեղմ ու խոնավ ամառներով, և չոր ու մեղմ ձմեռներով, ինչը պայմանավորված է մուսսոնների ազդեցությամբ: Միջին ջերմաստիճանները \(+9°C\)-ից մշտապես բարձր են, տեղումներն էլ բավական առատ (մինչև \(1800\) մմ): Ցամաքային կլիմայի պայմաններում տեղումները սակավ են և գալիս են հիմնականում գարնանն ու աշնանը, իսկ միջերկրածովային մարզի տարածքում՝ ձմռանը: Վերջինիս ամառները շոգ են և չոր, ինչպես ցամաքային կլիմայի մարզում, սակայն ձմռանը բացասական ջերմաստիճաններ հազվադեպ են դիտվում, ինչի պատճառով ձյունը նույնպես հազվադեպ երևույթ է:
Միջերկրական ծովի ափերին միջերկրածովյան կլիմայի պայմաններում ամառային չոր ու շոգ եղանակները հանգեցնում են անտառային մեծածավալ հրդեհների:
Ամենամեծ տարածական ընդգրկումն ունեցող բարեխառն կլիմայական գոտու սահմաններում առանձնացնում են \(4\) կլիմայական մարզեր՝ ծովային, ցամաքային, խիստ ցամաքային և մուսսոնային: Դրանցից ամենամեծ տարածումն ու ջերմաստիճանների ամենամեծ տատանումը տարվա ընթացքում ունի խիստ ցամաքային մարզը, քանի որ այստեղ ծովերի և օվկիանոսների ազդեցությունը չնչին է: Այդ ազդեցության բացակայությամբ է նաև պայմանավորված տեղումների սակավությունը՝ \(300-350\) մմ և ձմեռային սառնամանիքների պայմաններում նաև հողի բազմամյա սառածության առկայությունը, ինչը խոչընդոտում է այս հսկայական տարածքների տնտեսական յուրացմանը և բնակեցմանը: Ջերմաստիճանների տատանումների նվազագույնը դիտվում է ծովային կլիմայի պայմաններում, քանի որ այստեղ մեծ է ծովերի ու օվկիանոսների մեղմացնող ազդեցությունը: Տեղումների քանակը նույնպես ամենամեծն է այս մարզում՝ \(800-1000\) մմ, որոնք տարվա ընթացքում բաշխված են հավասարաչափ և գալիս են հիմնականում անձրևի տեսքով, քանի որ նույնիսկ ձմռանը ջերմաստիճանները դրական են: Ծովային և խիստ ցամաքային մարզերի միջև միջանկյալ դիրք է գրավում ցամաքային կլիմայի մարզը: Այստեղ ջերմաստիճանները լինում են բացասական, սակայն սառնամանիքներ չեն դիտվում: Ձմռանը տեղումները ձյան տեսքով են գալիս, սակայն հողի բազմամյա սառածություն չի դիտվում և տեղումների քանակը կազմում է \(500-700\) մմ: Խաղաղօվկիանոսյան գոտում առանձնացվող մուսսոնային կլիմայի մարզն աչքի է ընկնում մեղմ ու խոնավ ամառներով, և չոր ու ցուրտ ձմեռներով, ինչը պայմանավորված է մուսսոնների ազդեցությամբ:
Բարեխառն ցամաքային կլիմայի մարզում ձնաբքերը հանգեցնում են նաև այսպիսի հետևանքների առաջին հայացքից երթևեկության համար բացված ճանապարհներին
Մերձարկտիկական գոտում ամռանը բարեխառն օդային զանգվածների ազդեցությամբ միջին ջերմաստիճանները հասնում են \(+6°C\), իսկ ձմռանը՝ արկտիկական օդային զանգվածների ազդեցությամբ ընկնում են մինչև \(-40°C\): Տեղումները քիչ են (\(200-300\) մմ) և գալիս են հիմնականում ձյան տեսքով:
Ամենախիստ կլիմայական պայմանները դիտվում են արկտիկական կլիմայական գոտում, ուր օդային հոսքերի վարընթաց շարժման պատճառով տեղումների քանակը չնչին է՝ \(100-200\) մմ: Միջին ամառային ջերմաստիճանները դրական են, սակայն մոտ \(0\)-ին, իսկ ձմռանը դիտվում են ուժեղ սառնամանիքներ:
Նկար 4. Հողի բազմամյա սառածության օրինակ մերձարկտիկական կլիմայական գոտում