Եվրասիայի կլիմայի առանձնահատկությունները
Ուշադրություն
Եվրասիայի կլիմայական առանձնահատկություններից գլխավորը դրա բազմազանությունն է: Այստեղ հանդիպում են հյուսիսային կիսագնդի բոլոր կլիմայական գոտիներն ու մարզերը:
Դրա պատճառները նույնպես բազմազան են: Նախ մայրցամաքը ունի հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք հսկայական ձգվածություն, բացի այդ մեծ ազդեցություն ունեն մթնոլորտային շրջանառության առանձնահատկությունները, որոնցով պայմանավորված մայրցամաքի եզրային հատվածները հիմնականում խոնավ են, բացառությամբ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափերի, իսկ ներքին շրջանները՝ չորային: Ընդ որում տիրապետող բարեխառն կլիմայական գոտու սահմաններում ներքին շրջանների վրա մեծ է Սիբիրյան անտիցիկլոնի ազդեցությունը, ինչի շնորհիվ ներքին շրջաններում տեղումները քիչ են, իսկ ջերմաստիճանների տատանումները՝ մեծ:  
Անտիցիկլոնը մթնոլորտային բարձր ճնշման մարզ է, որում քամիները փչում են կենտրոնից դեպի եզրային հատվածներ և կատարում վարընթաց շարժում, ինչի շնորհիվ տեղումներ չեն առաջանում:
Ցիկլոնը մթնոլորտային ցածր ճնշման մարզ է, որում քամիները փչում են եզրային հատվածներից դեպի կենտրոն և կատարում վերընթաց շարժում, ինչի շնորհիվ առաջանում են ամպամածություն և առատ տեղումներ:
Եվրոպայի տարածքում մեծ է Ատլանտյան օվկիանոսից եկող ցիկլոնների ազդեցությունը, ինչի պատճառով այստեղ ավելի խոնավ է: Սակայն մայրցամաքի և ամբողջ աշխարհի ամենախոնավ վայրը Չերապունջի բնակավայրն է, որտեղ առավելագույնը գրանցվել է \(23000\) մմ տեղումներ: Եվրասիայում է գտնվում նաև բնակեցված աշխարհի «ցրտի բևեռը»՝ Օյմյակոն բնակավայրը, որտեղ գրանցվել է \(-71\)°C: Կլիմայական բազմազանության պատճառ է նաև մակերևույթի ձևերի մեծ բազմազանությունը և լեռների դիրքադրությունը: Հետաքրքիր է նաև, որ Եվրասիայի ափերի մոտ միակ խոշոր սառը հոսանքը Օյասիոն է, որը գտնվում է մայրցամաքի հյուսիս-արևելքում: Մյուս օվկիանոսային հոսանքները տաք են:
 
Oymyakon.jpgCherapunji.jpg
Համայնապատկերներ աշխարհի «ցրտի բևեռից» (Օյմյակոն) և ամենախոնավ վայրից (Չերապունջի)
Եվրասիայի կլիման պայմանավորող գործոնները
Եվրասիայի կլիմայական բազմազանության պատճառներից, հետևաբար նաև կլիմայաստեղծ գործոններից գլխավորը արևից ստացվող ջերմությունն է, կամ այլ կերպ ասած արևի ճառագայթման ինտենսիվությունը, որը փոփոխվում է հյուսիսից-հարավ պայմանավորված`
1. երկրի գնդաձևությամբ և որպես արդյունք արևի ճառագայթների անկման անկյան թեքությամբ՝ կախված տվյալ վայրի աշխարհագրական լայնությունից (որքան վայրը մոտ է բևեռին, այնքան անկյունը փոքր է և ճառագայթման ինտենսիվությունը փոքր, հետևաբար նաև ցուրտ),

2. ամպամած օրերի քանակով, քանի որ ամպամածությունը կլանում է եկող ճառագայթների մի մասը, ինչի շնորհիվ էլ արևադարձային լայնությունները ավելի շատ ջերմություն են ստանում, քան հասարակածային և մերձհասարակածային լայնությունները (արդյունքում ամենաշոգը լինում է արևադարձերում),

