Ափագծի ընդհանուր բնութագիր
Ուշադրություն
Աֆրիկան, հանդիսանալով Գոնդվանա հնագույն մայրցամաքի մաս (նկ. 1), ունի համեմատաբար քիչ կտրտված ափագիծ, քանի որ, ի տարբերություն այլ ժամանակակից մայրցամաքների, շատ դանդաղ է շարժվում և չի ենթարկվել վերջին խոշոր սառցապատումների ազդեցությանը:
Նկար 1. Միասնական Պանգեյ մայրցամաքի տրոհումը և Աֆրիկայի տեղը տրոհման ընթացքում
Միևնույն ժամանակ տեկտոնական շարժումների պատճառով Աֆրիկայից անջատվել և հետագայում Եվրասիային են միացել Արաբական և Հնդկական թերակղզիները, իսկ ավելի վաղ Աֆրիկայից էին անջատվել Հարավային Ամերիկան, Անտարկտիդան և Ավստրալիան: Այս բոլոր տրոհման գործընթացներն իրենց հետքն են թողել Աֆրիկայի ափագծերի ժամանակակից տեսքի վրա:
Օրինակ
Այսպես, Հարավային Ամերիկայի անջատման հատվածում առաջացել է Աֆրիկայի ափերի ամենախոշոր ծովածոցը՝ Գվինեականը, իսկ Արաբական թերակղզու անջատման հատվածում երկու խոշոր ծովերից մեկը՝ Կարմիրը (նկ. 2):
Նկար 2. Կարմիր ծովի դիրքը Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև
Աֆրիկայի ափերը ողողող ջրերը և հարակից օվկիանոսային հոսանքները
Աֆրիկայի ափերը ողողում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսի ջրերը: Ընդ որում Ատլանտյան օվկիանոսի ջրերը ողողում են Աֆրիկայի ինչպես արևմտյան, այնպես էլ հյուսիսային ափերը, քանի որ Աֆրիկայի ափերի մոտ գտնվող ամենախոշոր ծովը՝ Միջերկրականը, նույնպես պատկանում է Ատլանտյան օվկիանոսին: Աֆրիկայի արևելյան ափերը ողողում է Հնդկական օվկիանոսը և դրա մաս կազմող Կարմիր ծովը:Ուշադրություն
Կարմիր ծովն իր աշխարհագրական դիրքի, համաշխարհային օվկիանոսի հետ թույլ կապի, իր մեջ թափվող խոշոր գետերի բացակայության և հատակում բացվող հանքային աղբյուրների շնորհիվ ամենաաղի ծովն է աշխարհում՝ \(42\) գր/լ աղիությամբ:
Նկար 3. Աֆրիկայի քարտեզ
Միջերկրական ծովն Ատլանտյան օվկիանոսին կապվում է Ջիբրալթարի նեղուցով, իսկ Կարմիր ծովին՝ Սուեզի ջրանցքով, որը փորվել է միայն \(19\)-րդ դարում: Միևնույն ժամանակ Միջերկրական ծովի տարածքում է գտնվում Սիցիլիական կամ, ինչպես ընդունված է ասել Աֆրիկայում, Թունիսի նեղուցը, որը բաժանում է Սիցիլիա կղզին Աֆրիկայից կամ այլ կերպ ասած՝ Եվրոպան Աֆրիկայից: Կարմիր ծովն իր հերթին Հնդկական օվկիանոսին կապվում է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, որի անունը թարգմանաբար նշանակում է «արցունքի դարպասներ»:
Ուշադրություն
Հանդիսանալով Աֆրիկան Եվրասիայից բաժանող կարևոր օբյեկտներ՝ և՛ Ջիբրալթարի, և՛ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցները Սուեզի ջրանցքի հետ մեկտեղ համաշխարհային նշանակության տրանսպորտային կարևորագույն ուղիներ են:
Հնդկական օվկիանոսի տարածքում է գտնվում նաև աշխարհի ամենաերկար՝ Մոզամբիկի նեղուցը, որը բաժանում է Մադագասկար կղզին Աֆրիկայից:
Աֆրիկայի ափերի մոտ առանձնացվող խոշոր ծովածոցերն են Գվինեական, Սիդրայի և Ադենի ծոցերը:
Ուշադրություն
Ատլանտյան օվկիանոսին պատկանող Գվինեական ծոցն ամենախոշորն է Աֆրիկայի ծոցերից, Սիդրայի կամ Մեծ Սիրթ ծոցը ամենախոշորն է Միջերկրական ծովի ավազանի հատվածում, իսկ Ադենի ծոցը, որը Սոմալի և Արաբական թերակղզիների միջև է և Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով կապված է Կարմիր ծովին՝ ամենախոշորն է Հնդկական օվկիանոսի ավազանում:
Աֆրիկայի ափերի մոտով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքները, որոնք զգալի ազդեցություն ունեն մայրցամաքի կլիմայի և բնական զոնաների վրա: Ատլանտյան օվկիանոսի տարածքում նշանավոր են Գվինեական և Անգոլական տաք հոսանքները, ինչպես նաև Կանարյան և Բենգելյան սառը հոսանքները:
Ուշադրություն
Հատկապես նշանավոր է Բենգելյան հոսանքը, որի շնորհիվ Աֆրիկայի հարավ-արևմուտքում առաջացել է Նամիբ անապատը:
Հնդկական օվկիանոսի տարածքում՝ մայրցամաքի հարավ-արևելյան և հարավային հատվածում են գտնվում Մոզամբիկի և Ասեղի տաք հոսանքները, իսկ Սոմալի թերակղզու երկայնքով հոսում է Սոմալիական սառը հոսանքը:
Աֆրիկայի կղզիները և թերակղզիները
Նկար 4. Աֆրիկայի նշանավոր կղզիները և թերակղզիները
Հնդկական օվկիանոսին պատկանող խոշոր կամ նշանավոր կղզիներից են՝
1. Մադագասկարը - Աֆրիկայի ամենամեծ կղզին, որը Մոզամբիկի նեղուցով է բաժանվում մայրցամաքից:
2. Զանզիբարը - ընկած է Մադագասկար և Կոմորյան կղզիներից հյուսիս-արևմուտք և աշխարհահռչակ է իր տուրիստական նշանակությամբ:
3. Սեյշելյան - ընկած է Մադագասկար կղզուց հյուսիս-արևելք՝ հասարակածին մոտ և աշխարհահռչակ է իր տուրիստական նշանակությամբ:
4. Կոմորյան - Մոզամբիկի նեղուցի ջրերով ողողվող փոքր, հրաբխային ծագման կղզիներ:
5. Սոկոտրա - Սոմալի և Արաբական թերակղզիների հարևանությամբ գտնվող ամենախոշոր կղզին:
Ատլանտյան օվկիանոսի ավազանում առավել հայտնի կղզիներն են՝
6. Կանարյան - պատկանում են Իսպանիային, նշանավոր տուրիստական օբյեկտ են:
7. Մադեյրա - պատկանում է Պորտուգալիային:
8. Սուրբ Հեղինե- հայտնի է որպես Նապոլեոն Բոնապարտի աքսորավայր:
9. Կանաչ Հրվանդանի - գտնվում են Ալմադի (Կանաչ) հրվանդանի (Աֆրիկայի արևմտյան ծայրակետ) հարևանությամբ:
Միակ խոշոր թերակղզին է թիվ 10. Սոմալին՝ Աֆրիկայի արևելքում: