ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ։
Շնորհավորում ենք բոլորին Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ: Մաղթում ենք սեր, ջերմություն և խաղաղություն: Թող Աստծո օրհնությունը միշտ ուղեկից լինի բոլորին:
Սուրբ Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, եկեղեցու մեծագույն տոներից է:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա Մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մի մեծ քարով: Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր՝ Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց:
Այս տոնին քրիստոնյաները իրար ողջունում են ասելով. «Քրիստոս հարություն առավ մահացածներից», որին հետևում է պատասխանը. «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Տոնական սեղանին կարևոր է փլավի և ձկնեղենի առկայությունը, իսկ սեղանի զարդը կարմիր ներկած և եկեղեցում օրհնված ձուն է՝ Հարության խորհրդանիշը, որովհետև ձուն կյանքի աղբյուր է, իսկ կարմիր գույնը՝ խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար թափված Հիսուսի արյան: