Սիրելի՛ հայրենակիցներ, այս դժվարին օրերին մեր բոլորիս պարտքն է ցուցաբերել միասնականություն և օգնության ձեռք մեկնել մեր քույրերին ու եղբայրներին։ Այսօր մենք ցանկանում ենք անդրադառնալ ներկայիս բարդ իրավիճակին և այն օրհասական մարտահրավերներին, որոնց բախվում է տեղահանված արցախահայությունը։
Արցախցիներն ապրում են աներևակայելի բարդ շրջան, և նրանցից յուրաքանչյուրն ունի բազմակողմանի աջակցության կարիք՝ կենսական պայմանների ապահովում, սոցիալական և հոգեբանական աջակցություն և, իհարկե, աշակերտների կրթական գործընթացի անխափան կազմակերպում։
Կրթությունը զորություն ունի բուժելու, հզորացնելու և արժանավայել ապագա տանող ուղի կառուցելու գործում, ուստի հնարավորինս մեծ ջանքեր պետք է ներդրվեն նաև տեղահանված դպրոցականների ուսումը կազմակերպելու ուղղությամբ։
Դեռևս 10 ամիս առաջ, երբ շրջափակվեց Արցախը, և առաջացան բազում խնդիրներ նաև ուսուցման գործընթացը լիարժեք կազմակերպելու հարցում, «ԻմԴպրոց» թիմը արագ արձագանքեց ստեղծված իրավիճակին և իր իսկ միջոցներով լիովին անվճար դարձրեց հարթակը ողջ Արցախի Հանրապետությունում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։
Ցանկանում ենք հայտարարել, որ այս պահին ևս կայքը լիովին անվճար է արցախահայերի համար, ուստի հարցերի և մանրամասներին տեղեկանալու ցանկության դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ․ մեր թիմը ձեր կողքին է և պատրաստ է օժանդակել։
Եվ միշտ հիշեք, որ գիտելիքն այն հարստությունն է, որը երբեք և ոչ ոք չի կարող խլել ձեզանից։
Ուստի մեզ պետք են կրթված և գիտելիքի արժեքը գնահատող սերունդներ։