Ավստրալիայի կլիման պայմանավորող գործոնները
Չնայած որ Ավստրալիան ամենափոքր մայրցամաքն է, նրա տարբեր հատվածների կլիմայի վրա ազդող գործոնները բազմազան են և աչքի են ընկնում մի շարք առանձնահատկություններով՝ կապված տարվա եղանակների և արևի զենիթային դիրքի տեղաշարժերի հետ:
Ուշադրություն
Ավստրալիայի կլիման քննարկելիս կարևոր է հիշել այն հանգամանքը, որ Ավստրալիան ամբողջությամբ գտնվում է հարավային կիսագնդում: Սա նշանակում է, որ
տարվա \(4\) եղանակների օրացույցային ժամանակահատվածներն այստեղ համապատասխանում են հյուսիսային կիսագնդի հակադարձ եղանակների ամիսներին:
Այսպես, հունիս-օգոստոս ժամանակահատվածում, երբ Արևը «գտնվում է» հյուսիսային կիսագնդում, Ավստրալիայի տարածքում հաստատվում է բարձր ճնշման մարզ և, քանի որ տարածքի մեծ մասը մերձհասարակածային և արևադարձային կլիմայական գոտիների սահմաններում է գտնվում, ակտիվանում են պասսատները, որոնք ներքին շրջաններից փչում են դեպի հյուսիսային հատվածներ՝ իրենց հետ բերելով չորություն, ինչի պատճառով Ավստրալիայի տարածքի մեծ մասը, այդ թվում հյուսիսը հունիս-օգոստոս ժամանակահատվածում խիստ չորային է:
Ի հակադրություն սրան` դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածում արևը «գտնվում է» հարավային կիսագնդում և Ավստրալիայի տարածքում հաստատվում է ցածր ճնշման մարզ, ինչի պատճառով հյուսիսից եկող օդային զանգվածներն, անցնելով հասարակածային տաք ջրերի վրայով, հագենում են ջրային գոլորշիներով և մայրցամաք են հասնում հասարակածային մուսսոնների տեսքով՝ առաջացնելով առատ տեղումներ հյուսիսային համեմատաբար բարձրադիր տարածքներում: Բեռնաթափվելով հյուսիսի սարահարթերի և ցածրադիր լեռների հատվածում՝ դրանք ներքին շրջաններ են հասնում որպես չոր օդային զանգվածներ:
Այդ նույն ժամանակահատվածում արևելքից փչող հարավ-արևելյան պասսատները, անցնելով Արևելաավստրալական տաք հոսանքի ազդեցության գոտով, նույնպես հագենում են ջրային գոլորշիներով և առատ տեղումներ առաջացնում Ավստրալիայի արևելյան հատվածներում, քանի որ այստեղ նրանց հետագա առաջխաղացմանը խոչընդոտում է Մեծ Ջրբաժան լեռնաշղթան, որի արևելյան լանջերը ստանում են առավելագույն խոնավություն, իսկ ներքին շրջանները դրանց պատճառով ընդհակառակը՝ տեղումներ չեն ստանում:
Հարավ-արևելյան պասսատները առաջացնում են նաև ջրհեղեղներ բնակավայրերում
Եվ միայն մայրցամաքի հարավային հատվածն է, որ, գտնվելով մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում, ենթարկվում է արևմտյան քամիների ազդեցությանը: Ավստրալիայի հարավ-արևմտյան հատվածը հիմնական խոնավությունը ստանում է հունիս-օգոստոս ժամանակահատվածում, երբ արևմտյան քամիների ազդեցությունը առավել մեծ է:
Ավստրալիայի կլիմայի առանձնահատկությունները
Ավստրալիայի կլիմայական առանձնահատկությունները հիմնականում պայմանավորված են նրա աշխարհագրական դիրքով:
Ուշադրություն
Ամբողջովին գտնվելով հարավային կիսագնդում՝ այն ամենաչոր մայրցամաքն է, քանի որ Ավստրալիայի կենտրոնով է անցնում հարավային արևադարձը:
Ամբողջ մայրցամաքի տարածքը գտնվում է մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիների սահմաններում, որոնցից ամենամեծ տարածքը զբաղեցնում է արևադարձային կլիմայական գոտին: Այդ նույն պատճառով էլ Ավստրալիայի տարածքի մեծ մասը տաք ջերմային գոտում է:
Ի տարբերություն մայրցամաքի` Ավստրալական Միության տարածքը ընդգրկում է \(4\) կլիմայական գոտիներ, քանի որ բացի Ավստրալիա մայրցամաքից, պետության կազմի մեջ է նաև Թասմանիա կղզին, որտեղ տիրապետողը բարեխառն կլիմայական գոտին է: Առանձնահատկություն է նաև այն, որ հունիս-օգոստոս ժամանակահատվածում մայրցամաքում տիրապետողը բարձր ճնշման մարզն է, ինչի պատճառով ակտիվ են պասսատները և տարածքի մեծ մասը, բացառությամբ արևելքի և հարավ-արևմուտքի, այս ժամանակահատվածում խիստ չորային է:
Պասսատների շնորհիվ Ավստրալիայի ներքին շրջանները վերածվել են անապատների
Դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածում տիրապետող է դառնում ցածր ճնշման մարզը, ինչի շնորհիվ հյուսիսը և արևելքը ստանում են առատ տեղումներ, իսկ ներքին շրջաններ այդ խոնավությունը չի հասնում:
Ուշադրություն
Այսպիսով, ձևավորվում է մի օրինաչափություն, ըստ որի մայրցամաքի եզրային հատվածներից դեպի ներքին շրջաններ շարժվելիս խոնավությունը նվազում է:
Կլիմայական գոտիների և մարզերի բնութագիրը
Ուշադրություն
Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի տարածքում կլիմայական գոտիները միմյանց հերթափոխում են ուղղահայաց, իսկ գոտիների սահմաններում առանձնացվող մարզերը՝ հորիզոնական ուղղությամբ:
Այսպես, Նոր Գվինեա կղզու և Ավստրալիայի ամբողջ հյուսիսի (Առնհեմլենդ և Քեյփ Յորք թերակղզիներ) տարածքում տիրապետողը մերձհասարակածային կլիմայական գոտին է, որը հարավում հասնում է մինչև հարավային լայնության \(20\)° զուգահեռականը:
Ջերմաստիճանները մշտապես բարձր են, սակայն տեղումների տարեկան բաշխվածությունը աչքի է ընկնում արտահայտված սեզոնայնությամբ. ամռան ամիսներին (դեկտեմբեր-փետրվար) հասարակածային մուսսոնների շնորհիվ տեղումները առատ են՝ \(1500-1600\) մմ, իսկ ձմռանը՝ չնչին:
Ուշադրություն
Մերձհասարակածային գոտում է գտնվում Ավստրալիայի ամենախոնավ վայրը՝ Քեռնս բնակավայրը, որտեղ տեղումների քանակը առավելագույնը կազմում է \(4000\) մմ:
Դրանից հարավ, Ավստրալիա մայրցամաքի ամբողջ կենտրոնական հատվածում՝ \(20-30\)° զուգահեռականների միջև տիրապետողը արևադարձային կլիմայական գոտին է, որը, լինելով ամենաընդարձակը, աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Նրա կենտրոնով է անցնում \(+25\)°C իզոթերմը և այն ամենատաք ու ամենաչոր գոտին է Ավստրալիայում:
Քարտեզում կամ հատակագծում հավասար ջերմաստիճան ունեցող կետերը միացնող գիծը կոչվում է իզոթերմ:
Ներքին շրջաններում ջերմաստիճանները երբեմն անցնում են \(+50\) °C-ը, իսկ տեղումները կազմում են \(100-200\) մմ, ինչի շնորհիվ ներքին շրջաններում առանձնացվում է անապատային կլիմայական մարզը: Արևելյան շրջանները ստանում են առատ տեղումներ` հարավ-արևելյան պասսատների շնորհիվ, և այստեղ առանձնացվում է խոնավ կլիմայի մարզը:
Ավստրալիայի կլիմայական գոտիների և մարզերի քարտեզ
Ավստրալիա մայրցամաքի հարավում տարածվում է մերձարևադարձային կլիմայական գոտին, որի արևելյան հատվածում հարավ-արևելյան պասսատների ազդեցության շնորհիվ տեղումները առատ են և առանձնացվել է խոնավ կլիմայի մարզը: Գոտու կենտրոնական մասում Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արգելքի պատճառով արևելքից խոնավություն գրեթե չի հասնում և այդ պատճառով այստեղ առանձնացվում է ցամաքային կլիմայի մարզը: Գոտու արևմտյան հատվածը գտնվում է միջերկրածովային մարզի սահմաններում, որտեղ ամառային ամիսներին ջերմաստիճանները բարձրանում են մինչև \(+20+24\)°C, իսկ ձմռանը նվազում մինչև \(+8+10\) °C: Տեղումները հիմնականում գալիս են ձմռանը: Բասսի նեղուցից հարավ՝ Թասմանիա կղզու տարածքում տիրապետողը բարեխառն կլիմայական գոտին է, որը համեմատաբար խոնավ է և մեղմ, իսկ տեղումները գալիս են գարնանը և աշնանը: