ԻմԴպրոցի սիրելի աշակերտներ,
Ձեզ համար արդեն հարազատ դարձած ԻմԴպրոցի գրասենյակում տեղի ունեցավ ԻմԴպրոցի և Spacer-ի կազմակերպած 3-4-րդ և 5-6-րդ դասարանների տրամաբանական խնդիրների առցանց մրցույթի եզրափակիչ փուլը:
ԻմԴպրոցը, ապահովելով արդարության և թափանցիկության սկզբունքը, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներին՝ ամենաբարձր միավորները հավաքած և առաջադրանքներն ամենաարագը լուծած, հրավիրեց եզրափակիչ փուլի՝ վերջնական արդյունքները որոշելու նպատակով:
Հատկանշական է, որ մասնակցել էին Հայաստանի տարբեր դպրոցներից երեխաներ, ովքեր չէին երկմտել և բավարար խիզախ էին գտնվել փորձելու իրենց գիտելիքի ուժը այս մրցույթում։ Սա ԻմԴպրոց թիմի մեծագույն ցանկությունն էր։
Իսկ հիմա ներկայացնենք մրցույթի արժանի հաղթողներին՝
3-4-րդ դասարաններ.
1-ին հորիզոնական՝
Արշակ Գրիգորյան, Երևանի թիվ 100 հիմն. դպրոց,
2-րդ հորիզոնական՝
Մերի Մնացականյան, Երևանի թիվ 174 հիմն. դպրոց,
3-րդ հորիզոնական՝
Սվետա Կարապետյան, Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդի թիվ 3 միջն. դպրոց։
5-6-րդ դասարաններ.
1-ին հորիզոնական՝
Էլեն Չոբանյան, Երևանի Սմբատ Բյուրատի անվ. թիվ 125 դպրոց,
2-րդ հորիզոնական՝
Արինե Իսրաելյան, Սյունիքի մարզ, ք. Կապանի թիվ 7 հիմն. դպրոց,
3-րդ հորիզոնական՝
Լիլիթ Քոթանջյան, Երևանի Սմբատ Բյուրատի անվ. թիվ 125 դպրոց։
Ոչ մի մասնակից ձեռնունայն չգնաց ԻմԴպրոցից։ Բոլոր մասնակիցները, անկախ իրենց զբաղեցրած տեղից, մեր գործընկեր Spacer-ի կողմից ստացան 10,000 դրամ արժողությամբ հովերբորդ վարելու նվեր քարտեր:
Իսկ երրորդ հորիզոնականն զբաղեցրած մասնակիցները ստացան 15,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր, երկրորդ և առաջին տեղը զբաղեցրածները՝ 20,000 դրամ արժողությամբ, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացան նաև սմարթֆոններ:
Հիմնական մրցանակներից բացի մեր բալիկներին այլ անակնկալներ ևս սպասվում էին: ԻմԴպրոցը նրանց հնարավորություն էր ընձեռել ծանոթանալ միմյանց հետ, քննարկել մրցույթը, իսկ ծանոթությունն ավելի ամբողջական դարձավ HD Games-ի խաղավարների շնորհիվ, ովքեր շա՜տ հետաքրքիր խաղեր էին կազմակերպել երեխաների համար: Փոքրիկ թիմեր կազմած և ամեն ինչի մասին մոռացած, անսպառ ժպիտներով, ճիչերով երեխաները խաղում էին: Ոգևորված էին ոչ միայն երեխաները, այլ նաև նրանց ծնողները, ԻմԴպրոցի աշխատակազմը և մյուս հյուրերը:
Իսկ վերջում կտրեցինք տոնական տորթը և կլոր սեղանի շուրջ հրաժեշտ տվեցինք մեր փոքրիկներին՝ նրանց նորից մեր կայքում ու գրասենյակում տեսնելու ակնկալիքով:
Փոքրիկներ ջան, մենք հիացած ենք բոլորիդ նպատակասլացությամբ, սովորելու նկատմամբ սիրո նման դրսևորմամբ և շնորհակալ ենք ձեզ, ձեր ծնողներին ու հմուտ մանկավարժներին ձեզ այսպիսին մեծացնելու համար։
Նկարները բարձր որակով կարող եք ներբեռնել այստեղ:
Ուշադրություն. խորհուրդ է տրվում այս հղումով մտնելուց առաջ միացված լինել WiFi սարքի, քանի որ նկարների ծավալը մեծ է: