Ավստրալիայի ներքին ջրերի առանձնահատկությունները
Ուշադրություն
Քանի որ Ավստրալիան ամենաչոր մայրցամաքն է, նրա ջրագրական ցանցը թույլ է զարգացած:
Մասնավորապես տարածքի \(60\)%-ը պատկանում է ներքին հոսքի ավազանին, որտեղ բացակայում են մշտական հոսք ունեցող գետերը, իսկ ժամանակավոր հոսք ունեցող գետերը՝ քրիկները, ջրով են լցվում միայն պատահական անձրևների ժամանակ: Մշտական հոսք ունեցող գետերը հիմնականում գտնվում են մայրցամաքի արևելքում և հյուսիսում: Դրանք կարճ են, սակայն ջրառատ, քանի որ մեծամասամբ սկիզբ են առնում Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևելյան լանջերից և սնվում են այդտեղ տեղացող առատ տեղումներից:
 
Ուշադրություն
Քանի որ Ավստրալիան մեծամասամբ տաք ջերմային գոտու սահմաններում է և այստեղ բացակայում են բարձր լեռները, ներքին ջրերում բացակայում են նաև սառցադաշտերը:
Միևնույն ժամանակ Կենտրոնական հարթավայրի տարածքում է գտնվում Մեծ Արտեզյան ավազանը՝ ամենամեծ ստորերկրյա ջրի ավազանը մայրցամաքում:
 
Artesian basin.jpg
Նկար 1. Մեծ Արտեզյան ավազանի տարածման առավելագույն սահմանները
  
Լճերը նույնպես քիչ են և, լինելով մնացորդային ծագման, հիմնականում ծանծաղ են: Քանի որ դրանցից խոշորները գտնվում են ներքին չորային շրջանների տարածքում, դրանց մակարդակը տարվա ընթացքում զգալիորեն տատանվում է:
Ավստրալիայի ներքին ջրերի բնութագիրը
Ավստրալիայի ամենախոշոր և ամենաջրառատ գետը Մուրրեյն է, որը սկիզբ է առնում Մեծ Ջրբաժան լեռնաշղթայի արևմտյան լանջերից, հոսում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում և Մեծ Ավստրալական ծոցի տարածքում թափվում Հնդկական օվկիանոս:
 
Murray.jpg
Նկար 2. Մուրրեյ գետի ջրերի շնորհիվ Ավստրալիայում զարգանում է նաև խաղողի մշակումը
  
Մուրրեյի խոշորագույն վտակն է Դառլինգը, որն ավելի երկար է, քան Մուրրեյ գետը, սակայն շատ ավելի սակավաջուր, իսկ որոշ տարիների ընդհանրապես ցամաքում է իրականացվող մեծ ջրառի պատճառով: Մուրրեյ-Դառլինգ համակարգի ջրհավաք ավազանը մոտ \(1\) մլն կմ² է, իսկ համատեղ երկարությունը ավելի քան \(3600\) կմ: Կենտրոնական հարթավայրի տարածքում է հոսում ամենախոշոր ժամանակավոր հոսքը՝ Կուպերս-քրիկը, որը թափվում է Էյր լիճ: Էյր լիճն իր հերթին ամենախոշոր լիճն է մայրցամաքում և ունի մնացորդային ծագում:
 
Australia_Lake_Eyre.jpg
Նկար 3. Էյր լիճը և իր մեջ թափվող Կուպերս-քրիկը
 
Դրանից հարավ գտնվում է մեծությամբ երկրորդ լիճը Ավստրալիայում՝ Թորրենսը, որն ունի մոտ \(5700\) կմ² մակերես (ավելի քան ՀՀ ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքը), սակայն ընդամենը \(8\) մ առավելագույն խորություն: Ներկայումս այն բնության հատուկ պահպանվող տարածք է, որտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն:
 
Torrens.jpg
Նկար 4. Թորրենս լիճը շատ ավելի գեղատեսիլ է, քան Էյրը