Եվրասիայի ափագիծը: Ասիա
Ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայի ափագիծը խիստ կտրտված է, սակայն քանի որ Ասիան մոտ \(4\) անգամ ավելի մեծ տարածք ունի, ապա ափագիծը կազմող խոշոր և նշանավոր օբյեկտներն ավելի շատ են:
Ասիայի քարտեզ
Շարժվելով ժամսլաքի պտտման ուղղությամբ Ասիայի հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևմուտք՝ կհանդիպենք ափագիծը կազմող հետևյալ խոշոր միավորները. Կարայի և Լապտևների ծովերի միջև, Թայմիր թերակղզուց հյուսիս տարածվում են Ռուսաստանին պատկանող Հյուսիսային Երկիր կղզիները: Այս տարածքում խոշոր է նաև Յամալ թերակղզին, որը մխրճվում է Կարայի ծով: Թայմիր թերակղզին նշանավոր է ոչ միայն նրանով, որ դրա վրա է Եվրասիայի ամենահյուսիսային կետը՝ Չելյուսկին հրվանդանը, այլև Եվրասիայի ամենահյուսիսային քաղաքը՝ Դիկսոնը, որը Եվրոպայի ամենահյուսիսային քաղաքը համարվող Համմերֆեստից մոտ \(350\) կմ ավելի մոտ է Հյուսիսային բևեռին:
Սկանդինավյան թերակղզու վրա գտնվող Եվրոպայի ամենահյուսիսային քաղաք Համմերֆեստի (ձախից) և Թայմիր թերակղզու վրա գտնվող Եվրասիայի ամենահյուսիսային քաղաք Դիկսոնի (աջից) համայնապատկերը
Լապտևների և Արևելասիբիրական ծովերի միջև տարածվում են Նորսիբիրական կղզիները, որից արևելք՝ Արևելասիբիրական և Չուկոտյան ծովերի միջև՝ Վրանգել կղզին, որի տարածքով է անցնում \(180\)° միջօրեականը և որին տեղացիներն անվանում են սպիտակ արջերի կղզի: Ասիայի ծայր հյուսիս-արևելքում է Չուկոտյան թերակղզին, որի վրա է Եվրասիայի արևելյան ծայրակետը՝ Դեժնյով հրվանդանը: Չուկոտյան թերակղզու և Հյուսիսային Ամերիկայի միջև է Բերինգի նեղուցը:
Ասիայի արևելքում է տարածվում Ռուսաստանին պատկանող Սախալին խոշոր կղզին, որը մայրցամաքից բաժանվում է Թաթարական նեղուցով, իսկ դեպի հարավ գտնվող Ճապոնական կղզիներից՝ Լապերուզի նեղուցով: Ճապոնական կղզիներից հյուսիսայինը, որի ափերը ողողում են Լապերուզի նեղուցի ջրերը, կոչվում է Հոկայդո, իսկ ամենախոշորը, որի վրա են Ֆուձիյամա գործող հրաբուխը և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, կոչվում է Հոնսյու: Ճապոնիայի և Ռուսաստանի միջև կռվախնձոր հանդիսացողԿուրիլյան կղզիները, որոնք ունեն հրաբխային ծագում, ձգվում են Կամչատկա թերակղզուց դեպի Հոկայդո կղզի: Կամչատկա թերակղզին իր հերթին հայտնի է գործող հրաբուխներով, որոնց թիվը համաձայն տարբեր մասնագետների \(28\)- \(36\) է, և բազմաթիվ գեյզերներով, որոնք կենարար նշանակություն ունեն հյուսիսային այս ցուրտ տարածքի համար:
Բնապատկեր Կամչատկա թերակղզուց
Ճապոնական կղզիների և մայրցամաքի միջև է տարածվում Ճապոնական ծովը, որը հարավում Կորեական նեղուցով կապվում է Դեղին ծովին: Վերջինիս դեղին գույնը պայմանավորված է այստեղ թափվող Հուանհե գետի բերած դեղին գույնի ջրերով, որը գետի կողմից լյոսային ապարները լուծելու արդյունք է: Դեղին և Ճապոնական ծովերի միջև բաժանարար գիծ է նաև Կորեական թերակղզին: Ճապոնական կղզիներից հարավ, Արևելաչինական և Հարավ-Չինական ծովերի սահմանին գտնվում է Թայվան կղզին, նորագույն տեխնոլոգիաներով գերհագեցած և Չինաստանից անկախ հռչակված մի տարածք, որը ներկայումս ամենազարգացած երկրներից մեկն է աշխարհում: Հարավ-Չինական ծովի տարածքում է գտնվում բնության ևս մեկ հրաշալիք՝ Հալոնգի ծովածոցը, որը պատկանում է Վիետնամ պետությանը:
Հալոնգ ծովածոցում զբոսաշրջային նավերի հոսքը չի դադարում ամբողջ տարի
Ասիայի հարավ-արևելքում են տարածվում \(7000\)-ից ավելի մանր ու մեծ կղզիներ, որոնք ունեն նույն հիմքը, ինչի համար կոչվում են Մալայան արշիպելագ: Մալայան արշիպելագի կազմում ամենախոշոր կղզիները՝ Կալիմանտանը, Սումատրան, Սուլավեսին և Ճավան մտնում են Մեծ Զոնդյան կղզիների մեջ և մեծամասամբ հանդիսանում են Ինդոնեզիայի պետական տարածքի մաս: Ընդ որում, Կալիմանտանը Մալայան արշիպելագի ամենամեծ կղզին է տարածքով, իսկ Ճավան՝ բնակչության խտությամբ ոչ միայն Մալայան արշիպելագում, այլև աշխարհում: Մալայան արշիպելագի կազմում առանձնացնում են նաև Ֆիլիպինյան կղզիները, որոնք բաղկացած են մոտ \(1000\) կղզիներից Ֆիլիպինյան, Հարավ-Չինական և Սուլավեսի ծովերի միջև:
Մեծ Զոնդյան կղզիներից Կալիմանտանը (ձախից) չնայած իր մեծությանը շատ թույլ է բնակեցված, ինչի արդյունքում բնությունը պահպանվել է իր նախնական գեղեցկությամբ, իսկ Ճավան (աջից)՝ մեծամասամբ վերածվել է գյուղատնտեսական գոտիների
Ասիայի հարավ-արևելքում բացի Մալայան արշիպելագից հայտնի են նաև Հնդկաչին և Մալակկա թերակղզիները: Վերջինիս արևելյան ափերը ողողում է Սիամի ծոցի ջրերը, իսկ արևմտյան ափերը՝ Անդամանյան ծովի: Մալակկա թերակղզու վրա է գտնվում Եվրասիայի հարավային ծայրակետը՝ Պիայը: Մալակկա թերակղզու և Սումատրա կղզու միջև է գտնվում Մալակկայի նեղուցը, որը ամենածանրաբեռնվածն է աշխարհում, իսկ Սումատրա և Ճավա կղզիների միջև է գտնվում մյուս գերծանրաբեռնված նեղուցը՝ Զոնդյանը, որով անցնում են ավելի խոշոր նավերը, քան Մալակկայի նեղուցով, քանի որ այն ավելի խորն է: Ասիայի հարավում՝ Հնդստան թերակղզուց հարավ-արևելք է գտնվում Շրի Լանկան (նախկինում Ցեյլոն), որը մայրցամաքից բաժանվում է Փոլկի նեղուցով: Ինչպես Հնդստան թերակղզում գտնվող Հնդկաստան պետությունը, այնպես էլ Շրի Լանկան նշանավոր են այստեղ աճող թեյով: Հնդստանից հարավ-արմուտք, միջօրեականի ուղղությամբ ձգվում են Մալդիվյան կղզիները, որոնք աշխարհահռչակ են որպես ծովափնյա հանգստի օբյեկտներ:
Մալդիվյան կղզիների զբոսաշրջային հազարավոր գրավչություններից մեկը՝ հյուրանոցի ստորջրյա ռեստորան
Հնդստան թերակղզու արևելյան ափերը ողողում են Բենգալյան ծոցի, իսկ արևմտյան ափերը՝ Արաբական ծովի ջրերը: Ասիայի հարավ-արևմուտքում է գտնվում աշխարհի ամենախոշոր թերակղզին՝ Արաբականը, որի ափերը հարավում և արևմուտքում ողողում են Եվրասիան Աֆրիկայից բաժանող Ադենի ծոցի, Բաբ էլ Մանդեբի նեղուցի և Կարմիր ծովի ջրերը, իսկ արևելքում՝ Արաբական ծովի և նրա մաս կազմող Օմանի ծոցի, Հորմուզի նեղուցի ու Պարսից ծոցի ջրերը: Պարսից ծոցում է գտնվում համաշխարհային նավթի հետազոտված պաշարների \(2/3\)-ը: Ասիայի հարավ-արևմուտքում՝ Միջերկրական ծովի ավազանում նշանավոր է Կիպրոս կղզին, որի հյուսիսային հատվածը զավթվել է Թուրքական զորքերի կողմից: Ասիային է պատկանում նաև Կասպից ծովի ավազանի ամենանշանավոր թերակղզիներից մեկը՝ Ապշերոնը, որտեղ տեղակայված են ադրբեջանական նավթարդյունաբերական հզորությունների մեծ մասը և նրանց մայրաքաղաքը: