Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը և «ԻմԴպրոց» կրթական կայքը հրավիրում են մասնակցելու Համադասարանային և Համադպրոցական մրցույթների, որոնք տեղի են ունենալու ՀՀ բոլոր դպրոցների և դասարանների միջև: Մրցույթը անց է կացվելու «Մաթեմատիկա» առարկայից՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտների միջև: Մրցույթի հաղթողները որոշվելու են ստուգիչ թեստի միջոցով, որը համապատասխանելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված առարկայական ծրագրերին և չափորոշիչներին: Թեստը տրվելու է բոլոր դպրոցներին միաժամանակ՝ թափանցիկությունն ապահովելու համար, այսինքն՝ բոլոր դպրոցների 4-րդ դասարանները մրցելու են միևնույն օրը, 5-րդ դասարանները՝ միևնույն օրը և այս տրամաբանությամբ մնացած բոլոր դասարանային խմբերը։ Մրցույթի մեկնարկը տրվելու է հոկտեմբերին և ավարտվելու է ապրիլ-մայիս ամիսներին։
Բոլոր դասարանային խմբերից ամենաբարձր միջին միավոր վաստակած 3 դասարանները, համապատասխանաբար, կզբաղեցնեն 1-ին, 2-րդ, 3-րդ հորիզոնականները։ Հաղթելու են երեք 4-րդ, երեք 5-րդ, երեք 6-րդ, երեք 7-րդ և երեք 8-րդ դասարաններ։ Մրցանակներ նախատեսվում են և՛ հաղթող դասարանների մասնակից աշակերտների համար, և՛ նրանց մաթեմատիկա դասավանդող ուսուցչի համար։
- Եթե դպրոցի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանային խմբերից մասնակցի առնվազն մեկական դասարան՝ դպրոցն ավտոմատ կմասնակցի Համադպրոցական մրցույթին։
- Եթե ամբողջ դպրոցի նշված դասարանային խմբերից չմասնակցի թեկուզ և մեկը, ապա դպրոցը կարող է մասնակցել միայն Համադասարանային մրցույթին։
- Եթե մեկ դասարանային խմբից մասնակցի մեկից ավելի դասարան, ապա դպրոցի արդյունքների ամփոփման փուլում հաշվի կառնվի լավագույն արդյունք ցուցաբերած դասարանի արդյունքը։
Հավասարությունը պահպանելու համար մրցույթին կկարողանան մասնակցել միայն 20 և ավելի աշակերտ ունեցող դասարանները։
Ուշադրություն. որպեսզի դասարանը համարվի մասնակից, դասարանում սովորող աշակերտների առնվազն 85%-ը պետք է ցանկանա մասնակցել մրցույթին։
Մրցույթի մասնակցությունն անվճար է, սակայն մրցույթի մասնակից բոլոր աշակերտները պետք է ունենան մեկ տարվա ակտիվ Իմ+ բաժանորդագրություն։ Իսկ մրցույթին մասնակցել ցանկացող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար Իմ+ բաժանորդագրությունը կհովանավորի «ԻմԴպրոց» կայքը։
Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 31.03.2022թ. գրավոր տեսքով ներկայացնել մասնակցության հայտ՝ ԻմԴպրոցի էլեկտրոնային հասցեին` info@imdproc.am:
Մրցույթի մասնակցության պայմանները հետևյալն են`
- Քայլ 1․ գրանցվել մրցույթին մինչև 31.03.2022թ. ժամը 18:00-ն,
- Քայլ 2․ մասնակից ուսուցիչների վերապատրաստում ԻմԴպրոց թիմի կողմից և անվճար մեկ տարվա Իմ+ բաժանորդագրության տրամադրում,
- Քայլ 3․ տեղեկացնել ծնողներին այս մրցույթի հնարավորության և պայմանների մասին,
- Քայլ 4․ անհրաժեշտության դեպքում հրավիրել ԻմԴպրոց թիմին՝ ներկայացնելու ծնողներին մրցույթի մանրամասները,
- Քայլ 5․ մասնակցող և կոորդինացնող ուսուցիչների կոնտակտների տրամադրում` մինչև 31.03.2022թ.,
- Քայլ 6. Իմ+ դասարանային փաթեթի ձեռքբերում ծնողների կողմից` 3500 դրամ արժողությամբ,
- Քայլ 7. Մրցույթին մասնակցող երեխաների տվյալների տրամադրում:
Մրցույթին մասնակցած բոլոր աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնական զբաղեցրած բոլոր դասարանների մասնակից աշակերտները կստանան «Երևան պարկ» ժամանցային կենտրոնի մեկական տոմս և պատվոգիր։
Հաղթող դասարանների ուսուցիչները ևս կպարգևատրվեն`
- Առաջին հորիզոնական` 400.000 ՀՀ դրամ դրամական պարգև
- Երկրորդ հորիզոնական` 200.000 ՀՀ դրամ դրամական պարգև
- Երրորդ հորիզոնական` 100.000 ՀՀ դրամ դրամական պարգև
Իսկ Համադպրոցական մրցույթի հաղթող դպրոցը, որպես նվեր, կստանա 25-30 պլանշետ։
Մրցույթի նպատակն է խթանել կրթության ոլորտում նորարական մեթոդների, նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մոտեցումների կիրառումը և դրանով իսկ ապահովել որակյալ ու արդիական կրթություն:
Սպասում ենք`
Սիրով ԻմԴպրոց