Մայիսը յուրաքանչյուր հայի համար փառահեղ հաղթանակների ու իրադարձությունների ամիս է: Այն եռատոն է մեզ համար. 1945 թվականի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։
Ուղիղ 27 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:
Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Մեր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները ձեռք բերվեցին հայ զինվորի, կամավորի ու հրամանատարի սխրանքների, անօրինակ խիզախության ու արիության շնորհիվ: Նվիրական այս օրը համակվենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության զգացումներով:
Առաջնագծում կանգնած մեր մարտիկներին և ողջ հայ ժողովրդին ցանկանանք անկոտրում կամք, խաղաղ երկինք և լուսավոր ապագա:
«ԻմԴպրոց» կայքն իր գործուն մասնակցությունն է բերում ուսումնասեր և հայրենիքին նվիրյալ սերունդ կրթելու գործում՝ հանուն մեր երկրի բարգավաճման: