Մեր շա՜տ սիրելի օգտատերեր, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ,
Ուրախ ենք ազդարարել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և «ԻմԴպրոց» կրթական կայքի կողմից կազմակերպված Համադասարանային և Համադպրոցական մրցույթների պաշտոնական ավարտը և տեղեկացնել, որ բոլոր դպրոցներում պահպանվել են մրցույթի անցկացման նախապես սահմանված կանոնները:
ԻմԴպրոցի և բոլոր մասնակիցներիս համար ամենամեծ նվաճումն այն է, որ մրցակցությունը տեղի է ունեցել միայն և միայն գիտելիքի դաշտում:
Շտապենք նշել, որ մրցույթը անց է կացվել «Մաթեմատիկա» առարկայից՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների միջև: Մրցույթի հաղթողները որոշվել են ստուգիչ թեստի միջոցով, որը համապատասխանում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված առարկայական ծրագրերին և չափորոշիչներին:
Հատկանշական է, որ այս տարի մասնակից աշակերտների թիվը քառապատկվել է՝ հատելով 5000-ի շեմը։ Ընդհանուր առմամբ հանրապետության դպրոցներից մասնակցել են հետևյալ թվով դասարաններ՝
4-րդ դասարաններ՝ 47
5-րդ դասարաններ՝ 46
6-րդ դասարաններ՝ 44
7-րդ դասարաններ՝ 36
8-րդ դասարաններ՝ 24
«ԻմԴպրոց» կայքը շնորհավորում է բոլոր մասնակիցներին: Ձեր մասնակցությունն արդեն իսկ մեծ հաղթանակ է: Բոլորիդ անձնվեր և տոկուն աշխատանքի շնորհիվ ստեղծվեց առողջ մրցակցային միջավայր՝ ուղղված միայն գիտելիքի և բազմապիսի հմտությունների ձեռքբերմանը:
Ձեր հաղթանակի հիմնական գրավականը համախմբված աշխատանքն էր, որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ցույց տվեց տպավորիչ արդյունքներ:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում և ի սրտե շնորհավորում ենք մասնակից դպրոցների տնօրինությանը և ուսուցիչներին՝ մեզ վստահելու, մեզ հետ համագործակցելու և աշակերտների հետ անձնվեր աշխատանքի համար։
Մենք փորձեցինք կրթությունը դարձնել հասանելի և գրավիչ, իսկ գիտելիքը՝ դյուրին յուրաքանչյուր մասնակից աշակերտի համար՝ տալով ձեզ՝ մեր սիրելի երեխաներ, հնարավորություն զգալու գիտելիքի ուժը և նրա շնորհիվ նորանոր բարձունքներ գրավելու բերկրանքը: Հպարտությամբ կարող ենք ասել, որ ընկերական և թիմային միջավայր ստեղծվեց ոչ միայն անհատապես յուրաքանչյուր դպրոցում, այլև ստեղծվեց մի ամբողջական մեծ ընտանիք բոլոր մասնակից դպրոցներից:
Իսկ այս ուրախ օրով ուզում ենք շեշտել, որ ամեն ինչ սկսվում և ավարտվում է կրթությամբ, կրթությունն է ամեն ինչի գոյության առանցքը:
Մենք շարունակելու ենք կյանքի կոչել նոր գաղափարներ՝ ընդգրկելով ՀՀ տարածքի բոլոր աշակերտներին և տալով որակյալ կրթության հավասար հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի:
Ցանկանում ենք ընդգծել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության մեծ ներդրումը մրցույթի կազմակերպման և անցկացման գործում:
Ստորև ներկայացնում ենք լավագույն տասնյակում հայտնված 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների արդյունքները․