Աֆրիկայի աշխարհագրական դիրքը
Աֆրիկա մայրցամաքը զբաղեցնում է \(30,3\) մլն կմ² տարածք (ՀՀ տարածքից մոտ \(1000\) անգամ ավելի): Նրա աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է տաք ջերմային գոտում գտնվելը, սահմանակցումը Եվրասիային և այն, որ հասարակածով և Գրինվիչի միջօրեականով տարածքը կարելի է բաժանել \(4\) մասերի: Ընդ որում, տարածքի մեծ մասը գտնվում է արևելյան և հյուսիսային կիսագնդերում:
 
4.jpg 
Աֆրիկայի աշխարհագրական դիրքը
 
Աֆրիկայի ծայրակետերն են՝ հյուսիսում՝ Էլ-Աբյադը, հարավում՝ Ասեղի հրվանդանը, արևմուտքում՝ Ալմադի (Կանաչ) հրվանդանը և արևելքում՝ Սոմալի թերակղզու վրա՝ Ռաս-Հաֆունը: Հատկանշական է, որ Եվրոպացիներին ավելի վաղ հայտնի է եղել Աֆրիկայի հյուսիսն ու արևելքը և միայն միջին դարերում՝ շնորհիվ աշխարհագրական Մեծ Հայտնագործությունների, բացահայտվեցին նաև ամբողջ արևմուտքը և հարավը:
Աֆրիկայի մակերևույթը
Ուշադրություն
Աֆրիկա մայրցամաքը մեծամասամբ ձևավորվել է Աֆրիկյան հնագույն պլատֆորմի վրա:
Africa_satellite_orthographic.jpg
Աֆրիկայի մակերևույթը տիեզերական լուսանկարի վրա
 
Մակերևույթը բազմազան է, սակայն տեկտոնական գործընթացների առանձնահատկությունների շնորհիվ ռելիեֆի տիրապետող ձևերը հարթավայրերն են, որոնցում մեծ բաժին ունեն սարահարթերը: Լեռնային խոշոր զանգվածները հիմնականում տարածվում են մայրցամաքի եզրային հատվածներում:
 
Այսպես, Աֆրիկայի հյուսիս-արևմտյան եզրային հատվածում են գտնվում երիտասարդ Ատլասի լեռները, որոնք Ալպ-Հիմալայան գեոսինկլինալի արևմտյան եզրն են: Հարավում և հարավ-արևելքում տարածվում են համապատասխանաբար հին հասակի Կապի և Դրակոնյան լեռները, որոնք մեծապես նպաստում են Հարավաֆրիկյան Հանրապետության տուրիզմի զարգացմանը: Արևելքում լեռների զբաղեցրած տարածքն ավելի մեծ է, քանի որ այստեղ է գտնվում Արևելաաֆրիկյան բեկվածքի (ռիֆտի) գոտին, որն իրենից ներկայացնում է հյուսիսից-հարավ մեծ ձգվածությամբ տեկտոնական ճեղք և վկայում է այն մասին, որ Աֆրիկայի արևելյան հատվածը նույնպես տրոհվում է բուն մայրցամաքից: Արևելքում իր մեծությամբ աչքի է ընկնում Եթովպական բարձրավանդակը և մի շարք գործող և հանգած հրաբխային լեռնագագաթներ, օրինակ Աֆրիկայի ամենաբարձր գագաթը՝ Կիլիմանջարոն, հասարակածին ամենամոտ գտնվող լեռը Աֆրիկայում՝ Քենիան, գործող հրաբուխ Կարիսիմբին և այլն: Արևմտյան հատվածում միակ նշանավոր լեռը Կամերուն հրաբուխն է՝ Գվինեական ծոցի ափին: Այն նաև Աֆրիկայի ամենախոնավ վայրն է (տեղումների քանակը հասնում է \(10000\) մմ, ինչը \(33\) անգամ ավելի է, քան Երևանում թափվող տեղումներն են):
 
Afrika-combined.jpg
Աֆրիկայի համալիր քարտեզ
 
Մայրցամաքում մեծ տարածում ունեն նաև սարահարթերը, որոնցից ամենախոշորներն են Սահարան, որի տարածքում առանձնացվում են Ահագգար, Տիբեսթ և Դարֆուր բարձրավանդակները, Սուդանի սարահարթը՝ Սահարայից հարավ, Կալահարին և Նամիբը հարավային Աֆրիկայում, որոնք միավորվում են Հարավաֆրիկյան սարահարթում, և Արևելաաֆրիկական սարահարթը՝ Արևելաաֆրիկյան բեկվածքից արևելք ընկած ընդարձակ տարածքում, որի սահմաններում են նաև Կիլիմանջարո և Քենիա գագաթները: Խոշոր հարթավայր է նաև Կոնգոյի գոգավորությունը՝ Աֆրիկայի հասարակածային գոտու կենտրոնական հատվածում:
Սահարայում՝ Մավրիտանիա պետության տարածքում է գտնվում նաև մակերևույթի ամենահետաքրքիր ձևերից մեկը՝ Սահարայի աչքը (նկ. 4), որն առաջին անգամ նկատել են տիեզերքից, քանի որ իր հսկայական չափերի պատճառով (\(50\) կմ տրամագիծ) Երկրի մակերևույթից այն պարզապես բլուրների տեսք ունի:
Saharayi achq.jpg
Սահարայի աչքը տիեզերքից դիտելիս