3. տեղանքի բացարձակ բարձրությամբ, քանի որ որքան տարածքը բարձր է, այնքան մոտ է արևին և ստացվող ճառագայթման քանակը մեծ է: Դրանով է պայմանավորված նաև բարձրադիր գոտիներում արևայրուք ստանալու մեծ հավանականությունը, չնայած ցուրտ եղանակին: 
Եվս մեկ կարևոր կլիմայաստեղծ գործոն է մթնոլորտային շրջանառությունը կամ այլ կերպ ասած օդային զանգվածների և քամիների ազդեցությունը կլիմայի վրա: Հյուսիսից-հարավ և արևմուտքից-արևելք մեծ ձգվածության պատճառով Եվրասիայում նկատվում է մթնոլորտային շրջանառության տարածական մեծ բազմազանություն: Մայրցամաքում կարելի է հանդիպել հյուսիսային կիսագնդի բոլոր \(4\) օդային զանգվածները՝ հասարակածային, արևադարձային, բարեխառն և արկտիկական: Ընդ որում հասարակածային օդային զանգվածները տիրապետող են միայն Ասիայի հարավային և հարավ-արևելյան հատվածներում, արևադարձային օդային զանգվածները՝ հարավ-արևմտյան (գլխավորապես Արաբական թերակղզում), արկտիկական օդային զանգվածները տիրապետում են մայրցամաքի հյուսիսային հատվածում, իսկ ամենամեծ տարածքը զբաղեցնում է բարեխառն օդային զանգվածների տիրապետության տակ գտնվող ներքին գոտին, որի մեջ է մտնում Եվրոպայի տարածքի մեծ մասը, և Ասիայի ամբողջ ներքին գոտին: Բացի օդային զանգվածներից կարևոր են նաև մշտական և սեզոնային ու տեղական նշանակության քամիները: Այսպես, բարեխառն կլիմայական գոտու սահմաններում տիրապետում են Ատլանտյան օվկիանոսի տարածքից մշտապես փչող արևմտյան քամիները, իսկ Ասիայի հարավում, հարավ-արևելքում և արևելքում գերակշռում են մուսսոնները, որոնք ամռանը մեծ խոնավություն են բերում Հնդկական և Խաղաղ օվկիանոսներից, իսկ ձմռանը՝ ընդհակառակը, մուսսոնները փչում են ցամաքից դեպի օվկիանոս և կլիման դառնում է խիստ չորային:
 
Իրենց ազդեցությունն են թողնում նաև օվկիանոսային հոսանքները: Եվրասիայի ափերի մոտով անցնում են \(4\) խոշոր օվկիանոսային հոսանքներ: Դրանցից միակ սառը հոսանքը Օյասիոն է, որին այլ կերպ անվանում են Կուրիլո-Կամչատյան, քանի որ այն անցնում է Կուրիլյան կղզիների մերձակա տարածքով: Անցնելով մայրցամաքի հյուսիս-արևելքով՝ այն խստացնում է Ասիայի այդ հատվածի կլիման: Օյասիոյից հարավ անցնում է Կուրոսիոն կամ Ճապոնական հոսանքը, որը մեղմացնում և խոնավացնում է Ասիայի արևելքի կլիման: Հնդկական օվկիանոսի տարածքով է անցնում Մուսսոնային հզոր հոսանքը, որը մեղմացնում և խոնավացնում է Ասիայի հարավի կլիման, սակայն ամենանշանավոր օվկիանոսային հոսանքը Հյուսիս-Ատլանտյանն է, որը Գոլֆստրիմ հոսանքի շարունակությունն է: Նրան անվանում են Եվրոպայի «բնական վառարան», քանի որ այդ հոսանքի և նրա ճյուղավորությունների ազդեցությամբ նույնիսկ ձմռանը Եվրոպայի հյուսիսային ափերի մոտ օվկիանոսները չեն սառցակալում: